Վերջին տասնամյակում ռուս-ուկրաինական երբեմնի բարեկամական հարաբերությունները վերածվեցին թշնամանքի։ Ռուսաստանը հակամարտությունը հասցրեց լայնամասշտաբ պատերազմի, որը ոչնչացրեց գոյություն ունեցող անվտանգության համակարգը Եվրոպայում։ Աշխարհաքաղաքական փոփոխվող և խիստ վտանգավոր այս զարգացումները ուղիղ հետևանքներ ունեն նաև մեր տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Media.am-ը ամփոփել է այն կարևորը, որ պետք է իմանալ այս պատերազմի մասին՝ երեք պատկեր-ժամանակապատումում (timeline)։
1990-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանն ու Ուկրաինան կառուցում էին բարեկամական հարաբերություններ։ Այդպես, 1991 թ․ դեկտեմբերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները միասին հիմնեցին ԱՊՀ-ն, որի անդամ հետագայում դարձավ նաև Հայաստանը։ 1994 թ․ Ուկրաինան հրաժարվեց ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած ատոմային զենքի զգալի պաշարներից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Երաշխիքներ տրամադրողներից մեկը հենց Ռուսաստանն էր։
Սակայն արդեն այդ ժամանակ երկու երկրների քաղաքականության մեջ զգալի տարբերություններ կային։ Ուկրաինան, ինչպես և շատ այլ հետխորհրդային երկրներին, փորձում էր վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ բալանսավորելով ռուսական և արևմտյան ազդեցությունը։ Չնայած Ռուսաստանի հետ խորը տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի՝ Ուկրաինան չմիացավ Ռուսաստանի և Բելառուսի նախաձեռնած Միութենական պետության գաղափարին։ Միաժամանակ, երկրում աստիճանաբար մեծանում էր Արևմուտքի հետ ինտեգրման գաղափարի հանրային աջակցությունը։ 2004 թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ Նարնջագույն հեղափոխությունը, որը թույլ չտվեց ռուսամետ թեկնածու Վիկտոր Յանուկովիչին դառնալ երկրի նախագահ։ Յանուկովիչը, սակայն, ի վերջո ընտրվեց նախագահ՝ հեղափոխությունից վեց տարի անց։
2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առաջարկեց Ուկրաինային և Վրաստանին ընդգրկել դաշինքի կազմում։ Ռուսաստանը սրան կտրուկ դեմ էր․ Ուկրաինան առանցքային նշանակություն ուներ Կրեմլի համար, իսկ դրա և անդամակցությունը ՆԱՏՕ-յում Մոսկվան դիտարկում էր որպես իր անվտանգության սպառնալիք։ Ի վերջո Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվեցին ընդունել ԱՄՆ առաջարկը։ Ուկրաինային և Վրաստանին խոստացան անդամակցություն, սակայն առանց հստակ ժամկետների։ Տարիներ անց Ռուսաստանը իր ագրեսիան կբացատրի հենց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելու ցանկությամբ։
2013 թվականին Յանուկովիչի կառավարությունը նախապատրաստվում էր ստորագրել Եվրոպական Միության հետ ասոցիացիայի համաձայնագիրը։ Այդ նույն ժամանակ նման համաձայնագիր պատրաստվում էր ստորագրել նաև Հայաստանը։ Եվ ճիշտ ինչպես Հայաստանի կառավարությունը անսպասելիորեն հայտարարեց, որ չի ստորագրելու այս փաստաթուղթը, այնպես էլ Ուկրաինայի իշանությունները կանգնեցրեցին գործընթացը՝ կառավարության կայքում համաձայնագրի հրապարակումից կարճ ժամանակ անց։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի դեպքում պատճառը նույնն էր․ Կրեմլի ճնշումը։ Հայաստանում անակընկալ որոշումը այդ ժամանակ խորքային փոփոխություններ չբերեց․ Սերժ Սարգսյանի կառավարությունը շարունակեց բազմավեկտոր քաղաքականությունը և 2017-ին ի վերջո ստորագրեց ԵՄ հետ համաձայնագիրը։ Ուկրաինայում սակայն համաձայնագրի չեղարկման և Մոսկվայի հետ ակընկալվող մերձեցման մասին լուրերը միանգամից դարձան լայնամասշտամ բողոքի ակցիաների՝ Եվրամայդանի սկիզբ։
2013-ի նոյեմբերից 2014-ի փետրվար տևած ցույցերի արդյունքում Յանուկովիչը պաշտոնանկ արվեց, իսկ Մոսկվայի և Կիևի հարաբերություններում շրջադարձ եղավ։
Ժամանակապատում 1. Եվրամայդան
2012 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնը երրորդ անգամ զբաղեցրած Վլադիմիր Պուտինը աստիճանաբար սահմանափակում էր քաղաքացիական ազատությունը երկրի ներսում մի կողմից, և սրում հարաբերությունները արևմտյան հարևանների հետ մյուս կողմից։ Ուկրաինայում տեղի ունեցածը կտրուկ ուժեղացրեց այս լարումը, քանի որ սա մարտահրավեր էր Կրեմլի համար և նշանակում էր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կտրուկ թուլացում։
Մոսկվայի պատասխանը երկար չտևեց։ Քանի որ Կիևում տեղի ունեցած իշխանափոխությունը միանշանակ չէր ընդունվել երկրի արևելյան շրջանների բնակչության կողմից, Ռուսաստանը ընդամենը մի քանի շաբաթում կարողացավ մոբիլիզացնել Ղրիմի ռուսախոս բնակչությունը, և օգտվելով Կիևում իշխանության թուլությունից, միացնել թերակղզին Ռուսաստանին։ Մարտի 16-ին Ղրիմում անցավ Ռուսաստանի կողմից կազմակերպված հանրաքվե, և բնակիչները քվեարկեցին ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին։ Այս հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչում։
Շուտով Մոսկվան հայտարարեց Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ ընդունման մասին։ Այս իրադարձությունները ուղեկցվում էին լայնամասշտաբ քարոզչական արշավով Ռուսաստանի ներսում․ Պուտինը Ղրիմի անեքսիան օգտագործում էր երկրում հակաարևմտյան տրամադրությունները խթանելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար։
Ղրիմի միացման հետ մեկտեղ Ռուսաստանը սկսեց աջակցել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների (միասին հաճախ անվանվում են Դոնբաս)՝ Ուկրաինայից անջատվել ցանկացող խմբավորումներին։ Այսպես սկիզբ դրվեց երկու երկրների զինված հակամարտությանը։
Ժամանակապատում 2. Պատերազմ Դոնբասում
Մինչ ռուս-ուկրաինական սահմանին պարբերաբար կրակոցներ էին լսվում, Ռուսաստանի ներսում ամրապնդվում էր Վլադիմիր Պուտինին իշխանությունը։ Կրեմլը սկսեց հետապնդել քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին։ Հետապնդման էին ենթարկվում նաև Պուտինի քաղաքական հակառակորդները․ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն հատուկ ծառայությունները նույնիսկ փորձեցին սպանել։
Միաժամանակ նախագահ Պուտինը հրաժարվում էր դիտարկել Ուկրաինան որպես առանձին անկախ երկիր՝ առաջ տանելով պատումն այն մասին, թե Ուկրաինան պատմականորեն Ռուսաստանի մաս է։ Այս տեսակետը Ռուսաստանում բավականին տարածված էր․ ուկրաինացիներին ընդունված էր անվանել «եղբայրական ժողովուրդ» և դիտարկել նրանց ոչ թե որպես առանձին ազգ կամ պետություն, այլ որպես Ռուսաստանի և ռուսական մշակույթի անբաժանելի մաս։
2021 թվականին դանդաղ և դժվար ընթացող խաղաղության գործընթացը խաթարվեց․ աշնանը Ռուսաստանը սկսեց զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանին։ Միաժամանակ Պուտինի կառավարությունը Արևմտյան երկրներից պահանջեց երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի Արևելք, և Ուկրաինան դրա մաս չի դառնա։ ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվեցին։
Չնայած աճող լարվածությանը, շատ վերլուծաբաններ և փորձագետներ կասկածում էին, որ Պուտինը իրական հարձակում կսկսի՝ կատարվողը համարելով բանակցություններում ուժ ցույց տալուն միտված խաղ։ Սակայն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնական աղբյուրները վստահություն էին հայտնում, որ հարձակումը լինելու է, և սկսելու է փետրվարի երկրորդ կեսին։ Ի զարմանս շատերի 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և սկսեց մինչ օրս տևող պատերազմը։
Ժամանակապատում 3. 2022 թ․ ռուս-ուկրաինական պատերազմ
Կարինե Ղազարյան
Ժամանակապատումը ստեղծելու համար օգտագործվել են հետևյալ աղբյուրները․
- DW.com, Украина приостановила процесс ассоциации с ЕС
- Forbes.ru, «Беркут» против евромайдана: фоторепортаж из Киева
- LB.ua, На Майдане выступили “Океан Эльзы” в оригинальном составе
- BBC.com, Путин обещает Украине скидку на газ и 15 млрд долларов
- BBC.com, Украинская Рада “вручную” приняла ряд спорных законов
- Ozodi.org, Верховная Рада отменила “диктаторские” законы
- BBC.com, Противостояние с “Беркутом” в Киеве: трое погибших
- Ukraine-memorial.org, Нигоян Сергей Гагикович
- 44.ua, Массовые убийства на Майдане 18-20 февраля 2014 года: как все было
- Pravda.com.ua, Люди поставили ультиматум: отставка Януковича до утра
- DW.com, Верховная рада отстранила Януковича от власти
- BBC.com, Янукович назвал события на Украине госпереворотом
- Kremlin.ru, Договор между Российской Федерацией и Республикой Крым о принятии в Российскую Федерацию Республики Крым и образовании в составе Российской Федерации новых субъектов
- RBC.ru, Беспорядки на востоке Украины: митингующие захватили оружие СБУ
- Svoboda.org, “Утка” дня. Донецкая народная республика
- DW.com, Сепаратисты в Харькове объявили о создании “народной республики”
- Kommersant.ru, Александр Турчинов подписал указ о начале спецоперации на востоке Украины
- Bellingcat.com, MH17 – The Open Source Evidence
- 1tv.ru, Ополченцы окончательно взяли под контроль Иловайск и его окрестности
- OSCE.org, Протокол по итогам консультаций Трехсторонней контактной группы относительно совместных шагов, направленных на имплементацию Мирного плана Президента Украина П. Порошенко и инициатив Президента России В. Путина
- OSCE.org, Комплекс мер по выполнению минских соглашений
- Whitehouse.gov, Fact Sheet: United States Imposes First Tranche of Swift and Severe Costs on Russia
- BBC.com, Удары России по Киеву и стрельба в городе. Что известно о ситуации на Украине к утру 25 февраля
- NPR.org, Russian troops leaving Kyiv area as Moscow focuses more on eastern Ukraine
- Media.am, Բուչան «բեմադրված էր», Վիննիցան անտեսվեց․ ի՞նչպես է հայկական Տելեգրամը լուսաբանում ռուս-ուկրաինական պատերազմը
- Reuters.com, After delay, U.S. Senate overwhelmingly approves $40 billion in Ukraine aid
- Apnews.com, Biden says US sending medium-range rocket systems to Ukraine
- Meduza.io, HIMARS — западные ракетные системы, с помощью которых Украина лишает Россию ключевого преимущества последних месяцев. Может ли российская армия что-то им противопоставить?
- Azatutyun.am, «Պատմական պահ». Ուկրաինան և Մոլդովան՝ ԵՄ անդամ երկրների թեկնածուներ
- Kyivpost.com, Ukrainian Counteroffensive Underway in Kherson Region
- Kremlin.ru, Указ «Об объявлении частичной мобилизации в Российской Федерации»
- BBC.com,“Гуманитарная катастрофа”. Как бегущие от мобилизации провели неделю в пробках на границах России
- BBC.com, Россия сдала Херсон. Как войска покидают оккупированные территории?
- Vox.com, Can Ukraine’s infrastructure survive the winter?
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: