Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ աշխարհում գործում են պետություններ մուտքի և ելքի տարբեր սահմանափակումներ, որոնց մասին տեղեկությունը, սովորաբար, ամրագրվում է երկրների Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական կայքում։ Այս տեղեկությունը կարևոր է հատկապես կորոնավիրուսի ժամանակներում ճամփորդողների համար։
Հայաստանի ԱԳՆ-ն ևս տրամադրում է օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների մասին տեղեկություն։ Սակայն նախարարությունը հաճախ չի թարմացնում տեղեկատվությունը, չնայած համաճարակային իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում արագորեն փոխվում է։ Ընդ որում՝ դեպի վատը։ Լինում են դեպքեր, երբ Հայաստանից մեկնողների նկատմամբ ամռանը գործող կանոններն այլևս արդիական չեն, իսկ պաշտոնական կայքի տեղեկությունը՝ ժամանակավրեպ է։ Վերջին թարմացումների օրերը նշվում են, սակայն գերատեսչությունը չի զգուշացնում, որ հրապարակված տվյալները կարող են հին լինել և չի տալիս թարմ և ամբողջական տեղեկություն ստանալու աղբյուրներ։
Հայաստանը կրկին հայտնվել է համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում, որի մասին Առողջապահության նախարարությունը հայտնել էր դեռևս սեպտեմբերի 9-ին։
Փոփոխված կանոնները կարող են դեռ արտացոլված չլինեն ԱԳՆ կայքում։ Այսպես, ԵՄ անդամ երկիր Լատվիա մուտքի համար ՀՀ ԱԳ նախարարության կայքում նշած պայմանները ՀՀ քաղաքացիների համար բավարար չեն այդ երկիր մուտք գործելու համար։
Անգամ ունենալով 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց (QR-կոդ)՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող մուտք գործել Լատվիա՝ առանց պարտադիր ինքնամեկուսացման։
Լատվիայի ԱԳՆ կայքում նշված են այն երկրները, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր՝ պատվաստման ապացույցով կամ բացասական թեստի պատասխանով։ Դրանց թվում են Եվրոպական միության, Եվրոպական տնտեսական գոտու անդամ երկրները, Շվեյցարիան, Ուկրաինան, Թուրքիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իզրայելը, Նոր Զելանդիան և Կանադան։
Մյուս երկրների քաղաքացիների համար գործում են այն սահմանափակումները, որոնք կգործեին չպատվաստվածների և չթեստավորվածների համար։ Անկախ պատվաստված կամ թեստավորված լինելուց։
Այսպիսով, Հայաստանի քաղաքացիները Լատվիա ճանապարհորդելիս, պետք է ինքնամեկուսանան առնվազն 7 օր, որից հետո միայն կարող են թեստ հանձնել և, բացասական պաատասխանի դեպքում, ինքնամեկուսացումից դուրս գալ։
Media.am-ը որոշեց ուսումնասիրել, թե հակահամաճարակային ինչ սահմանափակումներ են գործում տուրիստական այլ երկրներում և համեմատել ԱԳՆ-ի հրապարակած տվյելների հետ։
Գերմանիա
Գերմանիայում վարակման օրական դեպքերի քանակն աճում է՝ սկսած հունիսից։ Որպես կանոն, այնտեղ գնալու համար պահանջվում է կամ թեստի բացասական պատասխան, կամ պատվաստված լինելու սերտեֆիկատ, կամ էլ վարակված-ապաքինված լինելու մասին փաստաթուղթ։ Իսկ մեկնելուց առաջ հարկավոր է պարտադիր առցանց գրանցում։
Բարձր ռիսկայնությամբ (կարմիր գոտու) երկրների քաղաքացիները պետք է 10 օր ինքնամեկուսանան, սակայն կարող են 5-րդ օրը թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից դուրս գալ։ Գերմանիայում շարունակում են ակտուալ մնալ անվտանգության նվազագույն միջոցառումները, որոնք պետք է պահել՝ իրարից 1,5 մետր հեռավորություն, դիմակներ՝ հասարակական փակ տարածքներում, հանրային տրանսպորտում։ Կարևոր է, սակայն, մեկնելուց առաջ այցելել Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայք և ծանոթանալ թարմացումներին։
ՀՀ ԱԳՆ կայքում Գերմանիայի մասին տվյալները սեպտեմբերի 27-ի դրությամբ թարմացված չեն։
Ֆրանսիա
Հունիսի 2-ից Ֆրանսիայում գործում է երկրների համաճարակային վիճակի դասակարգման 3 սանդղակ` «կանաչ» (վիրուսը ակտիվորեն չի շրջանառվում և չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ), «նարնջագույն» (վիրուսը ակտիվորեն շրջանառվում է վերահսկելի սահմաններում), «կարմիր» (վիրուսը ակտիվորեն շրջանառվում է, կան վտանգավոր տարբերակներ)։
Բոլոր պետությունները, որոնք ներառված չեն կանաչ կամ կարմիր ցուցակներում, նարնջագույն ցուցակում են՝ Հայաստանը այդ թվում։
Լիովին պատվաստված անձինք կարող են մեկնել Ֆրանսիա՝ առանց սահմանափակման։ Ընդունելի պատվաստանյութերն են Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson։ AstraZeneca-ի դեպքում երկրորդ դեղաչափի ստացումից 7 օր անց կարելի է արդեն մեկնել։
12 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ, որը Ֆրանսիա է ժամանում «նարնջագույն» գոտու երկրից և պատվաստված չէ, ապա պարտավոր է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան (72 ժամվա ընթացքում կատարված): Պատվաստված չլինելու դեպքում (ՊՇՌ թեստի առկայության դեպքում ևս) անձը ենթակա է մեկուսացման 7 օր, իր նախընտրած վայրում:
Ֆրանսիայի հասարակական կյանքը կամաց-կամաց վերադառնում է սովորական վիճակին, սակայն հանրային վայրեր, ռեստորաններ, բառեր, առևտրի կենտրոններ և նմանատիպ այլ վայրեր կարելի է մուտք գործել, եթե պատվաստված ես կամ վարակվել-բուժվել ես COVID-ով և ունես դա հավաստող փաստաթուղթ։ Սա պարտադիր է նաև թռիչքների և հանրային տրանսպորտից օգտվելու համար։ Առավել մանրամասն կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ ԱԳՆ կայքում Ֆրանսիա մեկնելու մասին տեղեկությունը սեպտեմբերի 27-ի դրությամբ թարմացված է։
Իտալիա
Իտալիայում ամեն ինչ ավելի բարդ է, եթե ԵՄ անդամ կամ Շենգեն գոտու երկրների քաղաքացի չեք։ Կառավարությունը սահմանել է երկրների 5 տարբեր մակարդակներ՝ կախված համաճարակային վիճակից։ Հայաստանը գտնվում է D գոտում, սա նշանակում է, որ կարելի է խուսափել 5-օրյա պարտադիր ինքնամեկուսացումից, եթե տրամադրվեն երկու կարևոր փաստաթղթեր․
✔️Պատվաստման հավաստագիր։
✔️ Թեստավորման բացասական պատասխան, որն արվել է 72 ժամվա ընթացքում։
Հանրային փակ տարածքներ, մարզասրահներ, թանգարաններ, լողավազան և այլ վայրեր թույլատրվում է այցելել միայն նրանց, ովքեր պատվաստված են կամ թեստավորված կամ էլ վարակվել-բուժվել են կորոնավիրուսով։ Դիմակի կրումը շարունակում է պարտադիր պայման մնալ Հանրային բաց և փակ տարածքներում, հանրային տրանսպորտում։ Իտալիայի առանձին շրջաններում, համավարակային իրավիճակից կախված, կարող են ժամանակավորապես գործել այլ կանոններ։ Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Իտալիայի մասին ՀՀ ԱԳՆ կայքում վերջին թարմացումն արվել է օգոստոսի 2-ին։
Իսպանիա
Անկախ որ երկրից եք մեկնում Իսպանիա, պարտադիր է լրացնել Առողջության վերահսկման ձևաթուղթը։ Եթե մեկնում եք ինքնաթիռով, կարող եք լրացնել Spain Travel Health-ի կայքի հատուկ ձևը։ Լրացնելուց հետո կստանաք QR-կոդ, որը կարիք կլինի ցույց տալ օդանավակայանում՝ թռիչքից առաջ և վայրէջքից հետո։
Եթե մեկնում եք Իսպանիա համաճարակային վտանգավոր գոտում գտնվող երկրից, ապա պետք է ներկայացնեք լիարժեք (բոլոր դեղաչափերը) պատվաստված լինելու մասին հավաստագիր։ Ընդ որում՝ պատվաստանյութը պետք է ընդունված լինի Դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ QR-կոդը ընդունելի է պատվաստումից 14 օր հետո միայն։ 12-18 տարեկանների համար պատվաստումը ևս պարտադիր է։ 12-ից ցածր երեխաները կարող են մեկնել՝ առանց նախապայմանների։ Հնարավոր բացառությունների և առավել մանրամասն տեղեկատվության համար՝ մուտք գործեք այստեղ։
Դիմակների կրումը Իսպանիայում պարտադիր է հանրային փակ տարածքներում, հանրային տրանսպորտում, սակայն թույլատրելի է բաց տարածքներում, որտեղ հնարավոր է պահել 1,5 մետր հեռավորություն։
ՀՀ ԱԳՆ կայքում Իսպանիա մեկնելու սահմանափակումները սեպտեմբերի 27-ի դրությամբ թարմացված չեն։
Ավստրիա
Թեև Ավստրիայի բնակչության 60,6%-ը պատվաստված է, այստեղ այժմ գործում են կարանտինային խիստ սահմանափակումներ։ Կախված տվյար երկրի համաճարակային վիճակից՝ Ավստրիայում գործում են տարբեր կանոններ։
Բարձր ռիսկայնություն ունեցող երկրների համար Ավստրիա ուղևորությունը թույլատրվում է միայն շատ կարևոր պատճառով։ Տուրիստական նպատակով ուղևորությունը այդ պատճառների թվում չէ։
Հայաստանից մեկնելու դեպքում կպահանջվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ թեստավորված լինելու ապացույց (ընդունելի պատվաստանյութերն են Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna, Sinovac և Sinopharm) կամ էլ կորոնավիրուսից ապաքինված լինելու հավաստագիր։ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունեցողների համար պարտադիր է նաև 10-օրյա կարանտինը, որը կարող է ընդհատվել 5-րդ օրը, եթե կրկին թեստ հանձնեք։
Ավստրիա ուղևորության մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Տեղեկությունները ՀՀ ԱԳՆ կայքում վերջին անգամ թարմացվել են սեպտեմբերի 16-ին։
Ամփոփելով ասենք, որ համաճարակային վիճակն ինչպես Եվրոպայում, այդպես էլ ամբողջ աշխարհում, պարբերաբար փոխվում է։ Այսօրվա տվյալները կարող են հաջորդ օրը արդիական չլինել։ Այդ պատճառով շատ կարևոր է ուսումնասիրել վերջին թարմացումները։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: