2021.07.27,

Ստուգված է

SARS-Cov-19 վիրուսի էվոլյուցիան․ ալֆայից դելտա (+)

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Հուլիս ամսից Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են։ Նույն ամսվա 12-18-ը ողջ աշխարհում դրանք կազմել են 3.4 միլիոն՝ նախորդ շաբաթվա հետ համեմատ աճելով 12%-ով, իսկ տարբեր երկրներում շարունակում են առաջանալ վիրուսի նոր տարբերակները, մեկն ավելի վտանգավոր, մյուսը՝ պակաս վտանգավոր։  

Նախորդ ամիսներին վիրուսի մի նոր՝ Դելտա Պլյուս տարբերակ է ի հայտ եկել, և գիտնականները փորձում են հասկանալ՝ արդյոք այն ավելի վտանգավոր է, քան իր արդեն հայտնի «Դելտա» անունով բարեկամը, որը Հնդկաստանում հազարավոր մահերի պատճառ է հանդիսանում, իսկ ամբողջ աշխարհում՝ գնալով գերակշռող տարբերակ դառնում։

Հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ այս պահին Հայաստանում Դելտա շտամի սեկվենավորած նմուշ դեռ չկա, բայց այն շրջանառվում է, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը։ Նախարարի պաշտոնակատարը նաև հիշատակել է երկրում Covid-19-ի չորրորդ ալիքը սկսելու հավանականության մասին։ 

SARS-Covid-19-ի էվոլյուցիան ամփոփող այս նյութը կօգնի չխճճվել ու տարաբերակել մոդիֆիկացիաները մեկը մյուսից՝ ամբողջացնելով դրանց առաջացման ժամանակագրական հաջորդականությունը։ 

Ի՞նչ է շտամը

Շտամ = տարբերակ = մոդիֆիկացիա

Բոլոր վիրուսները ժամանակի ընթացքում փոփոխվում են, ենթարկվում մուտացիայի, ներառյալ SARS-CoV-2-ը, որը պատասխանատու է Covid-19 հիվանդության տարածման համար։ Փոփոխությունների մեծ մասը կամ շատ քիչ, կամ ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների հատկությունների վրա, և նույնիսկ կարող են թուլացնել այն, սակայն դրանք բացառված չեն և կարող են հանգեցնել․

  • վիրուսի վարակելիության հավանականության մեծացման,
  • փոխկապակցված հիվանդության ծանրության,
  • պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետության նվազման,
  • ախտորոշման միջոցների կամ սոցիալական ու հանրային առողջապահական այլ նորմերի խախտումների։

Ինչո՞ւ են վիրուսները մուտացվում

Մուտացիայի գործընթացը տեղի է ունենում վիրուսի բազմացման ժամանակ, երբ, օգտագործելով իր նոր տիրոջ բջիջների մեխանիզմները, վիրուսը կրկնապատկվում, պատճենվում է։ Այդ պատճենման ընթացքում առաջացած սխալմունքներն էլ  հենց մուտացիաներն են, որոնցից վիրուսի նոր տարբերակներ են ձևավորվում։

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Բժշկական դպրոցի վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր Դևիդ Ուոլի համաձայն՝ վիրուսները մուտացվում են, որպեսզի «ավելի երկար կարողանան ապրել»։ Մարդու իմունային համակարգը բազում խոչնդոտներ է ստեղծում վիրուսների համար, որ դրանք մեր օգրանիզմ չներթափանցեն։ Ըստ Ուոլի՝ վիրուսները ավելի շատ փոփոխվում են մարդու իմունային համակարգին դիմակայելու, այլ ոչ թե դեղամիջոցներին և պատվաստումներին «հաղթելու» համար։

Դասակարգումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր գործընկեր հաստատությունների, հետազոտողների և մասնագիտական շրջանակների հետ 2020-ի հունվարից մշտադիտարկում և գնահատում է SARS-CoV-2 վիրուսի էվոլյուցիան։ 2020-ի վերջերից վիրուսի նոր և ավելի վտանգավոր տարբերակների ի հայտ գալը դրդեց դասակարգել դրանք հետևյալ խմբերի․

  • Հետաքրքրող տարբերակներ (Variants of Interest, VOIs)

SARS-CoV-2-ի գենետիկ փոփոխություններով տարբերակներ, որոնք ունեն կամ կանխատեսվում է, որ կունենան այնպիսի հատկանիշների փոփոխություններ, ինչպիսիք են՝ վարակելիությունը, հիվանդության ծանրությունը, իմունիտետի նկատմամբ շրջանցելիությունը, ախտորոշումն ու բուժումը։ 

  • Մտահոգիչ տարբերակներ (Variants of Concern, VOCs)

Օժտված են Հետաքրքրող տարբերակների հատկանիշներով, համեմատական կարգով ավելի վտանգավոր ու վարակելի են, ավելի դժվար են ախտորոշվում, բուժվում, և կանխարգելվում պատվաստանյութերի միջոցով։

* Կան նաև Ուժեղ հետևանքների տարբերակներ, սակայն մինչ օրս SARS-CoV-2-ը դրան չի հասել:

Իսկ ո՞ւր է Դելտա Պլյուսը

Դելտա Պլյուսը Դելտա շտամի փոփոխված տարբերակն է, որն ունի K417N մուտացիա։ Այն տվյալների համաշխարհային բազաներում հայտնվել է այս տարվա մարտի կեսերին, իսկ արդեն ապրիլի 26-ին Անգլիայում գրանցվել են դրանով վարակման առաջին դեպքերը։ Թեև այս շտամը մեծ տարածում չունի, Հնդկաստանի առողջապահության նախարարությունն այն դասակարգել է որպես Մտահոգիչ տարբերակ (VOC)՝ նշելով դրա բարձր վարակելիությունը, կպչունությունն ու հակամարմիններին դիմադրելու հավանականությունը։ Սակայն արդյոք Դելտա Պլյուսը հասնում է Մտահոգիչ տարբերակի մակարդակին, դեռ պարզ չէ։ 

«Հնդկաստանն այն Մտահոգիչ տարբերակ է անվանել զգուշությունից ելնելով, այլ ոչ թե հստակ տվյալների վրա հիմնվելով», – ասել է Քեմբրիջի համալսարանի իմունոլոգ, վարակիչ հիվանդությունների մասնագետ Ռավինդրա Գուպտան։

Դելտա Պլյուս շտամով վարակման ընդհանուր 200 դեպքերը գրանցվել են աշխարհի 11 երկրներում, որոնցից  մեկն (Հնդկաստան) ավարտվել է մահվան ելքով։ 

Ինչո՞ւ ալֆա, բետա․․․

ԱՀԿ-ի հրավիրած մասնագետները խորհուրդ են տվել շտամները անվանակոչել հունական այբուբենի տառերով՝ ալֆա, բետա, գամմա, դելտա և այլն։ Ըստ իրենց՝ այդպես ավելի հեշտ է մտապահել և հանրությանը ներկայացնել՝ վիրուսի որ տարբերակի մասին է խոսքը։ 

Ինչո՞վ է ամեն մի նոր շտամ մյուսից տարբերվում

Գիտնականներն ամենաշատն ուշադրություն են դարձնում SARS-CoV-2-ի տարբերակների պեպլոմերների փոփոխություններին։ Պեպլոմերները վիրուսի ՌՆԹ-ն պաշտպանող փշոտ արտաքին շերտն են, որոնցով կպչում են մարդու բջիջների ռեցեպտորներին:

R0 – վարակելիություն

Վիրուսների վարակելիությունը չափում են R0-ով, որը վիրուսների վերարտադրության ինդեքսն է։ Այն ցույց է տալիս, թե մեկ վիրուսակիր մարդը քանի հոգու կարող է վարակել։ Երբ ասում ենք, որ Covid-19-ի Ալֆա տարբերակի R0-ն հավասար է 2-4-ի, նշանակում է այդ շտամով վարակված մարդը կարող է վարակել 2-4 մարդու, որոնք չեն հետևում հակահամաճարակային կանոններին։ Որքան բարձր է R0-ն, այնքան վիրուսն ավելի վարակելի է։ 

Ներկայիս պատվաստանյութերը պաշտպանու՞մ են նոր տարբերակներից 

Գոյություն ունեցող պատվաստանյութերն արդյունավետ են Դելտայի դեմ, սակայն միայն ամբողջական դոզան ընդունելուց հետո։ Public Health England-ի հետազոտության համաձայն՝ Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի առաջին դոզան 33%-ով է պաշտպանում Դելտա տարբերակի հարուցած հիվանդությունից։ Երկու դոզավորումներից հետո միայն AstraZeneca-ն արդյունավետ է 60%, իսկ Pfizer-ը՝ 88%-ով։ 

Անվտանգությունից ելնելով, ԱՀԿ-ն լիովին պատվաստված անձանց դեռ խորհուրդ է տալիս դիմակներ կրել, հակառակ դեպքում հնարավոր է` դառնան վիրուսը շրջանառող շղթայի մի մասը:

Նոր շտամները անվերջ կձևավորվե՞ն ու ամեն անգամ ավելի դժվար կլինի՞ դրանց դեմ պայքարելը:

«Այն փաստը, որ 18 ամսում վիրուսը երկու այնպիսի շտամներ է մուտացրել (Ալֆա և Դելտա), որոնք մեկը մյուսից 50%-ով ավելի վարակելի են, անհավանական փոփոխություն է», – ասել է Օքսֆորդի համալսարանի դոկտոր Արիս Կատզուրակիսը։ 

Նա կարծում է, որ չի կարելի թվեր սահմանել ու կանխատեսել, թե որքան այն կբարձրանա, բայց ենթադրում է, որ եկող մի քանի տարիներին վարակելիությոոնը դեռ կաճի: 

«Դա չի նշանակում, որ սպառելու ենք հունական այբուբենն ու հասնենք օմեգայի, որը անհաղթելի հրեշ է դառնալու։ Դեռ շատ դժվար է կանխատեսել, թե որն է կորոնավիրուսի դեմ ամենաճիշտ ռազմավարությունը», – ասել է Կատզուրակիսը։  

Տարբերակները Հայաստանում և տարածաշրջանում

ԱՀԿ-ի կողմից համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին տեղեկությունների և տարածաշրջանում Դելտա տարբերակի տարածումը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից սահմանափակումներ մտցնելու առիթ դարձան։ Ըստ ԱՆ-ի՝ հարևան Վրաստանում և Ռուսաստանում (կազմում է հետազոտությունների 88.5%-ը), լայն տարածում ունի այդ շտամը, որին բնորոշ է աննախադեպ արագ տարածումը և հիվանդության ավելի ծանր ընթացքը: 

Դրանից հետո ԱՆ-ն իրազեկման երկու հաղորդագրություն տարածեց, առաջինը՝ Reuters պարբերականի անդրադաձն այն թեմային, թե ինչպես են մի շարք երկրներ, Դելտա տարբերակի տարածումից ստիպված, պատվաստումները պարտադիր դարձրել բուժաշխատողների և ռիսկային խմբերում գտնվող անձանց համար։ Երկրորդը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Դելտա շտամի մասին կարճ տեղեկություններով և վարակից խուսափելու կանոններն ամփոփող նյութն էր։ 

Եվ ի՞նչ

Բարդ է որևէ գնահատական տալ և կանխատեսումներ անել, թե ինչպես կզարգանա Covid-19-ն ու դեռ ինչ ուժգնությամբ ու քանակի շտամներ կձևավորվեն: Հակահամաճարակային գործողությունների և տեղեկատվական այս ցայտնոտի մեջ, թերևս, ամենահուսադրողը  գիտնականների գնահատականն է այն մասին, որ ավելի հեշտ տարածվելու համար վիրուսները պետք է մեղմանան:

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *