2020.06.27,

Ստուգված է

Ռուսական բանկը հետաքրքրված էր վարչապետ Փաշինյանի մասին վատ մեկնաբանություններով

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հունիսի 11-ի երեկոյան “Dianita La Reina” անունով օգտատերը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ինքն այլևս ՎՏԲ-Հայաստան բանկի հանրային կապերի բաժնի աշխատակից չէ։

Օգտատերը ի թիվս գործատու-աշխատակից խնդրահարույց հարաբերությունների, նշել էր հեռանալու որոշումը կայացնելու վերջին առիթի մասին․ «բանկի ղեկավարության պահանջն էր ռուսերեն թարգմանել Վարչապետի մասին նողկալի մեկնաբանությունները նրա գրառումների տակ՝ Մոսկվա ուղարկելու համար»։

Նա նաև նկատել էր՝ «Կարճ ասած՝ «Լավագույն աշխատակից 2019»,-ը դուրս է եկել գործից։ Այո, ես զրկվել եմ աշխատանքից, բայց չեմ կորցրել դեմքս, արժանապատվությունս»։

Հիմա ավելի մանրամասն

“Dianita La Reina”, նույն ինքը Դիանա Աղաբեկյանը ռուսական բանկում աշխատում էր շուրջ մեկ ու կես տարի։ Media.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրանքը ստացել է հունիսի 5-ին՝ իր անմիջական ղեկավարից։

«Առաջադրանքը տրվեց հեռախոսով, բարձր ու տգեղ տոնայնության մեջ, ասելով՝ գիտեմ, գործը դուրդ չի գա, կասես դեմ եմ, բայց հենց հիմա պիտի անես՝ տնօրենի հրահանգն է: Ղեկավարս ասաց, որ շտապ է, ուղարկում ենք «Մոսկվա», – պատմում է Դիանան և պարզաբանում, որ այդպես իրենք անվանում են բանկի գլխավոր գրասենյակը:

Դիանան ասում է, որ սկզբում ՝ չպատկերացնելով հարցի լրջությունը, ղեկավարի  պարտադրանքների ներքո թարգմանել է մի քանի չեզոք մեկնաբանություն և դրանք իր աշխատանքային էլ․ հասցեից ուղարկել նրան։

«Թարգմանությունը ստանալուց հետո ղեկավարս զանգահարեց ու գոռալով պահանջեց թարգմանել վատերը՝ նշելով, որ պետք են ավելի ագրեսիվ ու վատ մեկնաբանություններ, ոչ թե սենց նեյտրալ բաներ։ Նույն օրն էլ ասացի, որ դիմում կգրեմ ու կհեռանամ բանկից», – պատմում է Դիանան։

Նա տեղյակ չէ, թե նմանօրինակ առաջադրանք ուրիշ ում է տրվել: Իսկ ինքը նմանաբովանդակ հանձնարարություն նախկինում չէր ստացել:

«Ես համարեցի այդ պահանջը ոչ միայն դավաճանություն երկրի ղեկավարի նկատմամբ, այլև՝ խղճիս ու ազգիս: Ինքս մինչև վերջ չեմ հասկանում այդ հրահանգի բուն նպատակը։ Հրապարակեցի պոստս, որ բանկի ղեկավարությունը հասկանա, որ չի կարելի բանկային գործունեությունը խառնել քաղաքականության ու միջազգային հարաբերությունների հետ», – մեզ հետ զրույցում ասած Դիանա Աղաբեկյանը:

Դիանան հավաստիացրեց, որ ունի ասածը հաստատող փաստեր։

ՎՏԲ-Հայաստան բանկի արձագանքը

Դիանա Աղաբեկյանի գրառումը հունիսի 11-ի երեկոյան մեծ արձագանք ստացավ ֆեյսբուքյան տիրույթում։ Ռուսերեն հրապարակումը թարգմանեցին և տարածեցին լրատվական կայքերը։ Գրառումը հունիսի 25-ի դրությամբ ունի 1000 հավանում և կիսվել է 213 անգամ։

Գործատու բանկը չի արձագանքել այս հրապարակմանը. չի հերքել, չի հաստատել և չի մեկնաբանել։

Մեկնաբանություն ստանալու համար հունիսի 16-ին հեռախոսով կապվեցինք բանկի հանրային կապերի բաժնի հետ, որտեղից մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Նույն օրը ուղարկված հարցման պատասխանը չստանալուց հետո՝ հունիսի 25-ին նորից կապվեցինք բանկի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ բանկի դիրքորոշումն է՝ չեն  մեկնաբանում։

Առաջադրանքի և ներքաղաքական զարգացումների օրերի համընկնում

ՎՏԲ-Հայաստան բանկի արդեն նախկին աշխատակից Դիանա Աղաբեկյանի առաջադրանքը ստանալու օրը համընկնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի հետ։

Այս օրը խորհրդարանական ընդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատեց իշխանությանը, պնդելով` տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է։ Նա նաև հայտարարեց, որ «կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի» ու առաջարկեց «բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»։

Այս իրադարձությունից հետո Ծառուկյանի շուրջ ավելի սեղմվեց քրեական գործերի օղակը։

Ծառուկյանին հունիսի 16-ին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը հանդիպեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Ծառուկյանի շուրջ զարգացումների առիթով հունիսի 18-ին իր մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի իշխող «Միացյալ Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության Գլխավոր խորհրդի նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով հանձնաժողովը։

Տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում էր, որ «2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝  նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա»:

ԲՀԿ – «Միացյալ Ռուսաստան» կապին ավելի վաղ անդրադարձել էր BBC-ի ռուսական ծառայությունը։

Ի՞նչ կապեր ունի ՎՏԲ բանկը

ՎՏԲ-ն Ռուսաստանի երկրորդ ամենամեծ բանկն է։ Այն գրասենյակներ ունի Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում, այդ թվում հետխորհրդային Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում։

ՎՏԲ խմբի մասին տեղեկությունը ՎՏԲ-Հայաստան կայքում հասանելի չէ հայերենով։ Հղումը տանում է vtb.com կայք։

Համաձայն առկա տեղեկության ՎՏԲ բանկը հիմնադրվել է 1990-ին։ Դրա հիմնադիրներն են․

  • Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետական բանկը
  • և Ֆինանսների նախարարությունը։

Բանկի նպատակն է սպասարկել Ռուսաստանի արտաքին տնտեսական գործարքները և խթանել երկրի ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ:

Բանկի 60.93% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, 2․95%-ը՝ ադրբեջանական «Նավթային պետական հիմնադրամ»-ինն է:

ՎՏԲ բանկի սեփականատերերը

ԱՄՆ-ն 2014 թվին պատժամիջոցներ է կիրառել նաև ՎՏԲ բանկի նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայի արևելյան տարածքները ապակայունացնելու Ռուսաստանի ջանքերի:

ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է, Ռուսաստանի իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գերագույն խորհրդի անդամ և КГБ-ի նախկին աշխատակից։

Կոստինի և “Россия 1” հեռուստաընկերության հաղորդավար Նատալիա Ասկեր-Զադեի սիրային կապի, թանկարժեք տների, ՎՏԲ բանկի կողմից գնված ինքնաթիռով ճամփորդելու և յախտայի մասին 2019-ի դեկտեմբերին պատմել է ընդդիմադիր, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հինադիր Ալեքսեյ Նավալնին։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ռուսական բանկը հետաքրքրված էր վարչապետ Փաշինյանի մասին վատ մեկնաբանություններով”
  1. Naira says:

    Վաղուց գրագետ տեքստ չէի կարդացել։ Գրագետ` բոլոր առումներով։ Շնորհակալություն, հարգելի Արշալույս Բարսեղյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *