Հայկական շուկայում վերջերս հայտնվել է «Արամաքս Վիկտորի» անվանումով նոր պրեպարատ, որը գովազդվում է որպես COVID 19-ի դելտա շտամի դեմ արդյունավետ լուծում։ Թեև գովազդից տպավորություն է ստեղծվում, թե «Արամաքսը» բուժում է Քովիդը, սակայն պրեպարատը կլինիկական փորձարկումներ չի անցել և հանդիսանում է սննդային հավելում, այլ ոչ թե՝ դեղամիջոց։ Չնայած այն գրանցված է Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում, այնուամենայնիվ Առողջապահության նախարարությունը Արամաքսը չի օգտագործում քովիդ վարակակիրների բուժման համար։
Չանդրադառնալով Արամաքսի անվտանգությունն ու արդյունավետությունը՝ media.am-ը պատմում է այս կենսաբանական հավելանյութի հետ կապված մի քանի խնդիրների մասին։
Արամաքսը «Արսսի Ալյանս» ընկերության արտադրանքն է, որի փոխտնօրեն Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պրեպարատի փորձարկումները կատարվել են դելտա շտամի, գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեմ և հրաշալի արդյունք գրանցել: Արթուր Սարգսյանն աննախադեպ անվանեց իրենց հայտնագործությունը, տեղեկացրեց, որ այն արդեն գրանցված է ԵԱՏՄ երկրներում՝ որպես բիոակտիվ հավելում։
Պրեպարատը կլինիկական փորձարկում չի անցել
Արթուր Սարգսյանի խոսքով և Արամաքսի ֆեյսբուքյան գովազդներում շեշտվում է, որ այն նախակլինիկական փորձարկումներ է անցել ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտիում՝ վիրուսաբանության լաբարատորիային վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի ղեկավարությամբ: Սակայն կարևոր է, որ խոսքը նախակլինիկական փորձարկման մասին է, որն արել են բացառապես կենդանիների վրա։ Այս կարևոր փաստը ասուլիսը լուսաբանող լրատվամիջոցները մոռացել էին նշել (հղում 1, հղում 2): Բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանը media.am-ին ասաց, որ իրենք պրեպարատը փորձարկել են սիրիական համստերիկների (խամյակների) վրա։
«Մենք ունեցել ենք զգայուն կենդանիներ, որոնք վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց մի մասին տվել ենք Արամաքս, մյուս մասին՝ չենք տվել։ Պրեպարատ չստացած համստերիկների մոտ հիվանդությունը դասական ընթացք է ունեցել՝ 7-8 օրվա ընթացքում թոքաբորբը զարգացել ու անցել է։ Մինչդեռ Արամքսի ազդեցության տակ թոքաբորբի զարգացումը կանգնել է երևի 3, 4-րդ օրվա ընթացքում և քաշի կորուստ չի եղել։ Նվազել է նաև հիմնական իմունային ախտածին ազդեցույթունը», – պատմեց Զավեն Կարալյանը։
Գիտնականի խոսքով՝ մարդկանց համար նա Արամաքս չի գովազդել՝ «Ես իմ փորձարկումիներից դուրս ոչինչ ասել չեմ կարող»։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը վերահաստատեց, որ նախակլինիկական փորձարկումներն արվել են իրենց ինստիտուտում՝ հավելելով, որ կենսաբանական հավելումը վիրուսը չի ճնշում, բայց շատ լավ արդյունք է ցույց տալիս թոքերի ֆունկցիայի վերականգնման վրա՝ «Հետազոտությունները իրականացվել են կենդանիների վրա, որից հետո մենք արտադրողին առաջարկել ենք կազմակերպել կլինիկական փորձարկումներ»։
Փորձեցինք հասկանալ արդյոք համստերիկների վրա նախակլինիկական փորձարկումներին հետևե՞լ են կլինիկական հետազոտությունները՝ արդեն մարդկանց վրա։ «Արամաքս Վիկտորի» ներկայացուցիչը պատասխանեց, որ կլինիկական փորձարկումներ չեն արվել, քանի որ «ապրանքն ակտիվ հավելում է, իսկ բաղադրությունը՝ լրիվ բուսական։ Որպես սննդային հավելում Հայաստանում գրանցելու համար կլինիկական փորձարկման պահանջ չկա»։ Նա նաև ասաց, որ կլինիկական հետազոտությունը իրենք կամավոր հիմունքներով անում են, մեկ-երկու տարի հետո արդյունքները կամփոփեն։ Հարցին, թե ինչպես է արտադրանքն առանց կլինիկական փորձարկման գովազդվում որպես COVID 19-ի դելտա շտամի դեմ արդյունավետ լուծում, «Արամաքս Վիկտորի»-ից պատասխանեցին․
«Առաջին հիմունքը մեր նախակլինիկական փորձարկումներն են համստերիկների վրա, երկրորդը մարդկանց անձնական փորձն է՝ պրեպարատը փաստացի արդեն շրջանառվում է շուկայում»։
ԱՆ-ն չի օգտագործում Արամաքսը COVID-ի դեմ բուժման համար
Արամաքսը իսկապես գրանցված է Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում՝ որպես բիոակտիվ հավելում։ Սա նշանակում է, որ այն անցել է լաբորատոր փորձարկումները։
Սակայն սա դեռ չի վկայում, որ սննդային այս հավելումը արդյունավետ է հենց COVID-ի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարությունից media.am-ին փոխանցեցին, որ իրենք չեն օգտագործում Արամաքսը Քովիդ վարակակիրների բուժման համար։ Մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մասնավորապես ասաց՝ «Բոլոր պրոտոկոլներում, որոնցով առաջնորդվում են Քովիդ կլինիկաները, որոնցում նշվում է՝ ինչով բուժել և ինչպես, չկա Արամաքսը։ Միգուցե առանձին բժիշկներ օգտագործում են, ես դա չեմ կարող ասել, դա մեր վերահսկողությունից դուրս է»։
Այսպիսով, «Արամաքս Վիկտորի» կենսաբանական հավելանյութը գովազդվում է որպես կորոնովիրուսի դեմ արդյունավետ լուծում, սակայն դեռևս չի անցել կլինիկական փորձարկման փուլը։ Առողջապահության նախարարությունը չի կիրառում պրեպարատը կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: