2022.07.16,

Ստուգված է

Արմեն Գրիգորյանը չէր կալանավորվել ռուսամետ հայտարարությունների համար

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նախնական դատալսումների ժամանակ մահացավ «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա կալանքի տակ էր և մեղադրվում էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար։ Դատարանում Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր նիստի ընթացքում։ Ժամանած «Շտապօգնության» բրիգադին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր շուրջ 2 ամիս՝ 2022-ի մայիսի 18-ից։

Թե ի՞նչն է եղել Գրիգորյանի մահվան պատճառը, դեռ հայտնի չէ։ Նրա մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պարզաբաանումներ է պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից։ 

Չնայած մահվան չպարզված հանգամանքներին՝ քննարկումները հարցի վերաբերյալ շարունակվում են, առաջ են քաշվում զանազան վարկածներ։ Ըստ Հայաստան դաշինքի՝ Գրիգորյանի մահվան պատասխանատուն «այն պատվիրողներն են և իրականացնող իշխանական նեղ շրջանակը»։

Արմեն Գրիգորյանի մահվանն իր ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում անդրադարձել է նաև ռուսական «Sputnik» լրատվական գործակալության և «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ Գրիգորյանը դատարանում էր հայտնվել ճշմարտության և ռուսամետ դիրքորոշման համար։

«Կյաժը Հայաստանում ինձ հայտնի ամենառուսամետ կարծիքի առաջնորդն էր։ Եվ նա մեր ընկերն էր: Եղել է մեր տանը: Ուրախացել, որ մեր երեխաները հայերեն են խոսում։ Այսօր նա մահացել է դատարանի դահլիճում, որտեղ հայտնվել էր ճշմարտության և իր ռուսամետ դիրքորոշման համար։ Մեր ընկերոջը ձերբակալել էին «Հայաստանի ժողովրդին վիրավորելու» մեղադրանքով։ Իրականում քիչ բան կա հայ ժողովրդի համար ավելի վիրավորական, քան այս ձերբակալությունն ու մահը»,- գրել էր Սիմոնյանը։

 
Ֆեյսբուքում գրառման մեջ Սիմոնյանը տեղադրել էր Արմեն Գրիգորյանի՝ 44 օրյա պատերազմից մի քանի օր հետո, 2020թ․ նոյեմբերի 14-ին Երևանում ընդդիմության հանրահավաքում ունեցած ելույթը։ Գրիգորյանը խոսել էր ռուսերեն, ելույթը վերնագրված է “Армения была, есть и будет союзником России” (Հայաստանը եղել է, կա ու կլինի Ռուսաստանի դաշնակիցը)։ 

«Մենք միշտ կլինենք Ռուսաստանի կողքին։ Մեր զինվորները միշտ կլինեն ռուսական զինվորների կողքին։ Բոլոր պատերազմներում և առաջին հերթին ապագա պատերազմներում»,- ասել էր իր խոսքում Արմեն Գրիգորյանը։

Տելեգրամյան էջում Մարգարիտա Սիմոնյանն ավելացրել էր, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր, քանի որ «ուզում էր տեսնել Ռուսաստանի և Հայաստանի միությունը, քանի որ գնահատում էր Ռուսաստանի բարեկամությունը և գիտեր, թե ինչքան բան է արել Ռուսաստանը Հայաստանի և հայերի համար»։ Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ պրոդյուսերը բանտում էր՝ իբրև հակապետական հայտարարությունների համար։

Տելեգրամում իր գրառման մեջ Մարգարիտա Սիմոնյանը նաև ընդգրկել էր  2020թ․ նոյեմբերի 28-ի Արմեն Գրիգորյանի ելույթը, որտեղ նա որպես ՌԴ քաղաքացի դիմում էր Հայաստանում ՌԴ դեսպանատանն ու ՌԴ կառավարությանը՝ Ադրբեջանում գտնվող Հայաստանի ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու խնդրանքով։ 

Սիմոնյանի գրառումը արտատպել էին «Sputnik», Livenews.am, hayeli.am, iravunk.com, news.am, blognews.am, 7or.am, և այլ լրատվականներ։

Ինչու էր Գրիգորյանը անազատության մեջ

Արմեն Գրիգորյանը կալանավորվել է այս տարվա մայիսի 17-ին՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով։ Այս մասին հայտնել էր Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Գրիգորյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար։ Ըստ հաղորդագրության՝ նա հրապարակայնորեն նվաստացրել էր Շիրակի և Արարատյան դաշտի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը։ Խոսքը, մասնավորապես, «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի մասին է։

Մարգարիտա Սիմոնյանի պնդումները, թե Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ռուսամետ հայացքների համար, անհիմն են, քանի որ պրոդյուսերի դեմ քրեական գործ է հարուցվել «Հայելի» ակումբում կատարած հայտարարություններից հետո և դրա առիթով։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *