2022.09.29,

Ստուգված է

Ոչ թե վրացական, այլ ռուսական կապերով էջն է հակաամերիկյան գովազդ տարածում

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը վերջին օրերին նկատել են վրացալեզու գրառում ունեցող ‘Bright future’ էջը, որում Հայկական լսարանի թիրավավորմամբ հակաամերիկյան գովազդ է տարածվում։ 

Media.am-ի` բաց աղբյուրներով հետաքննությունը ցույց է տալիս, որ էջը կապ ունի ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի հետ։

Հակաամերիկյան գովազդ՝ թվացյալ վրացական էջով

Ֆեյսբուքյան օգտատեր Բայանդուր Պողոսյանը սեպտեմբերի 29-ին հրապարակել է սքրինշոթ, որում երևում է հակաամերիկյան հայալեզու ծաղրանկար։ Օգտատերը կից գրառմամբ նկատել է՝ «Հետաքրքիր ա, չէ՞, որ անգլերեն անունով, սեփական էջում ընդամենը մեկ վրացերեն գրառմամբ էջը Հայաստանում հակաամերիկյան պրոպագանդայով ա զբաղվում»։ 

Գովազդը տարածող ‘Bright future’ անունով էջում, իսկապես առկա է միայն մեկ գրառում (սեպտեմբերի 29, 12:00-ի դրությամբ)։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի լուսանկարին կից հրապարակված է լատինատառ չափածո տեքստ, որը ինչպես պարզվեց ցանցային պարզ որոնումից, Թբիլիսիին նվիրված վրացերեն երգի բառերն են։

‘Bright future’ էջի «Թափանցիկություն» բաժնից մեզ հաջողվեց պարզել, որ այն ստեղծվել է 2021 թվականի փետրվարի 19-ին ‘rsgov’ անունով, իսկ այս տարվա սեպտեմբերի 21-ին անվանափոխվել է ‘Bright future’։ Այն վարողների տեղակայման մասին տեղեկությունը հասանելի չէ։

Մեր հաջորդ քայլը եղավ էջի «Գովազդների գրադարան»-ը ստուգելը։ Պարզվեց, որ էջը սեպտեմբերի 28-ին ակտիվացրել է միանգամից երեք գովազդ։ Դրանք ծաղրանկարներ են, որոնցում պատկերվում է ԱՄՆ-ի՝ Հայաստանում ակտիվ ներգրավվածության կործանարար հետևանքների մասին կանխատեսումներ։

Էջը կապեր ունի ոչ թե Վրաստանի, այլ՝ Ռուսաստանի հետ

Չնայած էջը վարողները ջանքեր են գործադրել դրանում վրացական կապեր ցույց տալու համար, բայց նրանք նաև թողել են հետքեր, որոնք ցույց են տալիս էջի կապը ռուսական իշխանության պաշտոնական էջի հետ։

Այս հետքը մեզ հաջողվեց գտնել էջի «Համայնք» բաժնում։ Այստեղ առկա է երեք հրապարակում, որոնցում ‘Bright future’ էջը նշված է իր նախկին՝ ‘rsgov ‘ անունով։ Բոլոր երեք հրապարակումների հեղինակը Դոնի Ռոստով քաղաքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության պաշտոնական էջն է։ 

Այս հրապարակումներն արված են 2021-ի ապրիլին և նվիրված են առաջին տիեզերացնած Յուրի Գագարինի հիշատակին։ Դրանցում բացի ‘rsgov’ էջից նշված են նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական և Welcomevolgograd էջերը։

Ստացվում է, որ ‘Bright future’ ֆեյսբուքյան էջում տարածվում է հակաամերիկյան գովազդ՝ հայկական լսարանի թիրախավորմամբ։ Ու թեև այս էջը վարողները ջանքեր են գործադրել այն վրացական պատկերելու համար, սակայն media.am-ի՝ բաց աղբյուրներով հետաքննությունը ցույց է տալիս, որ դրանում առկա են կապեր Ռուսաստանի հետ։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *