2022.03.31,

Ստուգված է

«Առաջին ալիքը» կիսատ է ներկայացրել Amnesty International-ի զեկույցը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հանրային հեռուստատեսության «Լուրերի»՝ մարտի 30-ի եթերներում (1 2 3 4 5) անդրադարձ եղավ միջազգային Amnesty International հեղինակավոր կազմակերպության «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը» ամենամյա զեկույցին։ Անդրադարձը, սակայն, շատ կարճ էր և միակողմանի։ Հաղորդավարը հիշատակեց զեկույցի միայն այն հատվածը, որտեղ կազմակերպությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին․

«Ադրբեջանի վերաբերյալ բաժնում անդրադարձ կա հայ ռազմագերիներին և նրանց իրավունքների խախտումներին։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Եվրոպայի խորհուրդը դեռ սեպտեմբերին ահազանգել է գերիների պահման անընդունելի պայմանների մասին։ Իսկ ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեն նոյեմբերին Բաքվին կոչ էր արել արդյունավետ քննություն անցկացնել պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի խախտման բոլոր դեպքերով»,- ասում է հաղորդավարը։

«Լուրերը», այսպիսով, ներկայացնում է Amnesty International-ի տարեկան զեկույցի միայն մի հատված, որը սահմանափակ պատկերացում է ստեղծում Հայաստանում և Ադրբեջանում մարդկանց իրավունքներին առնչվող խնդիրների ու կազմակերպության իրական գնահատականի մասին։

Նորությունների թողարկման մեջ չի նշվում, որ ինչպես Ադրբեջանը, այդպես էլ Հայաստանը որևէ առաջընթաց չեն գրանցել 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հացագործություններն ու միջազգային հումանիտար իրավունքի այլ խախտումները հետաքննելու ուղղությամբ։

Զեկույցում պնդում կա նաև, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում ավելի քան 100 մարդ է սպանվել հայկական կողմի տեղադրած ականների պատճառով։ Միաժամանակ, մեջբերում կա Եվրոպայի խորհրդի նախագահի խոսքերից, թե Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, թեև Ադրբեջանը վիճարկում է դրանց ճշգրտությունը։

«2020-ի հայ-ադրբեջանական հակամարտության և դրանից հետո տեղի ունեցած խախտումների համար պատասխանատվություն կամ արդարադատություն չի իրականացվել։ Ավելի քան 100 մարդ զոհվել կամ վիրավորվել է Ադրբեջանին անցած տարածքներում հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով։ Շուրջ 36000 էթնիկ հայեր շարունակում են տեղահանված մնալ»,- ասվում է զեկույցում, որը, սակայն, կրկին եթերում չի հայտնվել:

Ներհայաստանյան իրավիճակը

Կարևոր է, որ միջազգային կազմակերպությունը անդրադարձել է նաև ներհայաստանյան իրավիճակի մի շարք մանրամասների, որոնք Հանրայինի եթերից կրկին դուրս են մնացել։ Այնտեղ, մասնավորապես, պնդում կա, որ քաղաքական լարվածությունը պահպանվել է ողջ տարվա ընթացքում և իշխանությունների ջանքերով խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև 3 ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ դեմ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար», – ասվում է Amnesty International-ի զեկույցում։

Կազմակերպությունը խոսել է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ շարունակվող քրեական հետապնդման մասին՝ այն անվանելով շինծու, ինչպես նաև պնդել, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ ձախողել են արդյունավետ հետաքննություն անցկացնել 2020-ի պատերազմից հետո մի շարք ՀԿ-ների ու լրատվամիջոցների դեմ տեղի ունեցած հարձակումների կապացությամբ։ Այս շարքում առանձնացվել են սպառնալիքներն ու հարձակումները Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի և Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակների դեմ։

Կանանց իրավունքներ

Ըստ Amnesty International-ի՝ Covid-19 համաճարակի ընթացքում կանայք Հայաստանում շարունակաբար տառապել են ընտանեկան բռնության ավելի բարձր մակարդակից, այն դեպքում, երբ ծառայությունների հասանելիությունը և նրանց իրավունքների պաշտպանությանը միտված քայլերը մնացել են անբավարար։

Այսպիսով, Հանրային հեռուստատեսության նորությունների թողարկումը մասնակի կամ ոչ ամբողջական է ներկայացրել հեղինակավոր կազմակերպության զեկույցը։ Եթերից դուրս են մնացել ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատություններն ու Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *