2022.01.25,

Ստուգված է

Ինչպիսի տոպրակներ են վաճառում Երևանի խոշոր սուպերմարկետները

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Պոլիէթիլենային տոպրակների քայքայման միջին տևողությունը 100-400 տարի է: Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տվյալներով՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: 2013-2015 թվականներին Հայաստան է ներմուծվել մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, արտադրվել՝ 8,149.1 տոննա։ Դրանց ծավալը կրճատելու նպատակով 2019-ին ՇՄՆ-ն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով պետք է արգելվեր պլաստիկ տոպրակների վաճառքը։

Ո՞ր տոպրակներն է թույլատրվում վաճառել

Նախարարությունը 2019 թվականից պարբերաբար հայտարարում էր, որ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ 

Տոպրակները, սակայն, շարունակում էին վաճառվել՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ, ինչը շատ սպառողների մոտ զարմանք էր առաջացրել։ 

Ինչպես նախարարությունն արդեն պարզաբանել է, արգելվում է ոչ թե պլաստիկ տոպրակների վաճառքն առհասարակ, այլ 50 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակներինը։ 50 միկրոնից բարակ, առանց բռնակի տոպրակները ևս կիրառելի են, սակայն միայն կշռման դեպքում։ 

Սրա նպատակը ապրանքի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանումն է։ Բացառություն են նաև երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, որոնք կարող են օգտագործվել, քանի որ կառավարությունը ցանկանում է խրախուսել հումք վերամշակող ընկերություններին։

Նոր տոպրակներն ավելի քի՞չ են վնասելու

Ոչ։ ՇՄՆ ռազմավարության քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ևս խոստովանում է, որ 50 միկրոնից հաստ պոլիէթիլենային տոպրակները վնաս են շրջակա միջավայրի համար։ Ավելին, դրանց քայքայումն ավելի երկար ու բարդ գործընթաց է, սակայն նախարարությունը կարծում է, որ ավելի հաստ տոպրակն ավելի դիմացկուն տոպրակն է, հետևաբար կարող է բազմակի անգամներ օգտագործել։ Բացի դրանից՝ «նոր տոպրակներն ավելի թանկ են և նախքան դեն նետելը մարդիկ կհասցնեն այն օգտագործել մի քանի անգամ»։ Եթե նկատի ունենանք, որ շատերը տոպրակներն օգտագործում են որպես աղբամաններ, ապա խիստ խնդրահարույց է դրանց մի քանի անգամ օգտագործելու հավանականությունը։

Media.am-ը այցելեց Երևանի 6 խոշոր սուպերմարկետներ

Փորձելով հասկանալ որքանով են պահպանվում սահմանված նորմերը՝ Media.am-ն այցելեց Երևանի 6 խոշոր սուպերմարկետներ՝ «Սաս», «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Ծիրան», «Կրպակ» և «Պարմա»։ Այցելել ենք Կենտրոն վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերը՝ հունվարի 23-ին, 24-ին և 25-ին և յուրաքանչյուր սուպերմարկետից գնել մեկական տոպրակ։ 

Հունվարի 25-ին Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները ստուգայց էին կատարել «Նոր Զովք», որտեղ և նրանց խնդրեցինք հատուկ չափիչ սարքի՝ միկրոմետրի միջոցով ստուգել նաև մեր հավաքագրած պոլիէթիլենային տոպրակները։ Արդյունքները՝ ստորև։

Չնայած «Սաս» և «Պարմա» սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները 50 միկրոնից բարակ էին, այսինքն չէին համապատասխանում սահմանված նորմերին, միևնույն է դրանց գինը բարձրացել էր՝ 10 դրամից դառնալով 50 դրամ։ 

«Նոր Զովք» սուպերմարկետում սպառում էին հին տոպրակները, պատճառաբանելով, որ իրենք սպառում են իրենց ունեցած պաշարը, որից հետո անցում կկատարեն 50 միկրոնից բարձր տորպրակների։ Սակայն օրենքը նման բացառություն չի նախատեսում և առևտրի կետերը ունեին մի քանի տարի ժամանակ՝ բարակ տոպրակները սպառելու համար։ Նշենք, որ օրենքի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ 30 հազար դրամի չափով։ 

Թո՞ւղթ, թե՞ պլաստիկ․ որն է ավելի վնասակար

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է 420 միլիոն հեկտար անտառ՝ հիմնականում Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։ Անտառների ոչնչացման տեմպերը գնալով աճում են։ Թղթի ստացման համար կտրվում է մոլորակի ամեն 5-րդ ծառը։ Սա հանգեցնում է բույսերի և կենդանիների շատ տեսակների վերացմանը։

Զուգահեռաբար աշխարհում աճում է նաև թղթի օգտագործման տեմպը։ 2017 թվականին աշխարհի բնակչությունն ամբողջությամբ սպառել է ավելի քան 423 միլիոն տոննա նյութ։ 

Թեև գրքերի կամ ամսագրերի տպագրման համար թղթի պաշարը նվազել է, սակայն նույնը փաթեթավորման մասին ասել չի կարելի։ Թղթի սպառման տեմպերն ավելանում են՝ կապված նաև պլատիկի կիրառման արգելքի հետ։ Մինչդեռ բազմակի օգտագործման պլաստիկ տոպրակները, ըստ ուսումնասիրությունների, շատ ավելի քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, քան չվերամշակվող թուղթը, իսկ Հայաստանում թղթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները շատ չեն և կենտրոնացած են Երևանում։ 

Ըստ գերմանական Deutsche Umwelthilfe բնապահպանական կազմակերպության՝ չվերամշակվող թղթե տոպրակների պատրաստման համար օգտագործվում են տարբեր քիմիական նյութեր, իսկ տեղափոխման ընթացքում արտանետվում է մեծ քանակությամբ CO2։ Ստացվում է՝ մեկ թղթե տոպրակի արտադրումը շրջակա միջավայրին ավելի մեծ վնաս է հասցնում, քան պլաստմասե տոպրակը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավասարակշռությունը կարող է վարականգնվել, եթե թղթե տոպրակները դառնան բազմակի օգտագործման։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *