Մանիպուլյացիա սպիտակ խալաթներով

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Ռուսերենով բովանդակություն, շագանակագեղձի բորբոքման՝ պրոստատիտի վերաբերյալ տեքստեր և լուսանկարներ, «Ուրետրամոլ» անունով դեղը 50% զեղչով գնելու առաջարկ: Սրան գումարած Հայաստանի Հանրապետության զինանշանն ու ռուսերենով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» գրառումը: Տիպիկ այսպիսի տեսք ունեն կայքերը, որոնք սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում փորձում են պրոստատիտի դեմ ներկայացվող դեղեր վաճառել:

Առողջապահության նախարարությունից պարզեցինք, որ գերատեսչությունը կապ չունի այդ կայքերի ու դեղերի հետ: Դեղերը գովազդողներն ուղղակի օգտագործում են նախարարության անունը՝ կայքի այցելուների առաջ  վստահելի երևալու համար:

Օրինակ, որպես news-4dream.ru կայքի հոդված ներկայացվող ինտերնետային էջում իբր վիճակագրական տվյալներ են ներկայացված պրոստատիտ հիվանդության մասին՝ գոյություն չունեցող «Հայաստանի Հանրապետության առողջապահության կազմակերպման ու ինֆորմատիզացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» գոյություն չունեցող վերլուծությունից: Կայքի գլխագրում Առողջապահության նախարարության անունն ու լոգոն է:

Հոդվածում բերվում է իբր թե ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Ռուբեն Մելքումյանի (հորինված անուն-ազգանուն է) պատասխանները՝ պրոստատիտի մասին: Լուսանկարում պատկերված անձը՝ տիպիկ հեռավորասիական արտաքինով, ամենևին էլ Ռուբեն Մելքումյանը չէ: Google images-ի միջոցով պարզում ենք, որ լուսանկարում պատկերված անձը ուրոլոգ, դոկտոր Աշոկ Մեհտան է, Հնդկաստանից:

Հոդվածը կառուցված է այնպես, իբրև թե այն բազմաթիվ դրական մեկնաբանություններ ունի: Իրականում «Ուրետրամոլ» անունով դեղամիջոցը գովերգող ու  պրոստատիտի դեմ դրա արդյունավետությունը ներկայացնող մեկնաբանությունները որպես լուսանկար են տեղադրված և նույնպես կեղծ են:

Երբ սեղմում ես news-4dream.ru կայքի որևէ բաժնի վրա այն վերահասցեավորվում է դեպի news-top-rated.com կայք: Միևնույն ժամանակ նոր պատուհանում բացվում է  արդեն sale-health-official.ru կայքի մի հոդված, որն իր հերթին գովազդային է և կրկին առաջարկում է համապատասխան դեղամիջոց պատվիրել և գնել: Այստեղ արդեն իբր թե փորձագիտական կարծիքներ են հայտնում փորձառու բժիշկները: Նրանցից որպես Գարիկ Մանուկյան ներկայացվածի լուսանկարում իրականում վիրաբույժ Տարոն Տարոնյանն է, լուսանկարն էլ վերցված է armeniasputnik.am կայքից:  

Դոմեյնների անունների վերաբերյալ բազայում՝ who.is-ում որոնում կատարելով պարզում ենք, որ news-4dream.ru և  sale-health-official.ru դոմեյնների վերաբերյալ տեղեկություններն անհասանելի են:

Գովազդի համար օգտագործվում է ոչ միայն կեղծ կայքերի մեթոդը: Ֆեյսբուքոմ նույնպես նմանատիպ բովանդակություն կա: Օրինակ, ֆեյսբուքյան կեղծ էջերից մեկը՝ «1 միջոցը հոդերի և մեջքի ցավերի համար», գործում է ասեղնաբույժ-մանուալիստ Սամվել Քոչինյանի նկարով: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքում գրանցված չէ և տվյալ էջի հետ որևէ կապ չունի:

Այս՝ առաջին հայացքից փոքր թվացող մանիպուլյացիաներն ու կեղծիքները միգուցե չնկատվեին, եթե դրանց նկատմամբ մասսայական հետաքրքրություն չլիներ: Ոչ բոլորը կարող են ստուգել կայքերի ու սոցիալական մեդիայի տեղեկությունները ու նման շփոթեցնող գովազդին շատերը կարող են խաբվել:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *