Հունվարի 4-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը, որտեղ վարչապետն անդրադարձել էր արցախյան բանակցային գործընթացներին՝ փորձելով բացատրել պատերազմի ծագման պատճառը։ Հոդվածում նշվում էր, որ ռուսական առաջարկները նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ որևէ կերպ չանդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։
«2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»,- գրել էր Փաշինյանը։
Օրեր անց՝ հունվարի 13-ին, հոդվածի այս հատվածին իր հարցազրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հերքելով վարչապետին. «Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին»։
Ավելի ուշ Պոպովին արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը․ «Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է. Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»։
Արցախյան բանակցային գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով:
Որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակել են լրագրողները, ներկա կամ նախկին պաշտոնյաները և այլոք (1 2 3)։ Փորձեցինք հասկանալ, ի վերջո, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ռուսական առաջարկներում եղե՞լ է ԼՂ ստատուսի հարց, թե՞ ոչ, և ո՞ր պաշտոնյաների խոսքն է առավել ճշմարտամոտ։
Ռուսական առաջարկներ կամ «Լավրովի պլան»
Լավրովի՝ այսպես կոչված «պլանի» կամ «փաստաթղթի» մասին սկսեցին խոսել 2015-ի ավարտին ու 2016-ի սկիզբին: Ինքը՝ Սերգեյ Լավրովը, տարբեր անգամներ հերքել է «Լավրովի պլանի» գոյությունը.
2016-ին` «Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի: Կան մի շարք փաստաթղթեր՝ շուրջ 5-ը, որոնք համանախագահները պատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը կարգավորման հիմնական սկզբունքների ձևավորման մասին էր»:
2017-ին՝ «Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի։ Այժմ քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկություններն են, որոնք մշակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից»։
Պաշտոնական Մոսկվան, միևնույն ժամանակ, տարբեր առիթներով նշել է, որ բանակցությունների հիմքում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած հայտնի սկզբունքներն են։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Դրա հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները»։
Որո՞նք են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում (1998-2008) համանախագահները հակամարտող կողմերին ներկայացրել են երեք նախագծեր՝ «Ընդհանուր պետություն», «Քի Ուեսթ», «Մադրիդյան սկզբունքներ»։
Վերջինը 2007-ի նոյեմբերին Մադրիդում կողմերին ներկայացվեց՝ որպես բանակցությունների հիմք։ Հետագայում հակամարտության բոլոր կողմերը (ՀՀ, ԼՂ, Ադրբեջան) համաձայնեցին այն ընդունել։ Այս փաստաթուղթը սահմանում էր կարգավորման Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներ․
- ինքնորոշման իրավունք,
- տարածքային ամբողջականություն,
- ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման բացառում։
Դրանք ոչ թե խնդրի կարգավորման մեխանիզմներ էին, այլ սկզբունքներ, որոնց շուրջ էլ բանակցում էին։ Պաշտոնական Մոսկվան հաճախ խոսել է բանակցությունների հիմքում դրված այս սկզբունքներից՝ շեշտելով դրանց անփոփոխելիությունը (այդ թվում ԼՂ ժողովրդի ինքնորոշման)։
Ի՞նչն է խնդիրը
Ճիշտ է՝ իր հայտարարություններում ՌԴ-ն խոսել է հիմնարար սկզբունքների պահպանման՝ իր և մյուս համանախագահների դիրքորոշման մասին։ Բայց միևնույն ժամանակ շեշտել, որ կողմերը տարբեր կերպ են տեսնում այդ սկզբունքների իրագործման հաջորդականությունը:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, որը գաղտնազերծել էր Մադրիդյան փաստաթուղթը և Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակը (և այդ գաղտնազերծումները պաշտոնական հերքում չեն ստացել) գրում է, որ Ղարաբաղյան կարգավորման «Պուտինի պլանը» ենթադրում է երկու հիմնական փաթեթ.
- Հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,
- Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով։
Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը իսկապես դուրս չի մնացել ՌԴ առաջարկների փաթեթից, սակայն կարգավիճակի հարցը թողնվել է անորոշ ապագային:
Այս տեսակետը պնդեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դեկտեմբերի 17-ի ասուլիսի ժամանակ ասելով. «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա այն պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ որոշվի ապագայում»։
Սերգեյ Լավրովի՝ 2020-ի հոկտեմբերի 14-ի հարցազրույցում ևս նկատելի է, որ ԼՂ ինքնորոշման կամ ստատուսի հարցը ապագայում լուծելիք խնդիր է։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմը չէր կարող առաջարկների փաթեթում չանդրադառնալ Ղարաբաղի ինքնորոշման հարցին, քանի որ ինքնորոշման հարցը բանակցությունների հիմքում դրված երեք սկզբունքներից մեկն էր, սակայն պաշտոնական Մոսկվայի հայտարարություններից հասկանում ենք, որ հարցը թողնված էր ապագային։
Ե՞րբ բանակցությունները մտան փակուղի
Իգոր Պոպովը հարցազրույցում նաև ասել է, որ կարգավորման փուլային ծրագիրը ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել. «Այդ առաջարկներում, թեև լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը բանակցություններն էին կանոնավոր կերպով` մինչև 2018 թվականը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։
Այսպիսով բանակցային տրամաբանության փոփոխության համար Պոպովն անուղղակի մեղադրում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Փորձենք հասկանալ՝ գործող կառավարության որ քայլերը կարող էին հակասել բանակցային գործընթացի տրամաբանությանը։
Հիմնախնդրի լուծման՝ փաշինյանական մոդելը
Նիկոլ Փաշինյանը փորձեց առաջ քաշել կարգավորման գործընթացի սեփական մոտեցումները, որոնք էապես տարբերվում էին նախորդներից։ Ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է ուսումնասիրել նրա ներկայացրած 6 կետերը, որոնք անվանվեցին Մյունխենյան սկզբունքներ։
Այս կետերից հարկ է առանձնացնել երկուսը, որոնք պարբերաբար հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը.
- Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, ՀՀ վարչապետը լիազորված չէ ներկայացնելու Արցախի տեսակետը,
- Լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին։
ՌԴ արտաքին դիվանագիտությունն այս մոտեցումներից առնվազն մեկին դրական է արձագանքել։ Լավրովը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան կատարած այցի ժամանակ նշել էր՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել.
«Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»։
Հակասությունը ընտրված սկզբունքների և ելույթների միջև
Օգոստոսի 30, 2019
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպած հանրահավաքին և ելույթում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Մարտի 30, 2019
Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը. «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։
Մարտի 1, 2019
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Արցախ աշխատանքային այցի ժամանակ հայտարարում է․ «… Մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։
Այդ հայտարարություններին ՌԴ մոտեցումը մեկն էր. «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում։
ՊՆ և ԱԱԾ ղեկավարների հայտարարությունները ևս արձագանք գտան, սակայն պաշտոնական Բաքվի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Տոնոյանի հայտարարությունը որակեց սադրիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին դեմ։ Հատկանշական է, որ Տոնոյանը դա ասել էր Վիեննայում՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո, որտեղ հայտարարվել էր խաղաղությանը միտված մթնոլորտի հաստատման մասին։ Արթուր Վանեցյանին արձագանքը ևս չուշացավ․ հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ արեց Մինսկի խմբի համանախագահներին քննադատել Հայաստանի ղեկավարության քայլերը՝ «․․․ Ակնհայտ փորձ է արվում բանակցային գործընթացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը։ Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության հայտարարությունները համահունչ չէին տարվող բանակցությունների տրամաբանությանն ու դրանց հիմքում դրված սկզբունքներին։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: