2020.10.08,

Ստուգված է

Թվիթերյան պատերազմ․ #DontBelieveArmenia vs #FactsAboutAzerbaijan

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հոկտեմբերի 6-7-ը թվիթերում հայտնվեց նոր թրենդ՝ #DontBelieveArmenia։ Մինչ այդ այս հեշթեգը օգտագործվել էր մի քանի անգամ, բայց չէր կիրառվել սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի օրերին։

Այս հեշթեգի տակ հավաքվում է հակահայկական բովանդակություն և ադրբեջանական քարոզչություն, Խոջալուի դեպքերից կադրեր։ Հայաստանին չհավատալու ադրբեջանական կոչին ի պատասխան նույն օրը հայկական թրենդներում հայտնվեց նոր հեշթեգ՝ #FactsAboutAzerbaijan՝ փաստեր Ադրբեջանի մասին։ Եվ սա տեղեկատվական պատերազմի մի բաղադրիչն է միայն։

Հեշթեգը թվիթերում մասնագիտական շրջանակի ուշադրությունը գրավեց

#DontBelieveArmenia-ի մասին թվիթեր կատարեցին միջազգային հարթակներում աշխատող մի քանի լրագրող։ Բաց աղբյուրներով հետաքննությամբ զբաղվող Բենջամին Սթրիկը հեշթեգի տվյալները հավաքեց ու գրեց, որ իր ներբեռնած տվյալներով հեշթեգը սպամ անող հաշիվների մեծ մասը ստեղծվել է հոկտեմբերի 4-6-ը։

DFRLab-ից Զարինե Խարազյանը գրեց, որ նման թրենդներ առաջանում են վերջին շաբաթում Հայաստանին և Ադրբեջանին առնչվող գրեթե բոլոր հեշթեգերի դեպքում։ Դրանք օգտագործող հաշիվների մեծ մասը ավտոմատացված չի թվում, բայց կան ֆեյսբուքյան մեծ խմբեր, որ այս ամենը համակարգում են։

Ոչ ավտոմատացված եղանակով #DontBelieveArmenia հեշթեգի տարածման մասին գրեց նաև @conspirator0-ը՝ նկատելով, որ դրան կից բովանդակությունը շատ կրկնվող է։

Հոկտեմբերի 7-ին տեղական ժամանակով  20։00-ի դրությամբ #DontBelieveArmenia հեշթեգը շուրջ 500.000 անգամ օգտագործվել է՝ մոտ 46,000 օգտատիրոջ կողմից։ Այսինքն, յուրաքանչյուր օգտատեր հեշթեգը կիրառել է միջինը 10 անգամ։

հեշթեգ թվիթ

Հեշթեգը՝ media.am-ի խոշորացույցի տակ

Media.am-ը որոշեց անդրադառնալ ադրբեջանական թրենդային հեշթեգին և այն կիրառած օգտատերերին։ Այս նպատակով մենք հավաքեցինք հոկտեմբերի 6-ի առաջին կեսին՝ հեշթեգի օգտագործմամբ 41,000-ից ավել գրառում։ Պարզվեց, որ դրանց ճնշող մեծամասնությունը անգլերեն է։ Մյուս հրապարակումները բազմալեզու են՝ ճապոներենից մինչև ռուսերեն։

Հոկտեմբերի 6-ի մեր հավաքագրած գրառումներից միայն 5-ն է հայերեն։ 5-ն էլ՝ ոչ հայ օգտատերերից։ Դրանք տառացիորեն կրկնել են նույն նախադասությունը՝ «Հայաստանի բանակը պետք է լքի Ադրբեջանը։ Խաղաղության այլ ճանապարհ չկա»։

Մենք գրառումների այս մեծ բազայից առանձնացրեցինք օգտատերերին՝ բացառելով օգտատերերի կրկնությունը։

հեշթեգի թվիթ

4,836 հաշվի գրեթե կեսը ստեղծվել է 2020 թվականին։ Դրանք ամենաշատը բացվել են հուլիսին՝ տավուշյան էսկալացիայի ամսին և հոկտեմբերին՝ թվիթերյան «մի հավատա Հայաստանին» արշավի ժամանակ։

Հեշթեգն օգտագործած մի քանի կասկածելի օգտահաշիվ

Հոկտեմբերին բացված ադրբեջանական որոշ հաշիվներ տարօրինակ վարք ունեն՝ քիչ հետևորդ և ոչ համաչափ շատ թվիթեր։ Ահա նման մի քանի օրինակ հոկտեմբերի 8-ի 14։00-ի դրությամբ։

կասկածելի թվիթեր հաշիվներ

Ուշագրավ է որոշ օգտատերերի հաշիվների նկարագրությունը․ մի մասի դեպքում կրկնվող միտք է՝ “Karabakh is Azerbaijan!”։

#DontBelieveArmenia հեշթեգը ամենաշատը կիրառած օգտատերերից որոշները ստեղծվել են հուլիսին։ Սրանք ևս անհամաչափ շատ թվիթներ են կատարել։

թվիթերյան հաշիվներ կեղծ

Հոկտեմբերի 8-ին #DontBelieveArmenia-ն Ադրբեջանում թվիթերի թրենդերում այս հեշթեգն այլևս չկա։

Տեղեկատվական մարտերը

Պատերազմը սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Տրանսպորտի, կապի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարը հայտնեց, որ Հայաստանի մեծամասշտաբ պրովոկացիաները կանխելու համար երկրի ամբողջ տարածքում ինտերնետ կապի հասանելիությունը սահմանփակվել է։ Netblocks.org-ը գրել էր սոցցանցերի (այդ թվում Թվիթերի), նաև մեսինջերների արգելափակման մասին։

Չնայած սահմանափակումներին, ադրբեջանցիները շարունակում են ակտիվ լինել հատկապես Թվիթերում։

«Իրականում պրոպագանդիստներ էլ կան այնտեղ, որոնք կոնկրետ աշխատում են։ Իրենց համար, բնականաբար, հատուկ պայմաններ ստեղծված կլինեն, որ անխոչընդոտ հրապարակեն», – ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։ Նաև նկատում, որ ադրբեջանական թվիթերյան ակտիվությանը նպաստող մեկ այլ հանգամանք էլ երկրից դուրս ապրող ադրբեջանցիներն են։

Բայց այդ, Ադրբեջանում հոկտեբերի 7-ի դրությամբ ամենահաճախ ներբեռնված ծրագրերը VPN-ն համակարգերն են, որոնք թույլ են տալիս IP հասցեն փոխելով շարունակել օգտվել արգելված ծրագրերից։

Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի թվիթերյան հատվածի մասով ուսումնասիրություն է կատարել «Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտ»-ը։ Հոկտեմբերի 8-ին հրապարակված ուսումնասիրությունը ևս փաստում է՝ կողմերը լայնածավալ, համակարգվող գործողություններ են կատարում։

Հայկական կողմի մասին ուսումնասիրությունում գրված է, որ օգտատերերը թիրախավորում են անգլալեզու մեդիաների հաշիվները, ԱՄՆ ինֆլուենսերներին։ Թուրքական և պակիստանական հաշիվերը աջակցում են Ադրբեջանին, հնդկականները՝ Հայաստանին։ Զեկույցի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *