Մեղրիում հասարակական կազմակերպության կողմից ԵՄ դեսպանին նվիրած պայուսակը սոցցանցերում ու մեդիայում դարձավ շահարկումների առարկա․ ԵՄ դրոշի և Հայաստանի քարտեզի պատկերի մեջ մի քանի օգտատերեր և նրանց գրառումները վերատպող մամուլը ադրբեջանանպաստ ուղերձ տեսան։
Հունիսի 15-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Ֆեյսբուքում գրառում կատարեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի Մեղրի կատարած այցի մասին։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպել էր Մեղրու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Գրառումը ուղեկցվում էր Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ հիմնադիր Նվարդ Խաչատրյանի և դեսպան Վիկտորինի լուսանկարով, որում դեսպանի ձեռքին էր Հայաստանի քարտեզի և ԵՄ դրոշի պատկերով պայուսակ։
Լուսանկարը շահարկման առիթ դարձավ տարբեր սոցցանցերում (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3)։ Թվիթերում 32,000 հետևորդ ունեցող @301arm էջը գրեց, թե դեսպանը Մեղրիում ցուցադրել է պայուսակ, որտեղ Հայաստանն առանց Արցախի է, իսկ ԵՄ դրոշի տեսքով ներկայացված Ադրբեջանը Նախիջևանին է կապվում Մեղրիով։
Էջի պնդմանը պատասխանեց ինքը դեսպան Վիկտորինը․ «Շատ տխուր է, որ վիրավորում եք այս ջերմասիրտ, համարձակ, ակտիվ մեղրեցի կնոջը [Նվարդ Խաչատրյանին], ով շատ բան է անում տեղի ժողովրդի համար և պայուսակն ինձ նվեր է տվել։ Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»:
Media.am-ի հետ զրույցում Նվարդ Խաչատրյանը հաստատեց Վիկտորինի խոսքերը․ «Մենք սովորություն ունենք մեր հյուրերին սիմվոլիկ նվերներ նվիրել։ Այս դեպքում մի օրինակով է նվերը պատրաստված եղել՝ Հայաստան-ԵՄ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։ Դիզայներն ուղղակի ԵՄ դրոշն ու Հայաստանի քարտեզն է համադրել»։
ՀԿ կողմից Media.am-ին տրամադրած լուսանկարում իսկապես երևում է, որ դիզայները փորձել է Հայասատանի քարտեզն ու ԵՄ դրոշը համադրել սրտի տեսքով։
Դեսպան Վիկտորինը Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն է այցելել նաև 2021-ին։ Իսկ հունիսի 17-ին Մեղրու այս կենտրոն այցելեց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ում նվիրեցին կենտրոնի շահառուների կողմից պատրաստված մեկ այլ պայուսակ՝ Շառլ Ազնավուրի պատկերով։
Ինչ վերաբերում է առանց Արցախի պատկերված Հայաստանի քարտեզին, ապա ոչ միայն ԵՄ-ն, այլև միջազգային այլ պաշտոնական հարթակները, ինչպես նաև պաշտոնական Երևանը Հայաստանի քարտեզը սովորաբար պատկերում են առանց Արցախի։
Մամուլը տարածեց սոցցանցերի ենթադրությունը
ԵՄ դրոշի տեսքով Ադրբեջանի քարտեզի մասին ենթադրությունը սոցցանցերից արագ հայտնվեց լրատվական կայքերում։ Ընդ որում՝ շատ լրատվամիջոցներ ոչ թե տեղեկություն հավաքելու և մշակելու աշխատանքն էին կատարել, այլ ուղղակի վերատպել էին սոցցանցերի տարբեր օգտատերերի գրառումները։
Օրինակ՝ Panorama.am-ը վերատպել էր ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում էր, թե պայուսակի վրա Հարավային Կովկասի քարտեզն է։ Kentron.am և Artsakh.news կայքերը վերատպել էին (հղում 1, հղում 2) օգտատեր Մհեր Ղազարյանի գրառումը, որտեղ վերջինս խորհուրդ էր տալիս «ֆանտազիաները խոդ տալ» և ասել, թե ինչ եք տեսնում ԵՄ դեսպանի պայուսակի վրա։
168․am և Mamul.am կայքերը վերատպել էին (հղում 1, հղում 2) «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը, որտեղ նա պնդում էր, թե ԵՄ դրոշի պատկերը «երևութական Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»։
ԵՄ պատվիրակության շուրջ շահարկումները նոր չեն
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը առաջին անգամ չէ դառնում տեղեկատվական շահարկումների առարկա։ Օրինակ՝ ապրիլին Армянская вендетта Տելեգրամ-ալիքը գրում էր, թե ԵՄ և ԱՄՆ դեսպաններն են «հենց այն միջազգային հանրության ներկայացուցիչները, որ պահանջում են Արցախը հանձնել Ադրբեջանին» (չնայած որ ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից բացի, նաև այլ խոշոր տերությունները, այդ թվում Ռուսաստանը, Արցախը անկախ կամ Հայաստանի մաս չեն ճանաչում)։ Անդրեա Վիկտորինը մի քանի անգամ հայտարարել է, որ «Եվրամիությունը կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը»։
Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ծայրահեղ աջ խմբեր շահարկում էին «գլոբալիստական» Արևմուտքի մասին պատումները, ըստ որոնց ԵՄ-ն և ԱՄՆ-ն ոչնչացնում են Հայաստանի «ազգային արժեքները»։ Այդպես, 2019-ին «Կամք» խումբը ցույց էր անում ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց և բողոքի նամակ հղում նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկուն՝ պնդելով, թե ԵՄ-ն իրականացնում է «հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված երևույթների […] հովանավորչություն»։
ԵՄ մարդու իրավունքների, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օրակարգը բազմիցս է շահարկվել մամուլում։ Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկուն հիշել էր Yerevan.today կայքը․ լրատվամիջոցը պնդում էր, թե ԵՄ և այլ Արևմտյան տերությունների դեսպանները քննադատում էին Շուռնուխում ԼԳԲՏ անձանց դեմ կատարված բռնությունը, բայց լուռ էին Արցախի խաղաղ բնակչության հանդեպ կատարվողի վերաբերյալ։
Փետրվարին ընդդիմությունը դեսպան Անդրեա Վիկտորինին և ԵՄ այլ դիվանագետների մեղադրում էր Հայաստանում եղած իրավիճակը ԵՄ մայրաքաղաքներից թաքցնելու մեջ։ Իսկ մայիսին ընդդիմադիր օգտատերերն ու մամուլը ԵՄ դեսպանին մեղադրում էին ընդդիմության ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառումը չդատապարտելու մեջ։ «Տիկին Անդրեա Վիկտորին, ոչինչ չունե՞ք ասելու, թե Ձեր հոգին փառավորվում է, երբ 77-ամյա կնոջ բազոսկռ են կոտրում», հռետորական հարց էր տալիս ֆեսյբուքյան օգտատեր Քրիստինա Նազարյանը, ում գրառումը նույնությամբ վերատպվեց մամուլում և սունկ կայքերում (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3):
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: