2020.05.18,

Ստուգված է

Փաշինյանի մամուլի ասուլիսը․ մանիպուլյատիվ հարցերն ու պատասխանները

Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու ժամ ներկայացրեց Հայաստանի մասին 100 նոր փաստերն ու  ավելի քան երեք ժամ պատասխանեց լրագրողների հարցերին։ Media.am-ը առանձնացրել է լրագրողների հարցերի ու վարչապետի պատասխանների մեջ հնչած մանիպուլյատիվ պնդումները կորոնավիրուսի, բռնության կոչերի ու քաղաքական ընդդիմության մասին։

Փաշինյանը պինցետով կորոնավիրուսը չէր հանում

5-րդ ալիքը Փաշինյանին հարցրեց, թե ինչու՞ է նա համավարակի տարածման մեջ մեղադրում քաղաքացիներին, և դա այն դեպքում, որ «կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով կհանենք» ու «արաղով կախտահանենք»։

Փաշինյանն ասաց, որ չի հիշում, որ «պինցետով հանելու» ու «արաղով ախտահանելու» վերաբերյալ հայտարարություն արած լինի։

Այսպիսի ձևակերպմամբ հայտարարություն Փաշինյանն արել էր մարտին՝ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։ Սակայն այն չէր վերաբերում կորոնավիրուսին։

Փաշինյանը խոսել էր պետական ապարատում աշխատող կոռումպացված պաշտոնյաների մասին և հայտարարել էր․ «կորոնավիրուսը չի վտանգավոր, այ կորոնավիրուսը նրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են։ Ու էտ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրանց գործերին»։

Այս արտահայտությունը կոնտեքստից կտրված ներկայացրել էին blognews.am-ը, hayeli.am-ը, YerevanToday-ը և այլն։

Բռնության խոսքի դեմ պայքարը և «գլուխները քարով ցխել»-ը

Factor TV-ն, արձանագրելով բռնության կոչ պարունակող խոսքի դեմ օրենսդրական պայքարը, հարցրեց Փաշինյանին, թե արդյո՞ք հենց նրա հայտարարություններում բռնության խոսք չկա․ «Չե՞ք կարծում, որ «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «սամասուդ անել», «ցխել» արտահայտությունների կիրառումը հարիր չէ երկրի բարձրագույն իշխանությանը»։

Փաշինյանը խոստովանեց, որ բոլորը, այդ թվում՝ ինքը, այս ուղղությամբ անելիք ունեն։ Նա նաև ասաց, որ նշված արտահայտություններից ոչ բոլորն է կիրառել։

Այս չորս արտահայտություններից Փաշինյանը չի կիրառել միայն վերջինը՝ «ցխել»-ը։ Այդ արտահայտությունը մամուլում լայնորեն տարածվել էր անցած տարվա մայիսին։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի աջակից ներկայացող Ջիվան Աբրահամյանը իր նախաձեռնած հանրահավաքին խոսել էր Արցախի իշխանությունների «գլուխները քարով ցխելու» մասին։

Այս հայտարարությունից հետո Աբրահամյանին մեղադրեցին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմից ուղղորդված լինելու մեջ։ Դոն Պիպոն այս մեղադրանքը հերքեց։

Ջիվան Աբրահամյանը նաև աչքի է ընկնում որպես Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ակտիվ քննադատ։ Գասպարյանը հերքել էր իր դեմ ցույց կազմակերպած Աբրահամյանի մեղադրանքները։ Միաժամանակ, Գասպարյանը հայտարարել էր Դոն Պիպոյի «վարձու ակտիվիստների» կողմից իր դեմ սկսված արշավի մասին։

«Լուսավոր Հայաստան»-ի և Միքայել Մինասյանի կապը

Para TV-ն հարցրեց, թե վարչապետը փաստեր ունի՞ ապացուցելու Ազգային ժողովի ծեծկռտուքից հետո արված իր մեղադրանքը, թե էդմոն Մարուքյանը կապեր ունի և առաջնորդվում է նախկին իշխանությունների և Միքայել Մինասյանի ցուցումներով։

Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով այնքան է խոսվել, որ ինքը նոր բան ասելու անհրաժեշտություն չի տեսնում։ Իսկ ի՞նչ էր խոսվել։

Մայիսի 8-ին՝ ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԼՀԿ-ի և դրա ղեկավարի վարքագիծը փոխվել է «Ապօրինի գույքի բռնագանձման օրենք»-ի ընդունումից հետո։ Եվ որ այդ խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե իրենց կուսակցության, այլ «անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»։

Իշխանական թիմի այս թեմայով մեկնաբանությունները ոչ թե փաստահեն են, այլ՝ վերլուծական մակարդակում։

Օրինակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ասել էր, թե ԼՀԿ-ն և «նախկին իշխանությունների հետ կապված շատ կոնկրետ շրջանակներ»-ը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ՝ բերելով օրինակներ։ Բացատրել էր՝ միշտ չէ, որ համագործակցությունը լինում է հանդիպմամբ և ձեռքսեղմումով։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ առաջարկել էր վերցնել Մարուքյանի «անհատական պատգամավոր լինելուց» մինչև վերջին քվեարկությունները ու համոզվել, որ Մարուքյանը վատ կոնտեքստում երբեք չի տվել Միքայել Մինասյանի անունը։ Նաև ուսումնասիրել, թե ինչպես է քվեարկել օրենքներին, «որոնք անմիջականորեն վերաբերում են Միքայել Մինասյանին, նախորդ իշխանությանը»։

Վրաստան-Հայաստան զուգահեռ․ կորոնաթվեր

Henaran.am-ը հարցրեց, թե Հայաստան-Վրաստան համեմատության մեջ մեզ մոտ 7 անգամ ավելի վատ ցուցանիշը ինչո՞վ է պայմանավորված՝ Վրաստանի կեղծ վիճակագրությա՞մբ, բարի բախտո՞վ, թե՞, այնուհանդերձ, կառավարությունների աշխատանքի որակով։

Վարչապետն ասաց, թե պետք է նայել Վրաստանում ինչքան թեստ է արվում։ Նաև կարող են լինել մոտեցումների և հանգամանքների տարբերություններ։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կետրոնի տվյալներով մայիսի 17-ի դրությամբ այստեղ թեստավորվել է 39, 573 մարդ։ Հայաստանում, Առողջապահության նախարարության տվյալներով, նույն օրվա դրությամբ արվել է 40, 230 թեստ։

Վրաստանի դեպքում հասանելի չէ արված թեստերի ընդհանուր թիվը, ուստի ստույգ համեմատոթյուն իրականացնել հնարավոր չէ։ Սակայն, այս առկա տվյալները ցույց են տալիս, որ հարևան երկրի թեստավորման քանակը կտրուկ տարբեր չէ Հայաստանից՝ ի տարբերություն վարակի տարածման ծավալների։

Արշալույս Բարսեղյան, Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *