2020.04.02,

Ստուգված է

Նրանք հրապարակում են ստուգված տեղեկատվություն

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 2-ին արդեն չորրորդ անգամ նշվում է փաստերի ստուգման միջազգային օրը։

Ապրիլի 1-ին՝ հումորի բայց նաև մարդկանց խաբելու օրվան հաջորդող ամսաթվին նշանակված այս տոնի  նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել փաստերի կարևորության մասին։

Միջոցառումների շարքը համակարգում է Փոինթերի ինստիտուտի Փաստերի ստուգման միջազգային ցանցը։ Այս օրվա համար ստեղծվել է factcheckingday.com կայքը, որտեղ ընթերցողները կարող են գտնել փաստերի ստուգման կրթական նյութեր, ինչպես նաև փորձել ուժերը ինտերակտիվ թեստերով։

Այս տարի, COVID-19-ի ինֆոդեմիայի դեմ պայքարի համար, ստեղծվել է որոնելու հնարավորությամբ տվյալների բազա, որտեղ հավաքված են ավելի քան 45 երկրից համավարակի մասին տարածված ապատեղեկատվությունների և կեղծ լուրերի ստուգումները։

Արդեն ստուգված նյութերի համար օգտագործվում է #CoronaVirusFacts հեշթեգը։

Ինչպես կայքում է ասվում՝ փաստերի ստուգումը չպետք է լինի միայն այս գործով զբաղվող մասնագետների աշխատանքը․ ճշգրիտ տեղեկատվության էկոհամակարգը պահանջում է յուրաքանյուրի ջանքը։

Այս տոնի առիթով media.am-ը զրուցել է հայաստանյան մեդիա դաշտում փաստերի ստուգմամաբ զբաղվող հարթակների և փաստերին մեծ կարևորություն տվող մի քանի լրագրողների ու խմբագիրների հետ։

Նրանք նաև կիսվել են իրենց արած փաստերի ստուգման հետաքրքիր օրինակներով։

Հովհաննես Նազարեթյան, fip.am

Փաստերի ստուգման մասին առաջին անգամ լսել եմ դեռ 4-5 տարի առաջ, բայց ինքս դրանով սկսեցի զբաղվել 2018-ի հոկտեմբերին։

Շատ այլ մարդկանց պես, ես ևս փաստերի ստուգումը դիտարկում եմ որպես հանրային դեմքերին, մասնավորապես քաղաքական գործիչներին՝ առաջին հերթին իշխանություն ունեցող մարդկանց վերահսկելու գործիք։

Մարդկանցից քչերը ունեն բավարար ժամանակ, ռեսուրսներ և գիտելիք քաղաքական գործիչների բոլոր հայտարարությունները և մամուլի տարատեսակ հրապարակումները ստուգելու համար, այդ պատճառով էլ կարևոր է փաստեր ստուգող լրագրողների առկայությունը։

Այս տարվա փետրվարին գրված այս նյութս համարում եմ նշանակալի, չնայած, որ ստուգել եմ ոչ թե իշխանության ներկայացուցչի, այլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի հայտարարություն, որը պարզապես անպատասխանատու է և կամա թե ակամա հանրությանը մոլորության մեջ է գցում։

Օֆելյա Սիմոնյան, infocheck.am

Փաստերի ստուգմամբ զբաղվելը անհրաժեշտություն էր նախ և առաջ ինձ համար, որովհետև մեծ անվստահություն ունեի բոլոր լրատվամիջոցների ու ինֆորմացիայի նկատմամբ, որն ինձ հասնում էր։

Դա անձնական հետաքրքրության ու ամբիցիաների հարց էր, որից հետո արդեն գալիս է մարդկանց՝ ինձ հայտնի իրականության մասին տեղեկացնելու ցանկությունը։ Իսկ ամեն ինչ սկսեց fip.am-ից։

2-3 տարի առաջ այնտեղ փորձաշրջան անցնելուց հետո ծրագիր իրականացնելու առաջարկ ստացա, ինչը ինձ համար շատ կարևոր փորձառություն էր։

Դրանից հետո ճշմարտությունների հետևից մինչև վերջ գնալը դարձավ կենսական անհրաժեշտություն, ու հասկացա, որ այս լրագրությունն անհամեմատ ավելի հետաքրքիր է՝ հատկապես, երբ ինձ պես կասկածամիտ ես ու ասուլիսների հետ առանձնապես սեր չունես։

Խոսքը «Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ-ի ֆեյքերի բանակը» հետաքննության մասին է։ 2018-ի Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին շատ ակտիվ էին ֆեյք օգտատերերը, որոնք սուտ տեղեկություններ էին տարածում և լայն աջակցության իմիտացա ստեղծում։

Դրանց գոյությունը շատերի համար գաղտնիք չէր, բայց խնդիր կար ապացուցներ հավաքելու։

Դրանք գտնելու ակնկալիքով անցա աշխատանքի ԲՀԿ-ի գրասենյակում ու մոտավորապես 10 օր «ֆեյքապահությամբ» զբաղվեցի, հավաքեցի անհրաժեշտ փաստեը, որոնք հետագայում հրապարակվեցին։

Վահե Սարուխանյան, Hetq.am

Փաստերի ստուգումը «Հետք»-ում եղել է խմբագիրների ուսերին, բայց քանի որ վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք հետաքննություններ հրապարակում, խմբագիրների գործն այս առումով մի փոքր ծանրացել է:

Բացի դրանից՝ այլևս «Հետք»-ում չէ փաստերի ստուգմամբ զբաղվող մեր նախկին աշխատողը:

Դրա համար գլխավոր խմբագրի կողմից այս տարեսկզբին առաջարկ եղավ հիմնական աշխատանքից (ես ինքս լրագրող եմ) զատ՝ զբաղվել հետաքննություններում առկա փաստերի ստուգմամբ, ինչն ընդունեցի:

«Հետք»-ը OCCRP ցանցի անդամ է, ու ինքս OCCRP-ում հետաքննություններ հրապարակելուց առաջ «իմ մաշկի վրա» զգացել եմ, թե ինչ է նշանակում անցնել փաստերն ստուգողի «մանրադիտակի» տակով ու ներկայացնել փաստաթղթեր կամ այլ ապացույցներ նյութում հրապարակված գրեթե յուրաքանչյուր փաստական տվյալի վերաբերյալ:

Լուսանկարը՝ Deeptree-ի

Փաստերի ստուգման առումով ուզում եմ հիշել 2014 թվի իմ նյութը։ Ես ինֆորմացիա ունեի, որ մարզահամերգային համալիրը հանվել էր հարկադիր աճուրդի մի գնով, որի որոշման համար հիմք էր հանդիսացել ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանին փոխկապակցված անձանց կատարած գնահատումը:

Փաստաթղթերում առկա ստորագրությամբ հաջողվեց հիմնավորել այն։

Կարինե Ղազարյան, media.am

Կարծում եմ, լրագրողի աշխատանքի իմաստը հանրային կարևորություն ունեցող հավաստի, վստահելի տեղեկության մատուցումն է։

Լրագրողը պետք է պարզի իրականությունը և լուսաբանի այն, ոչ թե կրկնի իր զրուցակիցների ասածները, այլապես ամբողջ աշխատանքը տեղեկության մեխանիկական փոխանցման է վերածվում։

Համ էլ՝ փաստերի ստուգումը հաճախ շատ հետաքրքիր գործ է․ ոնց որ փազլ հավաքես, որի մասնիկներից մի քանիսը չկան։

Ամենահետաքրքիր լուրերից, որ ստուգել եմ վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանի օրենք խախտելով իր ընկերության տնօրենը լինելու մասին պնդումն էր․ ինքս էլ էի զարմացել, երբ պարզեցի կեղծ տեղեկությունը ինչպես է դարձել մամուլում շրջանառվող հոդված։

Անի Գրիգորյան, fip.am-ի գլխավոր խմբագիր

Կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններն ու լուրերը վտանգ են ժողովրդավարական արժեքների համար, և մեր՝ փաստերի ստուգողների աշխատանքն հենց այդ ապակողմնորոշող հայտարարությունների ու պնդումների բացահայտումն է։

Փաստերի ստուգումը թերևս հետաքննական լրագրության մի մաս է, որը մշտապես եղել է իմ ամենասիրելի ճյուղերից։

Հենց դա է պատճառը, որ յոթ տարի աշխատելով լրագրող, որոշում կայացրի փոխել պրոֆիլս և զբաղվել ֆակտ չեքինգով, քանի որ Հայաստանում կա այս մասնագետների բաց։

Մենք՝ փաստերի ստուգմամբ զբաղվողներս, իհարկե, ձանձրանալու ժամանակ չունենք։

Թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները իրենց հայտարարություններում պարբերաբար օգտագործում են փաստեր, որոնք սխալ են կամ որոշ չափով են սխալ կամ էլ մանիպուլյատիվ են։

Եվ մեր ամենօրյա լարված աշխատանքով փորձում ենք բացահայտել այդ ապատեցեկատվությունները։

Լուսանկարը՝ Սարգիս Խարազյանի

2019 աշնանը Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը տեղադրված էր միայն Հայաստանի դրոշը, ինչը քննարկման առիթ էր դարձել։

Քննադատում էին նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ փորձով դավադրությունների նոր տեսություններ առաջ քաշել։

Ես ուսումնասիրեցի նախորդ նախագահների հանդիպումներից կադրեր և պարզ դարձավ, որ սա առաջին անգամ չէր։

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Տեղեկատվության ստուգումն այսօր առավել կարևոր է դառնում։ Մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը կարող են կյանքեր խլել, ինչպես դա եղավ Իրանում, ուր մարդիկ, հավատալով բամբասանքներին, զանգվածային մեթիլային սպիրտ էին խմել, ինչը հարյուրավոր մարդկանց կյանք էր խլել։

Բացի դրանից, կեղծ լուրերը տագնապ և խուճապ են առաջացնում։

Եվ այս ամենից օգտվում են նաև հանցագործները, որոնք էմոցիոնալ ծանր ֆոնի վրա զանազան խաբեություններ են հորինում, տարածում և մարդկանցից գումար կործում։

Լուսանկար` «Progress of Gyumri» ՀԿ-ի

Ես վերջին օրերին հիմնականում զբաղվում եմ հենց կիբեր֊հանցագործներով, որոնք սարսափելի ակտիվացել էին կորոնավիրուսի ֆոնի վրա։

Նաև փորձում եմ բացահայտել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հատուկ գործողությունները, երբ «կոտրված» հայասատնայան օգտատերերի հաշիվների միջոցով Ֆեյսբուքում տարածում են խուճապ առաջացնող կեղծ տեղեկատվություն կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։

Սիրանույշ Գևորգյան, «Ազատություն ռադիոկայան»-ի Երևանի բյուրոյի գլխավոր խմբագիր

Մեզ համար շատ կարևոր է մեր ընթերողների վստահությունը չկորցնելը ու միայն հավաստի տեղեկատվություն մատուցելը։ Այս պահին ֆակտչեքերներ չունենք։

Այդ գործն առաջին հերթին դրված է լրագրողի վրա, որը պարտավոր է կասկածելի ինֆորմացիան հրապարակելուց առաջ ստուգել առնվազն երկու աղբյուրից։

Սա է հիմնական կանոնը, որի շնորհիվ կարողանում ենք խուսափել ապատեղեկատվություն տարածելուց։ Բացի այդ, խմբագրի գործն է ապատեղեկատվություն թույլ չտալը։ Խմբագիրը պարտավոր է շատ աչալուրջ լինել և ամեն ինչին կասկածել։

Ես ինքս ամեն ինչին կասկածով եմ վերաբերվում, երբեք չեմ թողնում, որ զգոնությունս բթանա։

Նույնիսկ շատ հասարակ բաների դեպքում, նորից խնդրում եմ լրագրողին ստուգել, նորից զանգել, նորից հաստատում ստանալ։

Լուսանկարը՝ Հրայր Թամրազյանի

Արդեն 4 տարի է, որ գլխավոր խմբագիրն եմ և մատներիս վրա երևի կկարողանամ հաշվել դեպքերը, որ ինչ-որ ապատեղեկատվություն ենք տարածել։

Մեկ դեպք եմ հիշում այս պահին, երբ Ադամ Շիֆի անունով հայելային կայք էր ստեղծվել՝ ընդամենը մեկ տառ փոխելով, որը հաղորդագրություն էր տարածել, թե բանակցություններ էին եղել և Շիֆը խոստացել էր օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Մենք շատ արագ հայտնաբերեցինք, որ դա կեղծ կայք է, հեռացրեցինք նյութը, ներողություն խնդրեցինք մեր ընթերցողներից և տեղեկացրեցինք, որ բովանդակությունը չէր համապատասխանում իրականությանը։

Նաև անմիջապես Ադամ Շիֆի գրասենյակի հետ կապվեցինք, որտեղից մեզ գրավոր մեկնաբանություն տվեցին այդ ապատեղեկատվության հետ կապված, նաև հրապարակեցինք մեր հարցման պատասխանը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *