2020.09.29,

Ստուգված է

Սոցցանցերում Ադրբեջանի կողմից համակարգվող ցանցը ներառում է «Հրապարակ» թերթ ներկայացող կեղծ էջ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հայ-ադրբեջանական լայնածավալ բախումների ժամանակ համացանցում հայտնվեց հայկական լրատվականի կեղծ էջ, որը կոչ էր անում մարդկանց նկարել կատարվող իրադարձությունները և ուղարկել էջին։

Այս էջի տարբերանշանով նկարներ օգտագործում են նաև տասնյակ հազարավոր հետևորդ ունեցող կոտրած Ֆեյսբուքյան էջերը։

«Հրապարակ» թերթի կեղծ էջը Ինստագրամում

Ինստագրամում ստեղծվել է «Հրապարակ» թերթի կեղծ էջը՝ hraparak_tv։ Էջը, ներկայանալով որպես լրատվամիջոց, խնդրում է հետևորդներին․ «Լուսանկարեք կամ տեսագրեք ձեր հանդիպած իրադարձությունները և ուղարկեք մեզ հրապարակելու համար»:

Էջը, ամենայն հավանականությամբ, կառավարվում է Ադրբեջանից․ այն տեղադրում է տեղեկություն իբր սպանված հայ բարձրաստիճան զինվորականների, գրավված հայկական դիրքերի, մեծ կորուստների մասին։ 

Էջը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, սակայն ակտիվորեն հրապարակումներ սկսել է անել վերջին օրերի հայ-ադրբեջանական բախումների ժամանակ։ 

Էջը ունի նաև տարբերանշան, որը երբեմն տեղադրվում է հրապարակվող լուսանկարների վրա։

25,000 և 30,000 հետևորդ ունեցող հայկական կոտրած էջերը խուճապ առաջացնող բովանդակություն են տարածում

Hraparak_tv կեղծ էջի տարբերանշանով նկարները օգտագործում են նաև Ֆեյսբուքյան Armenia CT և Toon Complex LLC էջերը։

Armenia CT-ն 25,000 հետևորդ ունի և նույնպես ներկայանում է որպես հայկական էջ, բայց տարածում է պրոադրբեջանական բովանդակություն։

Այդպես, վերջին օրերին էջը ակտիվորեն կիսում է իբր սպանված հայ բարձրաստիճան զինվորականների նկարներ, գրում հայկական կորուստների մասին։ 

Էջը ստեղծվել է դեռ 2013 թվականին «CLICS TOYS Armenia» անունով։ Էջի հին հրապարակումներում իսկապես կարելի է գտնել մանկական խաղալիքների նկարներ, ինչը վկայում է այն մասին, որ էջը ինչ-որ պահի կոտրել են։ Այժմ դրա ադմինների գտնվելու երկրի մասին տեղեկությունը տեսանելի չէ՝ թաքցվել է էջի երկու համակարգողների կողմից։ 

Նույն բովանդակությունն է տարածում մեկ այլ կոտրված հայկական ֆեյսբուքյան էջ՝ Toon Complex LLC։ Այս էջը ստեղծվել է 2012-ին որպես տան պարագաների խանութ։ Ինչպես և նախորդ դեպքում՝ էջի կառավարման վայրը թաքցվել է էջի երկու համակարգողների կողմից։ 

Էջերը կառավարվում են նույն կետից

Այս բոլոր էջերը գրեթե նույն բովանդակությունն են տարածում։ Դրանք բոլորը օգտագործում են նույն տարբերանշանը։ Ավելին՝ հրապարակումների տեքստերը արտատպած են՝ դրանցում  առկա է նույն տառասխալը։ 

Էջերը տեղադրում են հին լուրեր, օրինակ, որ գեներալ Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով (լուրը երեք ամսվա վաղեմության է)։ Սպանված զինծառայողների մասին լուրերը հաճախ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերից են։ 

Էջերի հետ մեկտեղ նույն բովանդակությունը տարածում են կոտրված օգտատերերի հաշիվներ։

Երկու էջն էլ օգտագործում են Hraparak_tv կեղծ էջի տարբերանշանը։ Նույնական բովանդակության հետ մեկտեղ սա կարող է վկայել այն մասին, որ  Hraparak_tv,  Armenia CT և Toon Complex LLC կեղծ կամ կոտրված էջերը կառավարվում են նույն կետից։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *