2021.04.02,

Ստուգված է

Բաց աղբյուրներով հետաքննություններ՝ Հայաստանի փաստեր ստուգողներից

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 2-ը փաստերի ստուգման միջազգային օրն է, որի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել փաստերի կարևորության մասին։

Ի տարբերություն հետաքննությունների և լրագրողական այլ ժանրերի՝ փաստեր ստուգելու հիմնական սկզբունքը բաց աղբյուրներով աշխատելն է։ Սակայն, բացի լուր ստուգելուց, այս գործիքակազմով հնարավոր է հետաքննություններ կատարել՝ գտնել կապեր, պարզել իրողություններ և այլն։

Media.am-ը փաստերի ստուգման միջազգային օրվա առիթով որոշել է ամփոփել, թե ինչ բաց աղբյուրներով հետաքննություններ են արել Հայաստանի փաստեր ստուգող լրագրողները վերջին մեկ տարում՝ 2020-ի ապրիլից սկսած։ 

«Հայերը Բաքվում»․ հայկական կայքերը կասկածելի տեսանյութ էին տարածում

2020-ի սեպտեմբերի 9-ին Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի կայքերը և այլ հարթակներ տարածել էին «սենսացիոն տեսանյութ», իբրև հայ տղամարդը քայլում է Բաքվում, բարևներ փոխանցում ադրբեջանական ոստիկանությանն ու անվտանգության աշխատակիցներին։

Media.am-ը ուսումնասիրեց տեսանյութը և պարզեց, որ այն ունի մի շարք տարօրինակություններ։ Տեսանյութի աղբյուրը կասկածելի յություբյան էջ է։ Դրանում առկա են խմբագրման հետքեր․ հնարավոր է տեսաշարը նկարահանվել է առանձին, իսկ խոսող տղամարդու ձայնը հետագայում է ավելացվել։ Ավելին, տեղորոշման միջոցով հնարավոր եղավ պարզել, որ տեսանյութը նոր չէ․ սա մեզ օգնեցին հասականալ  լանդշաֆտային դիզայնը և արբանյակային պատկերները։ 

Արբանյակային պատկերները օգնում են փաստեր ստուգել և հետաքննել

Արբանյակային պատկերները, որոնք հասանելի են վճարովի և անվճար հարթակներում, բաց աղբյուրներով հետաքննության գործիքակազմից են։ Դրանց միջոցով կարելի է տեղորոշումներ իրականացնել, գտնել վայրի փոփոխության հետագիծը և կատարել այլ բացահայտումներ։ Ահա նման ևս երկու օրինակ․

1️⃣ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերվել է
Նոյեմբերի 19-ին fip.am-ն ուսումնասիրեց տարածվող բովանդակությունը, տեղորոշեց ու պարզեց, որ Շուշի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է։ Ամիսներ հետո հրապարակված արբանյակային պատկերում վնասը ակնհայտ երևում էր։ 

2️⃣ Գյանջայի օդանավակայանը «հօդս» չէր ցնդել
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Ապա ցանցում տարածվել էին այն «ապացուցող», իսկ իրականում իրադարձության հետ կապ չունեցող լուսանկարներ։ Արբանյակային պատկերն ամիսներ անց ապացուցեց, որ օդանավակայանը կանգուն է։ 

Ադրբեջանն արգելված սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Արցախի դեմ

Բաց աղբյուրներով հետաքննություններ անելուն օգնում է տեղեկությունների հավաքագրումը, համադրումն ու հակադրումը։ 

2020-ի հոկտեմբերի վերջին հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը օգտագործել է քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակ։ Հրապարակվեց տեսանյութ։ Սակայն, դեռ ապացուցված չէր կիրառվածը սպիտակ ֆոսֆո՞ր էր, թե՝ ոչ։

«Փաստերի ստուգման հարթակը», հավաքելով առկա փաստերը և տեսողական նյութերը, ապացուցեց, որ կիրառվածն իսկապես սպիտակ ֆոսֆոր է։ Սրա համար հարթակը նախ պարզել էր ֆոսֆորային զենքի այրման առանձնահատկությունները, ապա ուսումնասիրել էր տեսանյութերում երևացող ծխի այրումը։ Պարզվել էր, որ դրանցում առկա են ֆոսֆորային զենքի այրումը տարբերակող երեք հիմնական հատկանիշները՝ թանձր սպիտակ ծուխը, վառ դեղինից սպիտակի փոխվող կրակը և ճայթյունով այրումը: 

Կարծիքն ապացուցվում էր Արցախում պատերազմի օրերին նկարահանող «Բարս Մեդիա» ընկերության տրամադրած տեսանյութերի միջոցով։ Կայքը առկա նյութերը համեմատել էր այլ երկրներում ֆոսֆորային զենքի հաստատված կիրառման տեսանյութերի հետ։ Նմանությունն ակնհայտ էր։ 

Ինչ ճանապարհով էին Թուրքիան և Ադրբեջանը վարձկաններ տեղափոխել Սիրիայից՝ Հարավային Կովկաս

Լրագրողների և հետազոտողների ձեռք բերված բազմաթիվ վկայություններն ու վիզուալ ապացույցները մեկտեղեց և համադրեց media.am-ը։ Արդյունքում ստացվեց վերակառուցել այն ուղին, որով անցել էին վարձկանները Հարավային Կովկաս հասնելու համար:

Արցախյան պատերազմի մեկնարկից օրեր անց Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին, որ Սիրիայից վարձկաններ են տեղափոխվել Հարավային Կովկաս: Այս լուրին անդրադարձան միջազգային առաջատար լրատվամիջոցները։ Մինչդեռ Անկարան և Բաքուն բազմիցս և կտրականապես հերքեցին այս լուրը։

Mediaport-ի հետևում կանգնած է ՎԵՏՕ-ական Նարեկ Մալյանը  

Բաց աղբյուրներով հետաքննության միջոցով կարելի է նաև կապեր բացահայտել։

Պատերազմի օրերից մեծ լսարան հավաքեցին տելեգրամյան ալիքները, որոնց բովանդակությունը նույնությամբ տարածում են լրատվամիջոցները։ Այսպիսի տեղեկատվության աղբյուրերից է Mediaport ալիքը, որը ստեղծվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերի 11-ին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ալիքի բովանդակությունը, այն համադրել այլ աղբյուրների հետ, ինչի արդյունքում լուրջ հիմքեր է ունեցել պնդելու, որ այն ուղիղ կապ ունի աջ ծայրահեղ պահպանողական «ՎԵՏՕ» շարժման, դրա հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հետ։

Mediaport-ի տարածած բովանդակությունը վայրի, ժամի առումով համընկնում էր ՎԵՏՕ-ի տարածած բովանդակությանը։ Կայքը ստեղծել էր այսպիսի համընկնումների մի ամբողջ քարտեզ:

Իրադարձություններ, որոնք լուսաբանվել են և՛ Mediaport-ի, և՛ ՎԵՏՕ-ի կողմից, fip.am

Mediaport-ի տարածած բովանդակության զգալի մասն անանուն աղբյուրներին հղում տվող լուրեր են, ապատեղեկատվություններ, կոնտեքստից կտրված, բամբասանքի մակարդակի տեղեկություններ։ Իսկ այս բովանդակությունը, ինչպես պարզել է այս հետաքննութունը,  հաճախ տարածում են ընդդիմադիր կեցվածք և ընդդիմադիր ուժերի հետ կապ ունեցող լրատվամիջոցները։

Ֆեյքերի ֆաբրիկան ֆեյք նյուզ դուրս եկավ

Նույն Mediaport ալիքով տարածվեց դրա հետ փոխկապակցված ՎԵՏՕ-ականների՝ իշխանության օգտին աշխատող և ազատամարտիկներին հայհոյող ֆեյքերի ֆաբրիկա «բացահայտելու» լուրը։ Պատերազմի ավարտից օրեր անց մի խումբ քաղաքացիներ տեսագրել էին, թե ինչպես են մտնում «ֆեյքերի ֆաբրիկա», ֆիքսում աշխատակիցների դեմքերը, հարցեր ու ամոթանք տալիս նրանց։

Տասնյակ հազարավոր դիտումներ հավաքած տեսանյութերի հեղինակներն իրականում, մտել էին ոչ թե «ֆեյքերի ֆաբրիկա», այլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակ։ Սա ապացուցվում էր տեսանյութի տեղորոշմամբ, դրանում առկա տվյալների համադրությամբ։ 

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Տեղորոշման մեկ այլ առիթ էլ եղավ այս տարվա մարտին։ Amnew.site սունկ կայքը տարածել էր տեսանյութ, որում երևում էին Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատներ։ Mediaport տելեգրամյան ալիքը պնդել էր, որ «հրապարակած տունը» գնտվում է Լոս Անջելեսում։ Իրականում ալիքը ստուգել էր հրապարակման միայն գլխավոր նկարը, որը տեսանյութում առկա չէ և իսկապես գնտվում է ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։ Infocom-ն ուսումնասիրեց հրապարակված տեսանյութը, տեղորոշեց ու պարզեց որոշ տների Արցախում գտնվելու կոնկրետ վայրը։

Հայկական Սու-30ՍՄ-երի նկարներում երևում են հրթիռներ, որոնք, ըստ Փաշինյանի, Հայաստանը չէր հասցրել գնել

Մարտի վերջին համացանցում հայտնվել էին հայկական Սու-30ՍՄ-երի լուսանկարներ՝ կործանիչի թևի տակ երևացող կառավարվող օդ-օդ տեսակի հրթիռներով։ Նախկինում վարչապետ Փաշինյանը ասել էր, թե մինչև պատերազմը Սու-30ՍՄ-երի համար հրթիռներ գնել չէին հասցրել, այդ պատճառով էլ դրանք մարտի մեջ չմտան։

Media.am-ն ուսումնասիրեց լուսանկարները, տեղորոշեց ու պարզեց, որ դրանք արվել են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում՝ առնվազն 2020-ի հունիսից հետո։ 

Dior, Gucci, Louis Vuitton. Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը

Բաց աղբյուրներով հետաքննություններ կարելի է անել նաև պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների սոցցանցային ակտիվությունը ուսումնասիրելու միջոցով։

Մարտի 1-ի գործով դատական հերթական լսումների օրը Պաշտպանության նախկին նախարար, այս գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը կրում էր իտալական Moncler բրենդի 2018 թվականի  հավաքածուից բաճկոն, որի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։ Սեյրան Օհանյանն այլևս պետական պաշտոնյա չէ, սակայն երկար տարիներ նրա եկամուտը, ըստ հայտարարագրերի, պետական ծառայողի աշխատավարձն ու կենսաթոշակն են եղել, իսկ նրա կնոջ եկամուտը՝ միայն աշխատավարձը։ 

Հիմնվելով այն լուսանկարների վրա, որ Ռուզաննա Խաչատրյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, Media.am-ը պարզեց, որ Օհանյանի պաշտոնավարման տարիներին նրա կինը և երեխաները հաճախ էին կրում լյուքս դասի բրենդերի հագուստ և իրեր, որնցից որոշների գինը կարող է հասնել է մի քանի հազար դոլարի։ Շքեղ հագուստով նկարները Ռուզաննա Խաչատրյանը հրապարակում էր նաև ամուսնու պաշտոնանկությունից հետո։ 

—-

Փաստերի ստուգման միջազգային օրվա միջոցառումների շարքը համակարգում է Փոյնթեր ինստիտուտի Փաստերի ստուգման միջազգային ցանցը։ Այս օրվա համար ստեղծվել է factcheckingday.com կայքը, որտեղ կարող եք գտնել փաստերի ստուգման կրթական նյութեր, ինչպես նաև փորձել ուժերը ինտերակտիվ թեստերով։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *