2021.08.17,

Ստուգված է

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը կդադարեցվի միայն Երևանում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Armlur.am կայքը օգոստոսի 12-ին գրել էր, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրը կդադարեցվի։ Լրատվականը հղում էր արել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի առաջարկին, որը վերջինս հնչեցրել էր Կառավարության՝ նույն օրվա նիստում։ Նման կերպ էր վերնագրել կառավարության նախագիծը նաև Iravaban.net-ը․ «Հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը հունվարի 1-ից սկսած աստիճանաբար էլ չի գործի․ կառավարության որոշում»։ 

Ֆեյսբուքյան Digital News էջն էլ օգոստոսի 12-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը եկամտահարկի վերադարձի ծրագիրը աստիճանաբար դադարեցնում է․

«Մի հնարավորություն կար էս երկրում նորմալ պայմաններով տուն գնելու, բայց Նիկոլենք հիմա էլ դա են ուզում դադարեցնեն: Կառավարության նիստի ժամանակ առաջարկվող փոփոխությունները եթե հաստատվեն, եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի», – գրել էլ էջը։ Գրառումն ունի 210 հավանում, 45 կիսում։ Վերադարձվող եկամտահարկի վերացման մասին գրել էին նաև սունկ կայքերը։

Նախագիծն ամբողջությամբ չի ներկայացվել հոդվածներում

Եկամտահարկի վերադարձի դադարեցման մասին լուրը ներկայացվել է խեղաթյուրված, քանի որ լրատվականները, սունկ կայքերը, ինչպես նաև Digital News ֆեյսբուքյան էջը չեն նշել, որ ծրագիրը վերաբերում է միայն Երևան քաղաքին, մարզերի համար այն շարունակելու է գործել։ Ավելին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ իրենց նպատակներից է քաղաքաշինական ու տնտե­­սական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս­տելը։

Նախագծով, մասնավո­րա­պես, առա­ջարկ­վում էր եկամտային հարկի վերադարձման համա­կարգը դադարեցնել․

  • 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում (Փոքր Կենտրոն),
  • 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքները և Արաբկիր վարչական շրջանից մի հատված),
  • 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի մասը, Էրեբունի վարչական շրջանի՝ Կենտրոնին հարող հատվածը),
  • 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Մարզերի համար ծրագիրը շարունակվելու է։ Ի դեպ, սա օրենքի նախագիծ է, որ դեռ պետք է հաստատում ստանա Ազգային ժողոովում։ Ինչը նշանակում է, որ այն դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների։

Իրական խնդիրը

Եկամտահարկի վերադարձի գործընթացը մեկնարկել էր 2015 թվականի հունիսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի։ Ըստ դրա՝ բնակարան գնել ցանկացող անձը հիփոթեքային վարկի միջոցով ազատվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ  աշխատավարձից և այլ եկամուտներից պետական բյուջե վճարված հարկերի: Պետության կողմից տրվող այս արտոնությունը տարածվում է բացառապես 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի վրա:

2018 թվականից ակնհայտ դարձավ, որ ծրագիրը չափազանց մեծ բեռ է պետության համար։ Մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեն արձանագրեց, որ յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է հիփոթեքային վարկեր ձեռք բերած անձանց և վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես՝ 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում վարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել էր 1.392,1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (719,2 մլն. դրամ) գերազանցել է 672,9 մլն. դրամով կամ 94%-ով:

2018-ի հունվարից այս ծրագրի համար սկսեցին գործել սահմանափակումներ, որոնք առաջարկել էր Կառավարությունը։ Մասնավորապես, բնակարանի կամ բնակելի տան արժեքը չպետք է գերազանցեր 55 մլն դրամը։ Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Սա նշանակում է, որ այս սխեմայով մի քանի բնակարան գնել հնարավոր չէ։

Այսպիսով, եկամտահարկի ծրագիրը չի դադարում գործել Հայաստանի մարզերի համար, հետևաբար պնդումը, թե այն աստիճանաբար վերացնելու որոշում է կայացվել, մանիպուլյատիվ է։ Միևնույն ժամանակ՝ առաջարկվող փոփոխության նպատակը ոչ միային քաղաքաշինական ու տնտե­­սական համաչափ զարգացումն է, այլև այն, որ կառավարության համար բյուջեի նման հոսքը վերածվել է մեծ խնդրի։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *