Հայաստանը հոկտեմբերի 29-ից համաճարակային առումով բարձր ռիսկայնությամբ երկրների ցանկում է:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը հոկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ սահմանվել են նոր կանոններ Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու համար։ Պատճառն օրեցօր վատացող համաճարակային վիճակն է.
«Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին»,- ասվում էր հայտարարության մեջ։
Ուսումնասիրելով սահմանափակումների ամբողջ փաթեթը՝ տեսնում ենք, որ կարևոր նախապայմաններից առաջինը ամբողջական պատվաստված լինելն է։ Սա նշանակում է, որ արգելքը գործելու է չպատվաստվածների համար։
Հոկտեմբերի 29-ին լրատվամիջոցներում և սոցցանցերում, դեսպանատան հայտարարությանը հղումով, լուր տարածվեց, թե «Կորոնավիրուսով պայմանավորված այսօրվանից Հայաստանից մարդկանց մուտքը ԵՄ արգելվում է»: Նման խորագրով լուրը տարածել էին armlur.am-ը, panorama.am-ը, pilitik.am-ը, lurer.com-ը, armdaily.am-ը (վերնագիրը փոխել է), medianews-ը և այլն։
Նման տեղեկության տարածման պատճառն այն է, որ անվտանգ ճանապարհորդություն ապահովելու համար ԵՄ-ն համաձայնեցրել է ազատ տեղաշարժը սահմանափակելու ընդհանուր մոտեցումներ։ Ներդրվել է լուսացույցային համակարգ, որը դասակարգում է երկրները՝ ըստ նրանց համաճարակաբանական իրավիճակի: ԵՄ անդամ տարբեր երկրներ կիրառում են խիստ սահմանափակումներ բարձր ռիսկի գոտու երկրների համար՝ անգամ պատվաստվածների։ Սակայն տարածվող տեղեկությունը, թե Հայաստանի առաջ են ԵՄ դռները փակվում, միևնույն է, մասամբ է ճիշտ, քանի որ ոչ բոլոր երկրներն են կիրառում միևնույն սահամանափակումները։ Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ ինչպիսի հակահամաճարակային քաղաքականություն վարել։
Փորձենք հասկանալ ԵՄ անդամ երկրների հակահամաճարակային քաղաքականությունը՝ բարձր ռիսկայնության գոտում գտնվողների համար։
Իտալիա
Իտալիայի կառավարությունը սահմանել է երկրների 5 տարբեր մակարդակներ՝ կախված համաճարակային վիճակից։ Նախքան բարձր ռիսկայնության գոտում հայտնվելը, Հայաստանը D մակարդակում էր։ Այսինքն կարելի էր խուսափել 5-օրյա պարտադիր ինքնամեկուսացումից՝ տրամադրելով պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան։ Այժմ մենք E մակարդակում ենք, այսինքն մուտքը թույլատրվում է բացառիկ դեպքերում, տուրիստական նպատակները դրանց թվում չեն։
Ավստրիա
Ավստրիա մուտքը խիստ սահմանափակված է բարձր ռիսկայնությամբ երկրների համար։ Որպես կանոն այստեղ մուտքը թույլատրվում է բժշկական, կրթական նպատակներով։ Նման դեպքում պարտադիր պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ մուտք գործելուց 72 ժամ առաջ և 10 օրով մեկուսանալու, որը կարող է ընդհատվել, եթե 5-րդ օրը բացասական արդյունքով թեստ հանձեք։
Բելգիա
Բելգիայում հատուկ արգելք գործում է շատ բարձր ռիսկայնությամբ երկրներում 14 օր անցկացրածների նկատմամաբ։ Սակայն վերջին թարմացմամաբ նշվում է, որ նման երկիր դեռևս չկա։ Հայաստանը չի դասվում շատ բարձր ռիսկայնությամբ երկրների շարքին, մարդիկ կարող են մեկնել Բելգիա, եթե տրամադրեն ամբողջությամբ պատվաստված լինելու վկայական, ընդ որում՝ 2-րդ դեղաչափից պետք է անցած լինի առնվազն երկու շաբաթ։ Եթե հայաստանցիները պատվաստաված չեն ԵՄ կողմից ընդունված պատվաստանյութերով, ապա թույլտվություն կարելի է ստանալ հատուկ դեպքերում՝ կրթական, բժշկական, աշխատանքային նպատակներով։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթացալ այստեղ։
Ֆրանսիա
Հունիսի 2-ից Ֆրանսիայում գործում է երկրների համաճարակային վիճակի դասակարգման 3 սանդղակ` «կանաչ» (վիրուսը ակտիվորեն չի շրջանառվում և չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ), «նարնջագույն» (վիրուսը ակտիվորեն շրջանառվում է վերահսկելի սահմաններում), «կարմիր» (վիրուսը ակտիվորեն շրջանառվում է, կան վտանգավոր տարբերակներ)։ Կարմիր գոտու երկրների ցանկում վերջին թարմացումից հետո Հայաստանը դեռևս չկա, չնայած արդեն հայտնվել են տարածաշրջանակային մի քանի երկրներ՝ Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը։
Հայաստանը դասվում է «նարնջագույն» երկրների շարքին։ Սա նշանակում է, որ եթե քաղաքացիները պատվաստված չեն, գրեթե բացառվում է նրանց մուտքը Ֆրանսիա։ Սակայն եթե կա մուտքի թույլտվություն, պետք է ներկայացնել թեստի բացասական պատասխան կամ վերջին 6 ամիսներին կորոնավիրուսով վարակվել-բուժվելու մասին ապացույց։ Նման դեպքում պետք է ինքնամեկուսանալ առնվազն 7 օր։ Եթե պատվաստված եք, կարող եք մեկնել Ֆրանսիա առանց սահմանափակումների։ Կարևոր է սակայն, որ Հայաստանը նոր է հայտնվել բարձր ռիսկի գոտում և Ֆրանսիայի ԱԳՆ կայքում դեռևս թարմացումներ չեն արվել։ Վերջնական պատկեր ստանալու համար հարկավոր է սպասել թարմ տեղեկատվության։
Դանիա
Ամբողջությամբ պատվաստված անձինք ռիսկային գոտու երկրներից կարող են մուտք գործել Դանիա՝ առանց լրացուցիչ սահմանափակումների (թեստավորման և ինքնամեկուսացման): Իհարկե պատվաստանյութը պետք է հաստատված լինի ԵՄ դեղերի եվրոպական գործակալության կողմից: Այդ պատվաստանյութերն են Pfizer BioNTech, Johnson & Johnson, Moderna, AstraZeneca:
Լատվիա
Անգամ ունենալով 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց (QR-կոդ)՝ Հայաստանից մարդիկ չեն կարող մուտք գործել Լատվիա՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Բարձր կամ շատ բարձր ռիսկայնությամբ երկրներից Լատվիա կարելի է մեկնել բեռնափոխադրումներ կատարողներին, առևտրական նավաստիներին, օտարերկրյա դիվանագետներին, ուսանողներին (եթե կա բարձրագույն ուսումնական հաստատության գրավոր հաստատումը), մարզիկներին, բժշկական նպատակներով մեկնողներին: Ամբողջական ցանկը՝ այստեղ: Թույլտվություն ստանալու դեպքում՝ Հայաստանից մեկնողների համար 10-օրյա ինքնամեկուսացումը պարտադիր է, որը կարող է ընդհատվել 7-րդ օրը թեստի բացասական արդյունք ներկայացնելուց հետո:
Գերմանիա
Որպես կանոն Գերմանիա գնալու համար պահանջվում է կամ թեստի բացասական պատասխան, կամ պատվաստված լինելու սերտիֆիկատ, կամ էլ վարակված-ապաքինված լինելու մասին փաստաթուղթ։ Բարձր ռիսկայնությամբ երկրների քաղաքացիները պետք է 10 օր ինքնամեկուսանան, սակայն կարող են 5-րդ օրը թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից դուրս գալ։
Այսպիսով՝ պնդումը, թե Հայաստանից մարդկանց մուտքը ԵՄ արգելվում է, մասամբ սխալ է, քանի որ ոչ բոլոր երկներն են կիրառում խիստ սահամափակումներ բարձր ռիսկայնությամբ երկրների համար:
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: