Ապրիլի 26-ի երեկոյան Հայաստանի տարածքային կորուստների մասին միանգամից երկու լուր տարածվեց։
Նախ «Ապառաժի» հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել էր, որ ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը։
«Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են եկել և դիրքավորվել: Զինվորականների հետ բանակցություններում ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»,- ասել էր համայնքապետը:
Լուրը ճիշտ էր
Այսօր media.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատեց լուրը, որ ադրբեջանական բանակը Մարտակերտի շրջանում առաջ էր տվել դիրքերը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ ժամեր առաջ դիրքերը արդեն իսկ հետ են տարվել։ Ինչի հետ էր կապված դիրքային նման առաջխաղացումը, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել։
Ալիևների ընտանեկան զբոսանքը Սյունիքում չէր
Նույն օրը երեկոյան արդեն սկսվեց քննարկում Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ինստագրամյան լուսանկարների շուրջ։ Ալիևան հրապարակած լուսանկարներին կից գրել էր, որ ինքն ու ընտանիքի անդամները ճանապարհ են բռնել դեպի Ջաբրայիլ և Զանգելան։
Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանը վերահրապարակել էր լուսանկարները՝ նշելով, որ «Ալիևն արդեն իր ընտանիքի հետ Սյունիքի մարզով ազատ տեղաշրժվո՞ւմ է․․․․ Սոսիների պուրակն է, որը Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ է մտնում»։
Ավելի ուշ այս լուրը հաստատեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հայտնելով, որ լուսանկարներն իրոք արվել է Սոսիների պուրակում։ Լուրը տարածեցին մի շարք լրատվականներ՝ aysor.am, mamul.am, blognews.am, panorama.am և այլն։
Դեռ 2020-ի դեկտեմբերին Շրջական միջավայրի նախարարությունը հերքել էր լուրերը, թե «Սոսու պուրակ» արգելավայրից որևէ հատված զիջվել կամ կրճատվել է։ Այսօր նախարարությունը ևս մեկ անգամ տարածեց պարզաբանող նույն տեքստը՝ հավելելով, որ Ալիևների հրապարակած նկարն արվել է Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի մոտ։
Թե որտեղ է արվել լուսանկարները, հստակորեն ասել հնարավոր չէ, քանի որ «Սոսիների պուրակի» և «Բասիտչայի» արգելոցիի բնությունն իրար շատ նման են։ Սակայն Infocom.am-ը գրել էր, որ Ալիևների ընտանիքը հավանաբար ոչ թե «Սոսիների պուրակում» էր, այլ «Բասիտչայի» պետական արգելոցում։ Այդ մասին տեսանյությում հայտնել էր ինքը՝ Ալիևը։
Մեհրիբան Ալիևայի՝ նույն օրվա ընթացքում հրապարակած տեսանյութերից հասկանում ենք, որ նրանք գտնվել են Միջնավան համայնքում։ Այս համայնքը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայնտվել է Ադրբեջանի ազդեցության գոտում։
Ինչպես տեսնում ենք՝ Միջնավանի դպրոցը և տեսանյութում երևացող կառույցը նույնական են։
Միջնավանից դեպի Բասիտչայի պետական արգելոց մոտ 10 կմ է։
«Սոսիների պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ Իսկ Ներքին Հանդը շարունակում է մնալ հայկական ուժերի վերահսկողույան տակ։
Արցախի կառավարությունը 2018-ին որոշում ընդունեց, որով Հայաստանի Հանրապետության «Սոսիների պուրակ» պետական արգելավայրին կից՝ Ծավ գետի ողողադաշտում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 164,4877 հեկտար տարածքում պետք է ստեղծվեր «Սոսիների պուրակ» պետական արգելավայր։
Այսպիսով, չնայած, որ երեկ երեկոյան Մարտակերտի շրջանում ադրբեջանցի զինվորականները 370 մետր առաջխաղացում են ունեցել, այժմ, ԱՀ կառավարության փոխանցմամբ, նրանք կրկին վերադարձել են նախնական դիրք։
Ինչ վերաբերում է Ալիևների՝ Սյունիքի «Սոսիների պուրակում» զբոսնելուն, ապա այդ տեղեկությունը կեղծ է։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: