2021.06.18,

Ստուգված է

Կեղծ լուր․ Վիլեն Գայֆեջյանը և Խաչատուր Սուքիասյանը համագործակցել են Ադրբեջանի ահաբեկչական ծառայությունների հետ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Վճիռ՝ կեղծ լուր

«ՀՀ սթափ քաղաքացի» ֆեյսբուքյան էջը հունիսի 7-ին տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, թե Հայաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են՝ Վիլեն Գայֆեջյանը և Խաչատուր Սուքիասյանը 44-օրյա պատերազմի օրերին համագործակցել են Ադրբեջանի ահաբեկչական ծառայությունների հետ՝ զբաղվել են զոհերի, անհետ կորածների և ռազմագերիների առք ու վաճառքով։

Տեղեկությունը առանց փաստական հիմքի է

«ՀՀ սթափ քաղաքացի» ֆեյսբուքյան էջի՝ անհետ կորածների և ռազմագերիների մարմինների առք ու վաճառքի մասին պատմող տեսանյութում թեև հղում է արվում ուժային կառույցի բացահայտմանը, բայց որպես տեղեկության աղբյուր չի նշվում ԱԱԾ-ն։ Ավելին, տեղեկության աղբյուրը առհասարակ չկա։

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում պնդում է արվում, որ Հայաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են՝ Վիլեն Գայֆեջյանը 44-օրյա պատերազմի օրերին համագործակցել է Ադրբեջանի ահաբեկչական ծառայությունների հետ։ Իբրև այս գործարքները կատարվել են թուրքական բանկերի միջոցով, իսկ այս բիզնեսում ներգրավված է և մեկ այլ անձ․ այն համակարգում է Խաչատուր Սուքիասյանը։

Ըստ տեսանյութի, Սուքիասյանը Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ վաղեմի կապեր ունի՝ տարբեր ծրագրերի համար ստացել է գումար։ Այս համագործակցությունը իբրև սկել է 2016-ի քառօրյա պատերազմի օրերից։

Տեսանյութը եզրափակվում է նրանով, որ Գայֆեջյանին Հայաստանի հատուկ ծառայությունները պահում են նշանակետի տակ, «սակայն նրանով կզբաղվեն Նիկոլի իշխանությունը ավարտվելուց հետո՝ հունիսի 20-ին»։

Այս պնդումը չի հիմանվորված որևէ կերպ։ Նկատենք, որ ԱԱԾ-ն վերջին ամիսներին մի քանի անգամ հրապարակումներ արել է 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտված դավաճանության դեպքերի մասին, այդ գործերով կան ձերբակալվածներ։ Նման բովանդակությամբ վերջին մամուլի հաղորդագրությունը տարածվել է հունիսի 7-ին։

Այս տեսանյութը հունիսի 11-ի դրությամբ դիտվել է ավելի քան 47 հազար անգամ, կիսվել է 460-ից ավել անգամ։

Լուրը տարածող էջը պրոքոչարյանական է

Մարմինների առք ու վաճառքի լուրը, ըստ էության, ներկայացվում է իբրև տեղեկության արտահոսք։ Սակայն, լուրը տարածվում է ոչ հավաստի և կողմնակալ հարթակի միջոցով։ «ՀՀ սթափ քաղաքացի» էջը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։

Քաղաքական հայացքի ապացույցները բազմաթիվ են․ մի դեպքում էջը գրել է Քոչարյան՝ «Կրելու ենք․․․ Քոչարյան վարչապետ»։ Մեկ այլ դեպքում՝ տեղադրել է Քոչարյանի ելույթը, մեկնաբանելով՝ «Քոչարյանն այս ելույթով երաշխավորեց հաղթանակը»։ Էջը նաև զուգահեռներ է տարել Քոչարյանի և Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլի միջև՝ կանխատեսելով, որ դը Գոլի նման Քոչարյանն էլ երկար ընդմիջումից հետո կվերադառնա և ավերակներից նորից պետություն կկառուցի։ Էջը նաև հակադրել է Փաշինյանի և Քոչարյանի կերպարները, թիրախավորել Փաշինյանի աջակիցներին։ Փաշինյան-Ալիև գործարքի մասին դավադրության տեսություններ է տարածել՝ «մինչև ընտրությունները ինչ հնարավոր է ծախելու է թուրքերին ու Հայաստանից թռնի»։

Բացի այդ, թեև տեսանյութում պնդում է արվում, թե արտահոսած տեղեկությունը դեռ չի հրապարակվել, բայց այն բավական նման է նույն օրը՝ հունիսի 7-ին և ավելի վաղ՝ մայիսի 12-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված դավաճանության դեպքերին։ Առաջին դեպքում դավաճանության մեջ կասկածվողները ադրբջանական կողմի ներկայացուցիչներն հանդիպել էին Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Երկրորդ դեպքում հայերը ադրբեջանի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել էին Թուրքիայում, որից հետո սկսվել էր համագործակցությունը։

Այս նույն երկրները հայտնվել են ԱԱԾ-ին վերագրվող բացահայտման սյուժեում։ Իբրև հայերը ծանոթ էին և գործարքներ էին կատարել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ գումարի փոխանցումները կատարվել էին թուրքական բանկի միջոցով։

Տեսանյութի «հերոսները» կապ ունեն Փաշինյանի քաղաքական թիմի հետ

Բացի այն, որ տեղեկություն տարածողը Քոչարյանի համակիրներից է, այն թիրախավորել է երկու անձանց, որոնք Փաշինյանի քաղաքական թիմից են։

Վիլեն Գայֆեջյանը հանրությանը հայտնի է մինչև հեղափոխությունը իշխանություններին քննադատող «SOS» յություբյան հաղորդումից։ Նա 2021-ի մայիսից դարձել է Երևանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։

Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը այս լուրը համարեց «ցնդաբանություն»․ «հիմա արդեն էնքան աղբով են լցրել մեդիա դաշտը, որ կներեք չեմ ուզում խոսել աղբի մասին։ Ես աղբ չեմ մեկնաբանում»։

Վիլեն Գայֆեջյանը սա համարում է «աբիժնիկություն» և «դիշովի քայլ»։ Ըստ նրա խելացի մարդիկ կհասկանան, որ դրանում ճշմարտություն չկա։ «Չգիտեմ կոնկրետ ով ա արել, բայց կասկածներ ունեմ, թե որ ուժի պատվերով ա արվել։ Հենց ընտրությունների կոնտեքստում եմ դիտարկում, որովհետև վերջերս հաղորդում էինք պատրաստել ու անմիջապես սկսվեց այս դիշովի հետապնդումները»։Հունիսի 4-ին հրապարակվել է «Պրիվետ Ռոբ | Ճիշտը 2.0» հաղորդումը, որում Ռոբերտ Քոչարյանը քննադատվում է։

Մենք ԱԱԾ ենք ուղարկել գրավոր հարցում՝ տեսանյութում հնչեցված մեղադրանքների վերաբերյալ կառույցի մեկնաբանությունը ստանալու համար։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Արշալույս Բարսեղյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *