Այսօր սոցցանցերում տարածվեց Երևանի Կիևյան կամրջից կախված «Армия России» (Ռուսաստանի բանակ) գրվածքով պաստառի տեսագրություն։ Բազմաթիվ օգտատերեր կարծիք հայտնեցին, որ այն կեղծ է։ Media.am-ը ստուգեց պատկերի իսկությունը։
Պատկերը կասկածելի էր
Փետրվարի 27-ին սոցցանցերում սկսեց տարածվել 3 վարկյան տևողությամբ տեսանյութ, որում Կիևյան կամրջից կախված է «Армия России» գրվածքով ահռելի պաստառ։
Պատկերը միառժամանակ տարածեցին Re:public of Artsakh և Армянская вендетта Տելեգրամ ալիքները։ Ավելի ուշ այն հայտնվեց Yerevan.Today, Blognews և այլ լրատվականներում, ինչպես նաև սունկ կայքերում։ Բացի այդ, լուսանկարը տարածեցին ադրբեջանական էջեր և ռուսական պետական լրատվամիջոցներ։
Հալաբյան փողոցի բնակիչներից մեկը առավոտյան 11:40-ին Media.am-ին ուղարկեց կամրջի լուսանկար, որի վրա պաստառ չէր երևում։ Բացի այդ, բազմաթիվ սոցցանցերի օգտատերերը սկսեցին հրապարակել կամրջի լուսանկարներ և տեսանյութեր, որոնց վրա որևէ պաստառ չկար։
Չնայած պաստառի մեծ չափսերին և, հետևաբար, տարբեր կետերից տեսանելիությանը՝ սոցցանցերում տարածվում էր միայն մեկ կարճ տեսագրությունը։ Շատ օգտատերեր ենթադրեցին որ այն կեղծ է, իսկ Media.am-ի հետ զրույցում լուսանկարչության, տեսարության և դիզայնի ոլորտի միանգամից մի քանի մասնագետներ կարծիք հայտնեցին, որ պատկերը կարող է խմբագրված լինել: Իսկապես, հավանական է, որ պատկերը կարող խմբագրված, բարելավված լինել, սակայն Կիևյան կամրջից պաստառի կախման ակցիան իրական էր։
Պաստառը երևում է անվտանգության տեսախցիկների նկարահանման մեջ
Տեղում անվտանգության տեսախցիկների նկարահանման մեջ պաստառը երևում է։ Ակցիան իրականացվել է առավոտյան շուտ և տևել է 9 րոպե՝ առավոտյան 8:16-ից մինջև 8:25-ը։
Այսպիսով, տարածվող տեսանյութը կեղծված չէ։ Միաժամանակ, բնակիչները չեն տեսել պաստառը, քանի որ այն կախվել և անմիջապես հեռացվել է։
«Պատասխան» կեղծիքը
Կիևյան կամրջի տեսագրությունը միանգամից դարձավ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մաս։ Շուտով հայտնվեց նաև «պատասխան»՝․ Բաքվի շենքերից մեկի վրա գրված «Армия России» պատկերի տեսքով։ Այն տարածվեց Տելեգրամում։
Նկարը, սակայն, կեղծված է։ Դրա օրիգինալ տարբերակը կարելի է գտնել հետադարձ որոնման պարզ գործողությամբ։
Այսպիսով, Բաքվում ռուսական բանակը սատարող պաստառի հայտնվելու մասին տեղեկությունը կեղծ էր։
Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: