Մայիսի 8-ին ArmNews հեռուստաալիքի եթերում հերթական վախեցնող լուրը հնչեց AstraZeneca պատվաստանյութի մասին։ Սակայն ալիքը չէր ստուգել իր տարածած տեղեկությանը, ուղղակի թարգմանել էր համացանցում գտած սենսացիոն հայտարարությունները։
Սկանդալային լուր՝ առանց աղբյուրը ստուգելու
ArmNews-ը իր «Հակիրճ լուրեր» բաժնում հայտնեց, թե AstraZeneca ստանալուց հետո թեկվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոն Դեյվ Մեյերսը կորցրել է ոտքը։ «Ըստ նրա՝ իր առողջական վիճակը կտրուկ վատացել էր AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի ժամ անց։ Մարզիկը վստահ է, որ հենց այդ դեղը անմիջական կապ ունի իր հաշմանդամության հետ»,- նշել էր հեռուստաալիքը։
Այս տեղեկությունը հեռուստաալիքը վերցրել էր ռուսական Московский комсомолец կայքից՝ գրեթե բառացի թարգմանելով կայքի հոդվածի վերջին պարբերությունը հիվանդության և պատվաստման կապի մասին։
ArmNews-ը չէր ստուգել տեղեկության սկզբնաղբյուրը, մինչդեռ Московский комсомолец-ը հղում էր տալիս բրիտանական Daily Star թաբլոիդին։
Բրիտանական թերթը հայտնում էր, որ մարզիկի մոտ անհայտ ինֆեկցիա է սկսել, որը ներթափանցել է այնքան խորը, որ նույնիսկ հասել է ոսկորներին և բժիշկները ստիպված են եղել հեռացնել ոտքը։ Թաբլոիդը նաև նշում էր, որ մարզիկն ինքը կապ է տեսնում հիվանդության և մի քանի ժամ առաջ ստացած պատվաստման մեջ։ Սակայն բժիշկները այս կարծիքը չեն կիսում՝ նշելով, որ պատճառը հայտնի չէ։
Բժիշկների խոսքը ArmNews-ը բաց էր թողել՝ եթերում հաղորդելով միայն մարզիկի ենթադրությունը այն մասին, որ իր մոտ պատվաստումից հետո ոտքի վարակ է կսվել և այնքան խորացել, որ բերել է ոտքի հեռացման։
Daily Star-ը հաճախ է «դեղին» լուրեր տարածում․ սենսացիոն տեղեկություն, հայտնիների կյանքի մասին սկանդալային մանրամասներ և այլն։
Պատվաստման պատճառով նման ձևով ինֆեկցիա զարգանալ չի կարող
Media.am-ը զրուցեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք պատվաստանյութը կարող է նման ինֆեկցիոն հիվանդություն առաջացնել։
✅ Համաճարակաբանը նշեց, որ բուն պատվաստանյութը նման ինֆեկցիա չի առաջացնում։ Ինֆեկցիա կարող է տեղի ունենալ, եթե ներարկումը կատարվի ոչ ստերիլ կերպով, բժշկի ձեռքերը կամ բուժառուի մաշկը մաքուր չլինեն և ներարկման հետ որևէ ինֆեկցիայի հարուցիչ անցնի բուժառուի օրգանիզմ։
✅ Մերի Տեր-Ստեփանյանը նաև հայտնեց, որ նույնիսկ եթե ոչ ստերիլ ներարկումից ինֆեկցիա սկսեր, մի քանի ժամում նման բարդություն զարգանալ չէր կարող։ Այսինքն՝ Armnews-ի նկարագրած «կտրուկ վատացումը» նույնպես հավանական չէ։
Վրաստանում պատվաստումից հետո վարակի դեպքերի մասին լուրը
Բրիտանացի մարզիկի մասին լուրը Armnews-ի մայիսի 8-ի «Հակիրճ լուրեր» բաժնում միակ բացասական լուրը չէր պատվաստանյութերի մասին։
Ալիքը՝ հղում տալով ռուսական TASS գործակալությանը, հայտնեց, թե Վրաստանում պատվաստումից հետո 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Այս լուրի համար կարևոր լրացուցիչ տեղեկությունը եթերում չհայտնվեց՝ Վրաստանում արդեն պատվաստված է 58,533 մարդ, և 300 վարակվածը այս թվի ընդամենը 0,5%-ն է կազմում։
✅ Որևէ պատվաստանյութ հարյուր տոկոսով չի բացառում վարակվելու հավանականությունը։ Նույնիսկ ամենաբարձր արդյունավետություն ունեցող պատվաստանյութերը տալիս են վարակից խուսափելու մոտ 95% հավանականություն։
Այսինքն, ArmNews-ի հնչեցրած 300 վարակվածը նշանակում է, որ Վրաստանում պատվաստումները եղել են նույնիսկ ավելի արդյունավետ, քան սպասվում էր։
Պատվաստումից հետո մարդու օրգանիզմին 2-3 շաբաթ ժամանակ է հարկավոր իմունիտետ ձևավորելու համար։ Այդ ընթացքում մարդը կարող է վարակվել, ինչի պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս շարունակել կրել դիմակ և ախտահանել ձեռքերը նույնիսկ պատվաստումից հետո։
Կարևոր է նաև հիշել, որ պատվաստանյութերի հիմնական նպատակը ոչ թե վարակները բացառելն է, այլ հիվանդության ծանր ընթացքը կանխարգելելն է։ Այսօր կիրառվող բոլոր պատվաստանյութերը տալիս են մոտ 100% պաշտպանություն հոսպիտալացումից և մահից։
Այսպիսով՝ Armnews հանրային առողջությանը վերաբերող տեղեկությունը հայտնելիս բաց է թողել բժիշկների կարծիքը՝ շեշտադրելով միայն պատվաստումների և ինֆեկցիայի միջև ենթադրյալ կապը։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման ինֆեկցիա չի կարող առաջանալ պատվաստանյութից․ այսպիսի բան կարող է պատահել, եթե ներարկումը կատարվի ոչ ստերիլ։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: