2021.03.17,

Ստուգված է

Լրատվական Մատրյոշկա․ լուրերը արտատպվում են ռուսական և տեղական աղբյուրներից

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» (ՄՆԿ) 2020-ին կատարել է հետազոտություն՝ ուսումնասիրելով նույն տարվա ընթացքում՝ մինչև պատերազմը Հայաստանում օրակարգային գլխավոր 3 թեմաները՝ կորոնավիրուս, Արցախյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա։

Այս հոդվածում Media.am-ը ուսումնասիրել է ՄՆԿ հետազոտության մեջ դիտարկված երեք կայքերի՝ News.am-ի, Tert.am-ի և 168.am-ի կորոնավիրուսի թեմայով հոդվածների աղբյուրները։  

ՄՆԿ հետազոտությունը պարզել է, որ ընտրված ժամանակահատվածում հրապարակված հոդվածների մեծ մասը արտատպված է սոցիալական ցանցերից կամ այլ լրատվամիջոցներից։ Նյութերի միայն 15%-ն է պարունակել լրագրողի կողմից վերլուծություն։  

Մեկ այլ հոդվածում պատմել ենք, թե որ ֆեյսբուքյան էջերին էին ամենից շատ հղում անում News.am-ը և 168.am-ը։ Իսկ այս նյութում կպարզենք, թե որ լրատվական կայքերն էին ամենից հաճախ դառնում տեղեկության աղբյուր News.am-ի, Tert.am-ի և 168.am-ի համար։ 

Լրատվական աղբյուրները մենք դասակարգել ենք ըստ տարածաշրջանների՝ հաշվի առնելով դրանց հիմնադրման երկիրը։ Միջազգային լրատվականները նույնպես դասակարգվել են ըստ հիմնադրման երկրի՝ անկախ այն բանից, թե հղումը արվում էր լրատվամիջոցի մայր կայքին, թե այլ երկրում գործող դրա մասնաճյուղերին։ Օրինակ՝ Reuters-ը դասակարգվել է որպես բրիտանական լրատվամիջոց, իսկ Спутник-ը՝ ռուսական։

Եթե կարդալու ժամանակ չունես․ ի՞նչ ենք մենք պարզել

  • Մեր ուսումնասիրած կայքերը հաճախ են տեղեկությունը ամբողջությամբ վերցնում երկրորդական կամ երրորդական աղբյուրներից։ Երբեմն սա նմանվում է ռուսական Մատրյոշկա խաղալիքին․ կայք 1-ը հղում է անում կայք 2-ին, այն իր հերթին հղում է անում կայք 3-ին, իսկ դա էլ՝ կայք 4-ին։  
  • News.am-ը և Tert.am-ը ամենից հաճախ տեղեկությունը վերցնում են ռուսական լրատվամիջոցներից։ Ամենամեջբերվող ռուսական կայքերը խոշոր պետական լրատվական գործակալություններն են՝ ТАСС-ը և РИА Новости-ն։
  • 168.am-ը տեղեկությունը հիմնականում վերցնում է տեղական աղբյուրներից։ Առավել հաճախ այս կայքը արտատպում է News.am-ի բովանդակությունը, որն իր հերթին տեղեկությունը վերցնում է ռուսական պետական աղբյուրներից։ Երկրորդ տեղում Armeniasputnik.am-ն է, որը կազմում է Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված Спутник գործակալության մաս։ Սա նշանակում է, որ բոլոր երեք ուսումնասիրված կայքերի դեպքում ռուսական պետական լրատվականները դառնում էին այն ֆիլտրը, որի միջոցով հայաստանյան ընթերցողին էր հասնում ամենատարբեր, այդ թվում՝ մեր անմիջական հարևան երկրներին վերաբերող տեղեկությունը։ 
  • Հղումների քանակով երկրորդ և երրորդ ամենամեջբերվող լրատվականները բրիտանական և ամերիկյան կայքերն էին՝ Reuters-ը, Associated Press-ը ու The Daily Mail-ը։ Առաջին երկուսը խոշոր լրատվական գործակալություններ են (թեև պետական չեն, ինչպես ТАСС-ը և РИА Новости-ն)։ Իսկ The Daily Mail-ը բրիտանական թաբլոիդ է և հաճախ սենսացիոն բովանդակություն ունի։

News.am 

Մենք ուսումնասիրել ենք News.am-ի՝ «կորոնավիրուս» և «covid» բառերը պարունակող 6,505 հայերեն հոդված, որոնցից առանձնացրել ենք հիպերհղումներ պարունակող նյութերը՝ բացառելով հղումները Ֆեյսբուքին․ ֆեյսբուքյան աղբյուրների մասին պատմել ենք մեր նախորդ հոդվածում։ Արդյունքում ստացել ենք 1,156 հիպերհղումների ցանկ, որի 86%-ը (994 հղում) կազմել են լրատվական կայքերը։  

News.am-ը ամենից շատ հղում էր անում ռուսական լրատվականներին՝ 281 անգամ, ինչը կազմում է ընդհանուր հղումների 24%-ը։ Այս հղումների կեսից ավելին պետական խոշոր ТАСС (90 հղում) և РИА Новости (60 հղում) լրատվական գործակալություններին էին։ 

Հղումների քանակով երկրորդ տեղում բրիտանական լրատվականներն էին (234 հղում)։ Պետք է հաշվի առնել, որ, ինչպես և ռուսական կայքերին դեպքում, այս հղումների զգալի մասը՝ 37%-ը, ոչ թե զուտ բրիտանական լրատվամիջոցներից է, այլ միջազգային խոշոր լրատվական գործակալությունից՝ Reuters-ից։ Նույնն է պատկերը նաև ամերիկյան աղբյուրների դեպքում՝ 161 հղման 22%-ը Associated Press լրատվական գործակալությանն է։ 

Մեր տարածաշրջանի երկրների մամուլում կորոնավիրուսի մասին հրապարակումները News.am-ը մեջբերում էր տարբեր հաճախականությամբ։ Կայքը 31 անգամ մեջբերել է իրանական լրատվամիջոց, 21 անգամ՝ վրացական, որից 6-ը ռուսական պետական Спутник գործակալության վրացական մասնաճյուղին հղումներ էին։ Ադրբեջանական լրատվականներ կայքը չի մեջբերել, իսկ թուրքական մամուլին հղում է արել միայն երկու անգամ։ 

Տեղական մամուլի՝ կորոնավիրուսի թեմայով հրապարակումներին News.am-ը հղում է արել 122 անգամ։ Ամենամեջբերված հինգ կայքերն են 168.am-ը, hetq.am-ը, shamshyan.com-ը, yerevan.today-ը և hraparak.am-ը։

Այսպիսով՝ News.am-ն առավել հաճախ տեղեկությունը վերցնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունից։ Սակայն ТАСС-ին հղում անող 90 հոդվածներից միայն 12-ն էին վերաբերում ռուսաստանյան նորություններին։ Հոդվածների մեծ մասը (61-ը) վերաբերում էր տարբեր երկրներում կատարվող իրադարձություններին, ընդ որում՝ ամենից հաճախ հանդիպում էին ամերիկյան լուրերը (11 անգամ)։ 

Այսինքն՝ հայաստանյան ընթերցողին տարբեր երկրների մասին լրատվությունը հասնում էր ռուսական պետական լրատվականի «միջնորդավորմամբ»։ 

Հոդվածների 14%-ում News.am-ը մեջբերում էր ТАСС-ին, իսկ ТАСС-ն իր հերթին մեջբերում էր որևէ այլ լրատվական։ Օրինակ՝ հոդվածներից մեկում ասվում է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Չինաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, սխալմամբ թույլ են տվել նոր կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին Ամերիկայի առաջնորդը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը»։ 

168.am 

Այս կայքի դեպքում ուսումնասիրվել է «կորոնավիրուս» և «covid» բառերը պարունակող 5,164 հայերեն հոդված։ Հաշվի են առնվել նաև ենթակայքի՝ blog.168.am-ի տվյալները։ Հոդվածներից առանձնացվել է 860 հիպերհղում, որից 723-ը (84%-ը) եղել է այլ լրատվական կայքից։ Բացառվել են հղումները Ֆեյսբուքին։

Ի տարբերություն News.am-ի, 168-ի աղբյուրների գերակշիռ մասը տեղական է։ Կայքը հայկական լրատվամիջոցներին հղում է արել 549 անգամ, ինչը կազմում է բոլոր լրատվամիջոցների հղումների 76%-ը։ 

Ամենամեջբերվող լրատվականներն են եղել news.am-ը՝ 281 անգամ, ինչպես նաև armenpress.am-ը, tert.am-ը, artsakhpress.am-ը և hraparak.am-ը։ Երկու դեպքում 168.am-ը մեջբերել է տեղական սունկ կայքերի հրապարակումները։  

Արտասահմանյան լրատվամիջոցներից 168.am-ը ամենից շատ հղում է արել ռուսական աղբյուրներին՝ 141 անգամ, հիմնականում՝ ռուսական պետական Спутник գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ 128 անգամ։ 

Այլ երկրների լրատվականներին կայքը հղում է արել ընդամենը 34 անգամ, ինչը հղումների 5%-ից էլ պակաս է։ 

Տարածաշրջանի երկրներից 168.am-ը հղում է արել միայն վրացական (3 անգամ) և ադրբեջանական (3 անգամ) լրատվամիջոցների։ 

Այսպիսով՝  168.am կայքի ամենամեջբերված աղբյուրը հայկական News.am-ն է (281 անգամ)։ Ընդ որում՝ առավել հաճախ մեջբերվում էր News.am-ի՝ առողջապահական թեմաները լուսաբանող ենթակայքը՝ Med.news.am-ը։ 

Այդ հոդվածների կեսից ավելին՝ 158-ը, ունեն նաև երկրորդ կամ երրորդ աղբյուր։ Առավել հաճախ այդպիսի աղբյուր են եղել РИА Новости-ն (15 անգամ), The Daily Mail-ը (11 անգամ) և ТАСС-ը (10 անգամ)։

Օրինակ՝ «Ինչպիսին է իրականում օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը» հոդվածում 168.am-ը ամբողջությամբ արտատպել է News.am-ի տեքստը, որն իր հերթին տեղեկությունը վերցրել է РИА Новости-ից, իսկ այն էլ հղում է արել անգլերենով և իսպաներենով գործող edicionmedica.com.co կայքին։  

Որոշ դեպքերում 168.am-ը արտատպել է չճշտված կամ սխալ տեղեկություն։ Օրինակ՝ մայիսին հրապարակված «Գերմանացի փորձագետ-ախտաբանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու անհնարինության մասին» հոդվածը հիմնված էր ռուսալեզու med-heal.ru սունկ կայքի հայտնած տեղեկության վրա։ Իհարկե, մայիսին չկար որևէ վստահություն, որ ի վերջո կհաջողվի ստեղծել այնպիսի պատվաստանյութ, որը կլինի թե՛ արդյունավետ, թե՛ անվնաս։ Սակայն սունկ կայքից արտատպած հոդվածում հայտարարվում էր, որ պատվաստանյութ ստեղծելը առհասարակ անհնար է, չնայած որ այդ ժամանակ պատվաստանյութերը արդեն փորձարկումներ էին անցնում։

Tert.am

Tert.am-ի դեպքում տեխնիկապես հնարավոր չեղավ կայքից ներբեռնել ամբողջական տվյալները։ Այդ պատճառով Tert.am-ի ուսումնասիրման մեր մեթոդաբանությունը տարբերվել է նախորդ երկու դեպքերից։ News.am-ում և 168.am-ում մենք առանձնացրել էինք կորոնավիրուսի մասին հոդվածներում հանդիպող հիպերհղումները։ Սակայն Tert.am-ի դեպքում առանձնացվել են հոդվածների վերնագրում նշված աղբյուրները։ Օրինակ․ ««Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս» վերնագրից մենք առանձնացրել ենք «Հրապարակ» թերթը որպես տեղեկության աղբյուր։ 

Tert.am-ը պատկանում է «Քառյակ մեդիա» ընկերությանը, որի հիմնադիրները ՀՀԿ նախկին պատգամավորներ են։ «Քառյակ մեդիայի» կազմի մեջ է մտնում նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որի տարբեր հաղորդաշարեր հաճախ են մեջբերվում Tert.am-ում։ Նման մեջբերումները այս տվյալների բազայում ընդգրկված չեն։ 

Մենք ուսումնասիրել ենք Tert.am-ի՝ «կորոնավիրուս» և «covid» բառերը պարունակող 5,968 հայերեն հոդված։ Այս հոդվածների վերնագրերից մենք առանձնացրել ենք այլ լրատվական կայքերի 1,148 հիշատակում։ 

Ինչպես News.am-ի, այնպես էլ Tert.am-ի աղբյուրների ցանկում առավել հաճախ են հանդիպում ռուսական լրատվականները՝ 355 անգամ, ինչը ընդհանուր աղբյուրների շուրջ 31%-ն է։ Այս մեջբերումների ճնշող մեծամասնությունը՝ 75%-ը, արվել է պետական երկու խոշոր լրատվական գործակալություններից՝ РИА Новости-ից (184 անգամ) և ТАСС-ից (82 անգամ)։ 

Ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները կազմում են Tert.am-ի աղբյուրների 22%-ը և 17%-ը համապատասխանաբար։

Ամերիկյան ամենամեջբերվող աղբյուրը CNN-ն է, իսկ բրիտանականը՝ Daily Mail-ը։ Հետաքրքիր է, որ Daily Mail-ը թաբլոիդ է, այսինքն՝ այն հաճախ սենսացիոն բովանդակություն ունի։ 

Տեղական լրատվամիջոցները Tert.am-ը մեջբերել է 202 անգամ, ինչը կազմում է աղբյուրների 17%-ը։ Ամենից հաճախ կայքը հղում է արել «Հրապարակ» թերթին՝ 69 անգամ, այնուհետև՝ «Փաստ», «Ժողովուրդ», «Իրատես» և «168 ժամ» լրատվականներին։ 

Այսպիսով՝ Tert.am կայքի ամենամեջբերված աղբյուրը ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունն է՝ 184 անգամ։ 

Այդ հոդվածներից 36-ը վերաբերում էր ռուսաստանյան,  ևս 9-ը՝ համաշխարհային լուրերին (օրինակ՝ ՄԱԿ-ի կամ ԱՀԿ-ի հայտարարություններին)։ 129 հոդված պատմում էր երրորդ երկրներում կատարվող իրադարձությունների մասին, որից 24-ը ԱՄՆ, իսկ 20-ը՝ Չինաստանի մասին։ Մեր հարևաններ Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի մասին հաղորդվում էր 25 հոդվածում։ 

РИА Новости-ն մեջբերող հոդվածները առավել հաճախ պատմում էին տարբեր երկրներում համաճարակային իրավիճակի, սահմանափակումների և կարանտինային ռեժիմի պահպանման մասին։ 

Որոշ դեպքերում կայքը հայտնում էր սխալ կամ չճշտված տեղեկություն։ Օրինակ՝ ապրիլի 24-ին Tert.am-ը՝ հղում տալով РИА Новости-ին, հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սխալ պնդումն այն մասին, թե արևի ճառագայթները մեկ րոպեում ոչնչացնում են կորոնավիրուսը։ Ի դեպ, РИА Новости-ն նշել էր, որ Թրամփը չէր ասել թե որտեղից է վերցրել նման տեղեկություն։ Սակայն Tert.am-ը հոդվածը թարգմանելիս այս նշումը բաց էր թողել՝ արդյունքում Թրամփի սխալ պնդումը մատուցելով առանց որևէ կերպ ընթերցողին նախազգուշացնելու։

Ուսումնասիրված երեք լրատվականները հաճախ աշխատում են Մատրյոշկա խաղալիքի տրամաբանությամբ

Այսպիսով, News.am և 168.am կայքերի դեպքում մենք ուսումնասիրեցինք կորոնավիրուսի մասին հայերեն հոդվածների մեջ հանդիպող հիպերհղումները։ Պարզեցինք, որ եթե News.am-ը ամենից շատ հղում էր անում ռուսական լրատվամիջոցներին, ապա 168.am-ի աղբյուրների մեծամասնությունը տեղական էին։ Կարևոր է հաշվի առնել, որ այս տվյալները վերաբերում են միայն հիպերհղումներին։ Այսինքն՝ եթե կայքերը որևէ լրատվականի էին մեջբերել, բայց չէին տեղադրել դրա հիպերհղումը, ապա մեր տվյալներում այդ մեջբերումը չի արտացոլվել։

Tert.am կայքի դեպքում մենք ուսումնասիրել ենք կորոնավիրուսի մասին հայերեն հոդվածների վերնագրերում նշվող աղբյուրները։ Պարզվել է, որ Tert.am-ը, ինչպես և News.am-ը, առավել հաճախ հղում էր անում ռուսական լրատվամիջոցներին։ 

Բոլոր ուսումնասիրված կայքերը լուրերը հաճախ հաղորդում էին ռուսական Մատրյոշկա խաղալիքի տրամաբանությամբ․ դրանք տեղեկությունը վերցնում էին մեկ այլ լրատվականից, որը իր հերթին այն վերցրել էր երրորդ լրատվականից, երրորդ լրատվականն էլ վերցրել էր չորրորդից։ 

News.am-ի և Tert.am-ի ամենամեջբերվող աղբյուրները ռուսական պետական լրատվականներն էին։ 168.am-ի դեպքում ռուսական պետական լրատվամիջոցը երկրորդ ամենամեջբերվողն էր։ Սա նշանակում է, որ հայաստանյան ընթերցողին տարբեր երկրների մասին տեղեկությունը հասնում էր ռուսական պետական մամուլով «միջնորդավորված»։ Սա վերաբերում էր նույնիսկ Հայաստանի անմիջական հարևան երկրներից եկող լուրերին։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *