2022.03.29,

Ստուգված է

Ռուսական զորքի տեղորոշումը Փառուխում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 28-ի ուշ երեկոյան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը տեղեկություն տարածեց, թե Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշել է պահուստային ուժեր առաջ քաշել։

«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր առաջ քաշել՝ Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո», – գրել էին հաղորդագրության մեջ և կցել լուսանկարներ։

Տեղեկությունն անմիջապես հայտնվեց պետական և հանրային լրատվամիջոցների էջերին։

Այս կադրերը հրապարակելուց ճիշտ մեկ օր առաջ էր՝ մարտի 27-ին, երբ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը դուրս է բերել ստորաբաժանումները Փառուխից։ Ինչին հետևեց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կոշտ արձագանքն ու հերքումը, թե Փառուխում և հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի դիրքերում որևէ փոփոխություն է եղել։ 

Media.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ լուսանկարներն իսկապես Փառուխում են արվել։ Համոզվում ենք՝ համեմատելով դրանք արբանյակային պատկերների հետ:

Տարածված լուսանկարն ու նույն վայրը՝ ըստ Google Earth-ի։

Այս լուսանկարում երևում է Փառուխի գլխավոր երկու ճանապարհներից մեկը, որտեղ և տեղակայված են ռուս զինվորականների մեքենաները։ Մոտավոր կորդինատները՝ 40.01968185043133, 46.80540126339295։

Google Earth-ի մեկ այլ պատկերից տեսնում ենք իրար հաջորդող 4 շինությունները, առաջինը շագանակագույն, մյուսները՝ սպիտակ կտուրներով, որոնք ևս համընկնում են լուսանկարների շինությունների հետ։

Կողմնորոշվում ենք նաև գյուղի հարավային հատվածում երևացող լեռներով, որոնք նույնությամբ համընկնում է լուսանկարում երևացող տեսարանի հետ։

Լուսանկարներից բացի, լայնորեն տարածվեց (1, 2, 3, 4, 5) մեկ այլ տելեգրամ ալիքում հրապարակված տեսանյութ՝ «Փառուխ գյուղը՝ նկարահանված անօդաչու սարքից» վերտառությամբ։ Ըստ տելեգրամ ալիքի՝ նկարահանումն արել են ռուս խաղաղապահները։ 

 

Այս տեսանյութը ևս հաստատում է, որ ռուսական զինուժը (առնվազն նկարահանման ժամանակ) տեղակայված է եղել Փառուխում։

Էականը Քարագլխի բարձունքն է

Մարտի 28-ի հայտարարությունում Արցախի տեղեկատվական շտաբը ևս հաստատել է, որ «Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում»։ 

Արցախից, միևնույն ժամանակ, շեշտում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Մինչդեռ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զորքերի համար էականը Փառուխ բնակավայրից հյուսիս գտնվող Քարագլուխ բարձունքն է, որը կարևոր մարտավարական նշանակություն ունի՝ հարակից շրջանների հսկողության տեսանկյունից։ 

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ ադրբեջանական ուժերը դուրս են եկել Փառուխից, բայց դեռ խոսք չկա Քարագլխի տարբեր կետեր առաջացած ստորաբաժանումների մասին։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *