2020.04.13,

Ստուգված է

Ոչ, Մեֆլոխինը COVID-19-ը բուժող հաստատված միջոց չէ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 11-ին մի շարք կայքեր գրեցին, թե նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ամենից արդյունավետ դեղամիջոցը գտնվել է։ Որոշ դեպքերում վերնագրերն ուղեկցվում էին «փառք» և «վերջապես» արտահայտություններով։

Լուրը տարածող լրատվականներից են` hraparak.am, Irakanum.am, armday.am, ipress.am, yn.am, mediaroom.am, ինչպես նաև սունկ կայքերը՝ informative.am, newstvarm.ru, razvlekawka.ru և այլն։

Տարածվող նույն բովանդակության լիդում ասվում է․ «ռուս գիտնականները հայտարարել են, որ գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենից արդյունավետ պրեպարատը, որը ամբողջովին արգելափակում է կորոնավիրուսային ինֆեկցիայի զարգացումը»։

Լուրի սկզբնաղբյուրը Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության տարածած հաղորդագրությունն է։

Այս կենտրոնը վերակազմավորվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2004 թվի հրամանով։ Այն ՌԴ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող մարմին է, որի ղեկավարը Վերոնիկա Սկվորցովան է։ Վերջինս մինչև 2020 թվի հունվար գրեթե 8 տարի եղել է Ռուսաստանի Առողջապահության նախարարը։

Համաձայն տարածված հաղորդագրության՝ “Фармзащита” գիտաարտադրական կենտրոնում Ռուսաստանի ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող Կենտրոնական գիտահետազոտական կենտրոնի մասնակցությամբ անցկացված հետազոտություններում գնահատվել է «Մեֆլոխին» միջոցի հակավիրուսային ակտիվությունը՝ նոր կորոնավիրուսի բուժման համար։

Սկվորցովայի նույն հաղորդագրության մեջ հրապարակված պարզաբանումը հայկական կայքերը այսպես են թարգմանել․ «Ապացուցվել է, որ «Մեֆլոխինը» ամբողջությամբ արգելափակում է SARS-CoV-2 վիրուսի ցիտոպատրիկ զարգացումը բջջի կուլտուրայում՝ 2 մգ/լիտր կոնցենտրացիայում։ Նման կոնցենտրացիան արյան պլազմայում ձևավորվում է այն ժամանակ, երբ դեղամիջոցն ընդունում են թերապևտիկ դոզաներով, որոնք թույլատրված են ընդունել մարդկանց համար»։

«Մեֆլոխին»-ն ու այլ միջոցները

«Մեֆլոխին»-ը մալարիան բուժող դեղամիջոցներից է։ Դրա՝ նոր տեսակի կորոնավիրուսը բուժող և կանխարգելող հատկության լուրը ապատեղեկատվություն է որակել euvsdisinfo.eu փաստերի ստուգման հարթակը։ Այս պնդման համար հիմք է հանդիսացել «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» հրապարակած տեղեկատվությունը՝ մինչև այսօր ոչ մի կոնկրետ դեղամիջոց չկա, որը կկանխարգելի կամ կբուժի COVID-19-ը։

Euvsdisinfo.eu-ն, վկայակոչելով նոր տեսակի կորոնավիրուսի մասին Ռուսաստանից տարածվող իրենց ստուգած ապատեղեկատվությունները, պնդել է, որ սա էլ այս թեմայով մերձկրեմլյան ապատեղեկատվության արշավի մասն է։ Նույն հոդվածում նաև ամփոփել են COVID-19-ի կանխարգելման և բուժման համար ռուսական տիրույթում տարածված այլ միջոցների (ցինկ, վիտամին C և այլն) մասին իրենց հերքումները։

Euvsdisinfo.eu կայքը իր հերթին անճշտությունա է թույլ տվել «Մեֆլոխին»-ի մասին հերքման մեջ։ Մասնավորապես, նյութում պնդում է արված, թե այս միջոցը որոշ երկրներում համարվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ դեղամիջոց։ Սակայն, կայքի վկայակոչած հոդվածներում (livescience.com, bbc.com, euronews.com) խոսքը ոչ թե «Մեֆլոխին»-ի, այլ մալարիայի դեմ պայքարի այլ դեղամիջոցների՝ «Քլորոքին»-ի և «Հիդրօքսիքլորոքին»-ի մասին է։ Դրանց էֆեկտիվությունը նյութերում կասկածի տակ դրվում և զգուշացումներ են արվում դրանց թողած կողմնակի ազդեցությունների մասին։

«Քլորոքին»-ը կիրառվում է Հայաստանում

Ապրիլի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հիշեցնում է, որ «Քլորոքին»-ը վաղուց կիրառվում է Հայաստանում։ «Այն նշանակվում է հաշվի առնելով բոլոր հակացուցումները, նաև տեղեկացված համաձայնություն է կնքվում պացիենտի հետ», – բացատրում է Թորոսյանը (46:25 րոպե)։

Նախարարը պարզաբանում է, որ նման կողմնակի ազդեցությամբ դեղամիջոցի էֆեկտիվությունը գնահատվել է նաև մեր մասնագետների կողմից։ Իսկ դրա կիրառումը բացատրվում է այսպես․

«Նոր հիվանդությունների բուժումը նաև հաճախ պահանջում է տարբերակված մոտեցում ստանդարտ պրոտոկոլներից, քանի որ հայտնի չէ վերջնական բուժումը և ոչ միայն «Քլորոքին»-ին է դա վերաբերում։ Կան նաև հակավիրուսային պրեպարատներ, որոնք ուղղակիորեն ցուցված չեն կորոնավիրուսի բուժման համար, սակայն, կրկին կիրառվում են բժիշկների կողմից և ըստ արդյունքների, գնահատվում են մեր բժիշկները շարունակեն կիրառել, թե՝ ոչ»։

Ստացվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար դեռևս չկա հաստատված դեղամիջոց, սակայն, դրա բուժման համար կիրառվում են այլ դեղամիջոցներ։ Ինչ վերաբերում է «Մեֆլոխին»-ի ամենից ավելի արդյունավետությանը՝ այն հաստատված է միայն ռուսական գործակալության և ոչ «Առողջապահության համաշխարհային կազմարեպության» կողմից։

COVID-19-ի բուժման զարգացումներին տեղեկանալու համար կարելի է կարդալ այս հոդվածը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *