2016թ-ին մայիսին Հայաստանի հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց ծախսերի օպտիմալացման ծրագրով փուլային կարգով կրճատել 797 ծառայողական ավտոմեքենա:
Ինչքան գումար է խնայվում. փորձագիտական
Իր հարցազրույցներից մեկում այն ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեկ մեքենայի սպասարկման համար պետության տարեկան ծախսը կազմում է 1 մլն 200 հազար դրամ:
Փորձագիտական հաշվարկներով մեկ մեքենայի ամսական ծախսը կազմում է 450 հազար դրամ՝ 150 հազար վարորդի աշխատավարձ, 150 հազար վառելիք, 150 հազար սպասարկում: Այսինքն՝ եթե մեկ մեքենայի համար արվող ամսական 450 հազար դրամ ծախսը բազմապատկենք 12-ով, տարեկան մեկ մեքենայի ծախսը կկազմի 5 մլն 400 հազար:
Պետական աղբյուրի և մասնավոր հաշվարկների միջև տարբերությունը միջինացնելու դեպքում՝ գումարելով ու բաժանելով 2-ի, մեկ ծառայողական մեքենայի տարեկան ծախսը կկազմի 3 մլն 300 հազար դրամ:
Եթե տարեկան 3 մլն 300 հազար դրամը բազմապատկենք 797 մեքենաների թվով, ստացվում է՝ պետությունը օպտիմալացման արդյունքում կարող էր խնայել տարեկան մոտ 2,6 մլրդ դրամ: Մյուս կողմից, պետբյուջե լրացուցիչ մուտքեր կարող էին լինել մեքենաների աճուրդային վաճառքից:
Media.am-ը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն՝ ստանալու տեղեկատվություն, թե օպտիմալացման արդյունքում քանի մեքենա է հաշվառվել վարչությունում, քանիսն է վաճառվել, ինչ գումարի սահմաններում:
Այսպես, վարչության հաշվեկշռին փոխանցվել է օպտիմալացված 427 ծառայողական ավտոմեքենա: 2017թ.-ի մայիսի 10-ի դրությամբ այդ մեքենաներից 413-ը օտարվել է աճուրդով: Վաճառվել է 370 ավտոմեքենա, 3-ն աճուրդի ընթացքում է, 40-ը չի վաճառվել:
Վաճառված մեքենաների գները տատանվել են 2518 դրամից մինչև 1 միլիոն 536 հազար դրամի սահմաններում: Միջինացված թիվ ստանալու համար գումարենք ամենացածր և ամենաբարձր վաճառքի գները և բաժանենք երկուսի: Ստացվում է, որ մեկ մեքենան վաճառվել է միջինը 770 հազար դրամով: Այս մեթոդոլոգիայով ստացված թիվը բազմապատկելով վաճառված մեքենաների թվով, պետական բյուջեում սպասվում էր 285 մլն դրամ մուտք:
Օպտիմալացմանը հետևեց նոր օպտիմալացում
Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակեց Հովիկ Աբրահամյանի օպտիմալացման քաղաքականությունը: Պետական հիմնարկների՝ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում վարչության կողմից աճուրդի հանվեցին 147 ավտոմեքենաներ, որոնցից վաճառվել է 88-ը, չի վաճառվել 51-ը, 8-ի աճուրդներն ընթացքի մեջ են: Հիմք ընդունելով վարչության տրամադրած գները, վերջին օպտիմալացման արդյունքում հաշվարկի նույն տրամաբանությամբ պետբյուջե մոտ 68 մլն դրամի մուտք պետք է լիներ, իսկ խնայողությունները կազմեին մոտ 485 մլն դրամ:
Ըստ կարգի, բոլոր աճուրդները կայանում են դասական, հրապարակային կարգով: Աճուրդի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Աճուրդի կազմակերպչական ծախսերի համար վճարում են մասնակիցները: Աճուրդներն իրականացվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով: Վարչության հաշվեկշռում գտնվող մեքենաները կայանած են Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեում, որտեղ գնորդները և հետաքրքրվողները կարող են ծանոթանալ մեքենաների վիճակին՝ անցկացնել զննում:
Պետական բյուջեն ինչքանով է թեթևացել
Նախարարությունից Media.am-ին տեղեկացնում են, որ 2017թ-ին կրճատվել է 157 ծառայողական ավտոմեքենա, որի սպասարկման ծախսերի կրճատմամբ խնայվել է 203 մլն դրամ:
Ինչ վերաբերում է մինչ այդ կրճատված մեքենաների վաճառքից պետական բյուջե մուտքերին, նախարարությունից հայտնում են. «Ֆինանսների նախարարությունը կոնկրետ այս նախաձեռնության շրջանակում վաճառված և ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»:
Մեդիան՝ կրճաված մեքենաների մասին
Լրատվամիջոցներում պետական մեքենաների ծախսերի օպտիմալացման թեմայով հոդվածների պակաս չկա: Հիմնականում լրագրողներն անդրադառնում են աճուրդով վաճառքի հանվող մեքենաների մաշվածությանը, դրա պատճառով շուկայանակից ցածր գներին: Մամուլում կասկածներ են ի հայտ գալիս աճուրդների թափանցիկության հետ կապված:
Մեդիայում hրապարակումներ չկան օպտիմալացման և կրճատման արդյունքում եղած խնայողությունների մասին:
Ինչ այն չէ այս գործընթացում…
- Երբ կառավարությունը սկսեց օպտիմալացնել և կրճատել ծառայողական մեքենաները ֆինանսական բացատրություն չներկայացրեց հանրությանը, թե ինչքան գումար է խնայվելու և որտեղ է այն ուղղվելու:
- Գործընթացից տարիներ անց պաշտոնական ոչ մի հայտարարություն չեղավ, թե ինչքանով է բյուջեի բեռը թեթևացել:
- Պաշտոնական աղբյուրների՝ մեր տված պատասխաններում բացակայում է թվային վիճակագրությունը: Հնարավոր չէ գնահատել գործընթացի արդյունավետությունը ու պետական բյուջեի վրա ազդեցությունը:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: