Մարտի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, հայտարարեց, որ Զանգեզուրի վրա թուրքերի հարձակման նարատիվը Հայաստանում տարածում է ընդդիմությունը։ Ըստ Գրիգորյանի՝ այդ մասին գրել է ընդամենը երկու պարբերական՝ մեկը Հունաստանում, մյուսը՝ Իրանում։
«Եկեք ֆիքսենք, որ և՛ Հունաստանում, և՛ Իրանում մեկական պարբերականներ են դրա մասին խոսել, և դրանք երբ եկել են հայաստանյան մամուլ, ներկայացվել է, որ այդ ամբողջ երկրի մամուլն է դրա մասին խոսում, մինչդեռ իրականաությունն այն է, որ մեկ պարբերական Հունաստանում, մեկ պարբերական Իրանում է խոսում։ Մյուս խնդիրն այն է, որ այս պարբերականները կապված են փողոցի ընդդիմության, ավելի կոնկրետ՝ Դեմիրճյան փողոցի ընդդիմության ուժերի հետ։ Ընդդիմությունը, հասկանալով, որ պատերազմի նարատիվը Հայաստանում չի կարողանում ավելի մեծ ինտենսիվությամբ առաջ տանել, սկսում է օգտագործել միջազգային մամուլը»,- ասել է Գրիգորյանը։
Այս թեմային անդրադարձել էր նաև նորաստեղծ civic.am հարթակը՝ իր «Ինչո՞ւ են իրանական և հունական 2 աղբյուրները Սյունիքի դեմ պատերազմ գուժում» հոդվածում, որտեղ հեղինակը նույն պնդումներն էր անում, ինչ Արմեն Գրիգորյանը,մասնավորապես շեշտում, որ հունական և իրանական այս երկու աղբյուրներն էլ փոխկապակցված են հայաստանյան ընդդիմության հետ՝ չբերելով ասվածն ապացուցող որևէ փաստ։ Հոդվածն արտատպել էին araratnews.am-ն ու armtimes.com-ը։
Հարցազրույցում հիշատակվում է հունական Greek City Times-ի և իրանական Azariha-ի անունները, որոնք իսկապես գրել էին Սյունիքի վրա հարձակման հավանականության մասին և նշել, որ Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկա է կուտակվում։
Պնդումը, թե լուրի ներթափանցումը հայաստանյան մամուլ կապված է երկու այս լրատվականների հրապարակումների հետ, ճիշտ չէ։ Նույն Greek City Times-ն իր հոդվածում նշում է, որ լուրի աղբյուրը InfoBrics-ն է:
Ինչպես նշված է կայքում՝ InfoBrics-ը Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ոչ ֆորմալ խմբի՝ BRICS-ի ինֆորմացիոն պլատֆորմն է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Այսպիսով՝ հունական Greek City Times-ը, որն ըստ Արմեն Գրիգորյանի և որոշ լրատվականների, կապված է հայաստանյան ընդդիմության հետ և վերսկսվող պատերազմի նարատիվն է առաջ տանում, իրականում ոչ թե տեղեկատվության հեղինակն էր, այլ տարածողներից մեկը։
Իրականական լրատվականների դեպքում Azariha-ն միակն էր, որտեղ հաջողվեց այս լուրը գտնել։ Մյուս լրատվամիջոցներում լուրը իսկապես չէր տարածվել, թեպետ հայկական մամուլը մարտի 24-ին ահազանգում էր, թե իրանական ԶԼՄ-ները հայտնում են տեխնիկայի կուտակման և Թուրքիայի՝ Սյունիքը գրավելու մտադրության մասին։
Նոր պատերազմը ընդդիմության նարատիվը չէ
Հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարը լուրի տարածումը կապում է հայաստանյան ընդդիմության և ընդդիմադիր մամուլի հետ, սակայն Հանրային ռադիոյի կայքում այն ևս հայտնվել էր։
Վերնագրի բառացի թարգմանությունն է՝ «Թուրքիան նպատակ ունի հարձակվելու Հայաստանի Սյունիք նահանգի վրա»։ Հանրային ռադիոն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավման և հնարավոր նոր պատերազմի մասին տեղեկատվությունը տարածել էր նաև 2020 թվականի դեկտեմբերին՝ փոխանցելով Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերը։ Վերջինս, ի դեպ, բազմիցս հարցարույցներում ասել է, որ կա գաղտնի հրաման, որով Հայաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերացվի։
Արմեն Գրիգորյանը խոսում է ընդդիմության օժանդակությամբ շրջանառվող նարատիվի մասին, սակայն իշխանության անունից ևս խոսվել է Ադրբեջանի կողմից Սյունիքը գրավելու վտանգի մասին։ Հիշենք, որ իշխող «Իմ քայլ»-ից ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գլխավորած Երկրապահ կամավորալան միության՝ մարտի 12-ի հայտարարությունը, որում վարչությունը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քան որ «հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճել»։
Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավմամբ հնարավոր նոր պատերազմը Հայաստանի դեմ չի սահամափակվում ներհայաստանյան քննարկումներով։ Սյունիքի գրավման սպառնալիքն առաջին հերթին գալիս է Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերլուծաբանների հայտարարություններից։ Հիշենք թուրքական 2020 թվականի դեկտեմբերին TGRT հեռուստաընկերության լուրերի եթերում հաղորդավար Էքրեմ Աչըքելի ներկայացրած քարտեզը, որում Սյունիքի մարզը ներկայացվում է Արդրբեջանի մաս։
Ալիևի «անգնահատելի» ներդրումը՝ թեզի տարածման հարցում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս փոքր դեր չի ունեցել այս լուրերի տարածման գործում։
Հիշենք նրա՝ 2018 թվականի հայտարարությունը, որ Երևանը ադրբեջանցիների պատմական տարածքն է, հետևաբար այն վերադարձնելը քաղաքական նպատակ պետք է դառնա։ Կամ 2019-ին Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը։
Պատերազմից հետո այս ռազմատենչ հռետորաբանությունը ևս շարունակվել է. 2020-ի դեկտեմբերին Ադրբեջանում ընթացող «Հաղթական» զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը չխուսափեց շրջանառության մեջ դնել հին թեզը և հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճ) և Երևանը մեր պատմական հողերն են։
Առավել թարմ օրինակ է Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովը, երբ Ալիևը գործընկերներին հրավիրեց օգտագործելու «զանգեզուրյան միջանցքը», իսկ Զանգեզուրը կրկին անվանեց «պատմական ադրբեջանական» տարածք։
Երեկ՝ մարտի 31-ին, Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին Ալիևը հերթական անգամ խոսեց «Նախիջևանի միջանցքի» մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանեց ադրբեջանական տարածք՝ « … Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը»։
Բերված օրինակներից ակնհայտ է դառնում, որ ընդդիմությանը վերագրվող քաղաքական նարատիվը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավմամաբ նոր պատերազմ սկսելու և Զանգեզուրը գրավելու մասին, տարածվել է թե՛ իշխանության, թե՛ իշխանամերձ մամուլի կողմից։ Այս խոսակցություններն օրակարգում հայտնվել են ոչ միայն իրանական և հունական լրատվականների միջնորդությամբ, այլ այդ մասին գրել են տարբեր այլ լրատվականներ։ Եվ ամենակարևորը՝ Զանգեզուրի գրավման սպառնալիքի մասին թույլ չի տալիս մոռանալ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ իր բազմաթիվ հայտարարույթուններով։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: