2022.07.21,

Ստուգված է

Հավերժ «կարգավորվող» հայ-թուրքական հարաբերությունները

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

2022 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ ակտիվ փուլ։ Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին երկու երկրների հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, որից հետո վերականգնվեց երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Եվս երեք հանդիպում նրանց միջև կայացավ փետրվարին, մայիսին և հունիսին՝ Վիեննայում։ Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: Բանագնացների չորրորդ հանդիպումը հատկանշական էր ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններով.

  • Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար,
  • մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն առաջին անգամ զրուցեցին հեռախոսով։ Մեկնարկած բանակցային գործընթացը քաղաքագետների կողմից անվանվեց քայլ առաջ։ Բանակցություններից մեծ ակնկալիքներ ուներ նաև Թուրքիայի հայ համայնքը։ Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձը, սակայն, ցույց է տալիս, որ անգամ շատ առարկայական պայմանավորվածություններից հետո բանակցությունները ի վերջո մտել են փակուղի։

Media.am-ը որոշեց ուսումնասիրել՝ անկախությունից ի վեր Հայաստան-Թուրքիա բանակցությունները ինչ փուլերով են անցել, երբ, որտեղ և քանի անգամ են հանդիպել հայ և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները և ինչ հանգուցալուծում են ունեցել բանակցությունները։

Լևոն Տեր-Պետրոսյան

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան ճանաչեց Հայաստանը՝ որպես անկախ պետություն, և երկու երկրների միջև համագործակցության քայլեր ձեռնարկվեցին։ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը անգամ ասել էր, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երևանում։

1992-ի հունիսի 2-ին թուրքական «Ջումհյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ցանկանում է Թուրքիային տեսնել որպես բարեկամ և գործընկեր պետություն. «Վերջիվերջո, մենք հարևաններ ենք, և մեր համագործակցությունը տնտեսական և քաղաքական տեսանկյունից արդյունավետ կլինի մեր երկու երկրների համար»:

1992թ. հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ բնապահպանական համաժողովի շրջանակում, կայացավ Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հանդիպումը: Շուրջ 2 շաբաթ հետո նրանք նորից հանդիպեցին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եզրափակիչ հռչակագրի ստորագրմանը։ Նույն տարվա օգոստոսի 23-ին Երևան ժամանեց թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, և բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանի ղեկավարների հետ: Հոկտեմբերի 7-ին պետնախարար Գագիկ Շահբազյանը մեկնեց Անկարա` քննարկելու Թուրքիայից հացահատիկը Հայաստան հասցնելու ուղիները, օրեր անց Անկարայում պայմանագիր ստորագրվեց Հայաստանի պարենի և Թուրքիայի առևտրի նախարարությունների միջև։

1993-ի ապրիլին Անկարայում Տեր-Պետրոսյանը և նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը մասնակցեցին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը։ Այդ այցի ժամանակ հայկական պատվիրակությանը ընդունեց վարչապետ Դեմիրելը:

1995 թվականի հոկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական հավաքի ընթացքում հանդիպեց Թուրքիայի նախագահ դարձած Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր: 

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպիով, հանդիպումներ է ունեցել վարչապետ, ապա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, այցելել Թուրքիա: ՀՀ տարբեր  բարձրաստիճան պաշտոնյաներ այդ ընթացքում ևս հանդիպումներ ունեցել են թուրք գործընկերների հետ։

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի՝ 1998թ․-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Թուրքիայի պետնախարար Մեհմետ Ալի Իրտեմչելիկի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան ու մասնակցել խորհրդարանում գնդակահարված գործիչների հուղարկավորության արարողությանը: Մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և հանդիպեց Թուրքիայի նախագահ Դեմիրելին: Հանդիպումների մասին մանրամասները հնարվոր է կարդալ ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Անտեսված դասեր» հոդվածում։ Վերջինս ևս բազմաթիվ հանդիպումներ է ունեցել թուրք գործընկերների, այդ թվում՝ հետագայում նախագահ դարձած Աբդուլլահ Գյուլի հետ:

Դրանից հետո կապը ՀՀ և Թուրքիայի նախագահների միջև շարունակվել է նամակագրությամբ։ 2005-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու 1915 թվականի իրադարձությունները»: Քոչարյանի պատասխան նամակը հրապարակվել էր տարիներ անց՝ Wikileaks-ում։ ՀՀ երկրորդ նախագահը առաջարկել էր ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջև։

Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջին նախագահն էր, որը շնորհավորական ուղերձ ստացավ Թուրքիայի նախագահից ընտրվելու կապակցությամբ։ 2013-ին Աբդուլահ Գյուլը շնորհավորել էր նրան նաև վերընտրվելու կապակցությամբ։ Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

2008-ի ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնական նամակով հայկական կողմին տեղեկացրեց, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Ապրիլի 27-ին Հայաստանի ու Թուրքիայի վարչապետները նամակներով փոխանակվեցին։ Այն ժամանակ դեռ վարչապետ Էրդողանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանի` նախագահական պաշտոնում ընտրվելով հայ-թուրքական հարաբերությունները «կմտնեն նոր փուլ»: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանը գրեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսություն, եթե Անկարան որևէ նախապայման առաջ չբերի:

2008-ի հուլիսի 18-ին Ալի Բաբաջանը հաստատում է, որ Հայաստանն ու Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են ունեցել Բեռնում՝ մայիս և հուլիս ամիսներին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքում է՝ «Որևէ գաղտնիք կամ զարմանալու առիթ չկար: Հայ և թուրք դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել»:

2008-ին Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան՝ դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: 2008 թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը ժամանեց Երևան, այցը տևեց 6-7 ժամ:

2009թ. հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացավ 20 րոպե տևողությամբ հանդիպում:

2009-ի ապրիլի 23-ին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հետ համատեղ հայտարարություն է տարածվում հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին: Նույն թվականի օգոստոսի 31-ին ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակում են նախաստորագրված երկու արձանագրություններ, որոնք վերջնական ստորագրվում են հոկտեմբերի 10-ին։ 

Հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատախան հանդիպումն էր։ Գյուլից Սարգսյանը գրավոր հրավեր ուներ՝ միասին դիտելու խաղը։ Ու թեև Սարգսյանը հայտարարել էր, թե կմեկնի Թուրքիա, «եթե սահմանը բաց լինի կամ եթե մենք գտնվենք դրա նախաշեմին», աշխատանքային այցով մեկնում է Բուրսա, երբ սահմանը փակ էր։

2009թ. մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև:

2010-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հեռուստաուղերձով հայտնեց, որ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար և պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել։ 2015 թվականին Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները Ազգային ժողովից, 2018-ի մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Այսպիսով, Հայաստան-Թուրքիա բանակցությունների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հանդիպումներ են կայացել, առարկայական թվացող պայմանավորվածություններ ձեռ բերվել, սակայն դրանք դեռևս կարգավորված հարաբերությունների երաշխիք չեն։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *