2022.08.14,

Ստուգված է

ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի նախազգուշացումները՝ մանիպուլյացիայի առիթ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Այս պահի դրությամբ հայտնի է արդեն 3 զոհի, 61 վիրավորի և 25 անհետ կորածի մասին: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ 

Պայթյունի այս դեպքի ֆոնին՝ մամուլում և սոցցանցերի հայկական տիրույթում տարածվեցին տարատեսակ՝ իրականությանը չհամապատասխանող լուրեր։ Այսպես, 168.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով «այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում»։ Կայքը նաև գրել էր, թե «դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին»: 

ԱՄՆ դեսպանատան՝ ահաբեկչության մասին զգուշացման մասին գրել էր նաև Ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի, ԱՄՆ դեսպանատունը օրեր առաջ իր քաղաքացիներին տեղեկացրել էր հնարավոր ահաբեկչությունների մասին և հարց ուղղել դեսպանատանը՝ որտեղի՞ց իրենց տեղեկություն, թե Հայաստանում պայթյուններ են լինելու։ 

«ԱՄՆ դեսպանատունը օրեր առաջ իր քաղաքացիներին տեղեկացրել էր, որ մարդաշատ վայրերում չլինեն, տեղեկացրել էր հնարավոր ահաբեկչությունների մասին։ Եթե հիշում եք 44 օրյա պատերազմից առաջ էլ էր ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել պատերազմի մասին․․․․ ԱՄՆ դեսպանատունը պետք է պատասխանի, թե իրեն որտեղից այդ տեղեկությունները, որ մեր երկրում պայթյուններ են լինելու, որ մեր երկրում տերորիստներ կան, ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է եղել և պատերազմից և ահաբեկչություններից, որի մեկնարկը տրվեց այսօրվա պայթյունով։  Սա  նոր հարված է մեր ազգին և ամեն ինչի պատասխան նիկոլն է, թուրքի հետ ախպերացող նիկոլը»,- գրել էր նա՝ կցելով Politik.am-ում օգոստոսի 3-ին հրապարակված նյութի նկարը։

Այս տեղեկությունն արտատպել էին yerevan.today-ը, 5-րդ ալիք-ը, politik.am-ը և այլ լրատվակայքեր։

ԱՄՆ դեսպանատունը հիմնվել էր ՀՀ ԱԻՆ-ի հայտարարության վրա

Օգոստոսի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում (ԱԺ շենք), ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույն օրը, հղում անելով ՀՀ ԱԻՆ-ն, նախազգուշացրել էր Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ճիշտ այն վայրեր այցելելուց, որոնց մասին նշել էր ԱԻՆ-ը։ Դեսպանատունը նաև խորհուրդ էր տվել չայցելել բազմամարդ վայրեր և տեղեկացրել, որ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստացված պայթուցիկների մասին ահազանգերը կեղծ են։

Այսպիսով, ԱՄՆ դեսպանատան տեղեկությունը հիմնված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարության վրա։ Ավելին, ԱԻՆ-ի այսօրվա հայտարարությունը, թե մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված, ևս հայտնվել է դեսպանատան կայքում։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ծանուցման մասին լուրը հերքվեց

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ իր աշխատակիցներին ուղարկած նամակին, որով նրանք իբրև զգուշացվում էին «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելել խուսափելու մասին, ապա այդ լուրը հերքեց հենց այն տարածող կայքը՝ 168.am-ը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը 168.am-ին հայտնել էր, որ «ՄԱԿ-ի անվտանգության բաժինը, ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, աշխատակիցներին հորդորել է ուշադիր ու զգույշ լինել ժամը 14:16 րոպեին, պայթյունից շուրջ մեկ ժամ անց»։ 

Ընդ որում, Արմինե Պետրսյանը հայտնել էր, որ արդեն տեղի ունեցած պայթյունի մասին ծանուցումը եղել է ոչ թե էլեկտրոնային փոստով, ինչպես գրել էր 168.am-ը, այլ հաղորդագրությամբ՝ «որովհետև արտակարգ իրավիճակ է, և պետք էր արագ ճշտել` արդյո՞ք որևէ աշխատակից չի գտնվում դեպքի վայրում»։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *