Ավտոմեքենաների ներմուծման ու մաքսազերծման թեման տեղական մեդիայի համար վերածվել է քլիքաբեր երակի:
Վերջին երեք տարիներին լրատվամիջոցները պարբերաբար հիշեցրել են իրենց ընթերցողներին, որ 2020-ից երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման համար գործելու են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը: Մաքսատուրքերը էականորեն բարձրանալու են:
Այս ընթացքում մեքենաների ներմուծման բարձր տեմպը ցույց է տալիս, որ մարդիկ տեղյակ են և հնարավորինս պատրաստվել են փոփոխությանը:
Ինչքան մոտենում է մաքսադրույքների փոփոխության ժամկետը, այնքան շատ են այս թեմայով հրապարակված նյութերը։ Հանրության շրջանում էլ խորանում է սպասվող փոփոխության հետ կապված անհանգստությունը:
Տարածում են տեղեկություններ, որոնք ստուգված և հիմնավորված չեն, կիսատ են և չեն արտացոլում իրականությունն ու բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները:
Հիմա քննարկենք մի քանի թարմ օրինակներ:
«Մեքենաների դեֆիցիտ կա, պահուստավորել են, որ ավելի թանկ վաճառեն»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել են» իրենց մեքենաները, որ դրանք հունվարի 1-ից հետո վաճառեն կրկնակի թանկ գնով:
Հոդվածի աղբյուրները մեքենաների վաճառքով զբաղվող մասնագետն է և Ավտոներկրողների միության նախագահը: Երկուսն էլ ոլորտի մասնագետ են և հետապնդում են բիզնես նպատակներ, հոդվածում չկա պետական հատվածի ներկայացուցչի, վիճակագրի, տնտեսագետի և այլ մասնագետների կարծիքը:
«Ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. Կառավարությունը դեռ տաք է»
Մեքենաների թեմայով անհանգստություն առաջացնող բովանդակության պակաս չունի 168.am-ը:
Վերլուծական նյութում հեղինակը գրում է, որ կան մտահոգություններ, թե մաքսային նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու պահին կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, եթե շարունակվի նույն տեմպով մեքենաների գնումը։
«Կասկած չկա, որ կգտնվեն բազմաթիվ ներմուծողներ, ովքեր չեն հասցնի տեղավորվել սահմանված ժամկետների մեջ։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ կառավարության համար»,- գրում է կայքը։
Հետևանքների մասին գրելը լավ է, իսկ ավելի կարևոր և օգտակար կասկածները հիմնավորել կամ փարատել՝ խոսելով ՊԵԿ-ի մաքսային ծառայության ներկայացուցչի, տնտեսագետի, ճգնաժամերի կառավարչի և այլ մասնագետների հետ:
«Ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին․ ինչ է կատարվում «Փոթի»-ում»
«Ժողովուրդ» օրաթերթը թեման ուշադրության կենտրոնում է պահում: Այս անգամ գրում է, որ իր տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ:
«Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան»,- գրում է կայքը:
Նյութի աղբյուրը ավտոներկրող է: Հրապարակման մեջ չկա իրական պատմություն, նամակագրության օրինակ, որը կարող է հաստատել, որ նման բան եղել է: Չկա նաև հիշատակում ընդդեմ վրացական կողմի դատական հայցի մասին, գրավոր բողոք և այլ ապացույցներ:
«Հունվարից, փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են. շուկան լրիվ քանդվում է. ավտոներկրող»
168.am-ի նյութում միակ աղբյուրը նորից ավտոներկրողն է, որն ասում է, թե միջին խավի համար մեքենաները կարող են կրկնակի թանկանալ: Նա ասում է, որ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:
Մեքենաների թանկացման թեման նոր չէ, շուկայում սպասվող փոխությունները ևս, սակայն լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ տագնապ առաջացնող նյութեր է տարածում՝ հիմնվելով միայն ավտոներկրողերի էմոցիաների վրա:
Բոլորին էլ պարզ է, որ նոր խաղի կանոնները հարվածելու են նրանց եկամուտներին:
Մեքենաների թեմայով կարող եք կարդալ, թե ինչպես և ինչու են ավտոներկրողները նամակ գրել Պուտինին, ինչպիսի լարվածություն կա հանրության շրջանում, բոլորը շտապում են մեքենա ձեռք բերել, ավտոներկրողները զրկվելու են իրենց օրվա հացից և այլն:
Մի քանի հետևություններ մաքսատուրքերի այս պատմությունից
- Մեդիայի միջոցով խուճապ առաջացնելը լավ չէ, հիշեք 2014-2015թթ-ի դրամի արժեզրկման հետևանքները: Նույն սցենարով մարդիկ սկսեցին իրենց դրամն արագ վերածել դոլարի, առաջացավ կեղծ պահաջարկ:
- Մեկ աղբյուրով հոդված պատրաստելը կողմնակալություն է, բոլոր կողմերն ասելիք ունեն: Այն չի կարող արտացոլել իրադրությունն ամբողջապես:
- Նման հոդվածները լսարանի մոտ հարցեր են առաջացնում, որոնք կարիք ունեն մասնագիտական պարզաբանման: Լրատվամիջոցը կարող է ՊԵԿ-ի ներկայացուցչի և իրավաբանի միջոցով բացատրել իրավիճակը՝ հարց ու պատասխանի, հերքումների կամ այլ ձևաչափով: Անհանգստությունը գալիս է չիմացությունից կամ կիսատ տեղեկություններից:
- Լսարանի հանդեպ պատասխանատվությունը ստիպում է կեղծ օրակարգ չստեղծել և թեմաներին արհեստականորեն մեծ հնչեղություն չտալ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: