News.am-ը հունվարի 16-ին «Դի Կապրիոյի ընտրյալը պատմել է դերասանի հետ վատագույն ժամադրության մասին» վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ դերասանուհի Կամիլա Մորոնեն իբրև պատմել է իր կյանքի վատագույն ժամադրության մասին:
Հայկական լրատվականի համաձայն՝ Մորոնեն պատմել է, թե ինչպես է մի անգամ դերասանը նրան հրավիրել կինո դիտելու և դրա համար վարձել է ամբողջ կինոթատրոնը։ Զույգը դիտել է «Աստղային պատերազմներ» սագայի բոլոր ֆիլմերը, իսկ ինքը՝ դի Կապրիոն, դահլիճով վազել է լուսային սրով և ձևացրել, թե պայքարում է չարագործների դեմ: Հոդվածում նաև ասվում է, որ զույգը բաժանվել է, սակայն դրա հաստատումը չկա:
News.am-ը նյութի աղբյուր է նշել Lenta.ru-ն, առաջին պարբերությունում հիշատակելով նաև Le Cinephiles թվիթերյան էջը։
Սկսենք նրանից, որը Le Cinephiles-ը կինոմանների (սինեֆիլների) համար նախատեսված սատիրայի էջ է, ինչի մասին գրված է իրենց նկարագրության բաժնում։ Դա նշանակում է, որ Մորոնեի և դի Կապրիոյի ժամադրության մասին տեղեկությունն ընդամենը կատակ է, այսինքն՝ հորինվածք։
Le Cinephiles-ի կատակը տարածվել է՝ հատելով 300 հազար հավանումների և շուրջ 100 հազար ռեթվիթների սահմանը։ Ցանցի օգտատերերը նույնպես, առանց էջի բնույթին ծանոթանալու, շտապել էին եզրակացություններ անել ու Կամիլա Մորոնեին անշնորհակալ անվանել, ինչն էջի հեղինակներին ստիպել էր գրել «թույլ տվեք ձեզ ուղղորդել դեպի մեր նկարագրության բաժին» պատասխան թվիթը։
News.am-ի թարգմանած նյութի աղբյուր Lenta.ru-ն Դի Կապրիոյի ժամադրության մասին գրել է հունվարի 15-ին՝ դառնալով ապատեղեկատվություն տարածող մեծ օղակներից մեկը։ Այժմ, Lenta.ru-ի այդ լուրը կարդալիս սկզբում կարելի է տեսնել նշում այն մասին, որ Le Cinephiles-ը Թվիթերում սատիրիկ էջ է, ուստի վատագույն ժամադրության մասին նորությունը կեղծ է։ Պարբերությունն ավարտվում է կայքի խմբագրության ներողությունով՝ առ ընթերցողներ։
Ինչպես ցույց են տալիս Wayback Machine-ի հունվարի 15-ի էկրակադրերը, Lenta.ru-ն ի սկզբանե նյութում այդ նշումը չի ունեցել։
Ռուսական ինտերնետում լայնորեն պտտվող կեղծ լուրի մասին առաջինը գրել է թվիթերում հայտնի «Двач» էջը, այնուհետև անդրադարձել է Provereno.media-ն, որի համաձայն, բացի Lenta-ից, սատիրան լուրջ է ընդունել ռուսական հինգերորդ ալիքի կայքը, РИА «ФАН»-ը և այլն։
Provereno.media-ն չի զլացել նաև գտնելու, թե ինչ հիմքեր ունի բնօրինակ սատիրան։ Պարզվում է՝ խոսքերը Ջոնա Հիլի W Magazine-ին տված հարցազրույցից են։ Հիլն ասում է, որ դի Կապրիոն «Մի նայիր վերև» ֆիլմի նկարահանումների ժամանակ ստիպել է նայել «Մանդալորացին» սերիալն ու «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մի մասը (ավելի կոնկրետ՝ սպին-օֆֆը), չնայած, որ Հիլը գիտաֆանտաստիկ ֆիլմեր չի սիրում։ Բացի այդ, դի Կապրիո և Մորոնե զույգի բաժանումը նույնպես ի սկզբանե կատակ է եղել։
Ստացվում է՝ News.am-ի վստահած ու բարի համբավ ունեցող Lenta.ru-ն իր տեղեկության աղբյուրի հետ սխալ է աշխատել ու, ենթադրաբար, համատարած փաստերի ստուգումից ու սխալի վերհանումից հետո ավելացրել է սուտ տեղեկության մասին նշումը, որը չի եղել այն ժամանակ, երբ հայկական լրատվականը թարգմանել է լուրը։ News.am-ն էլ, իր հերթին, զլացել է ուսումնասիրել իր իսկ հիշատակած Le Cinephiles էջը։ Սա առաջին դեպքը չէ, երբ (անկախ աշխարհագրությունից) լրատվականներն ու ընթերցողները սատիրիկ գրառումները շփոթում են իրական լուրերի հետ։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: