Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում ավելի քան 80 պետական ծրագիր է իրականացվում, բազմաթիվ են սոցիալական ծառայությունները: Դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ամփոփվել է մեկ միասնական օնլայն տարածքում՝ Esocial.am նախագծում։
Esocial-ի ավելի երկար ու պաշտոնական անվանումը Ինտեգրված սոցիալական ծառայությունների առցանց տեղեկատվական համակարգ է։ Այստեղ քաղաքացին իրեն վերաբերող գործոնների ընտրությամբ կարող է տեղեկանալ, թե ինչ սոցիալական ծառայություններ կան և որոնցից կարող է օգտվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքով, համակարգի ստեղծման հիմնական նպատակը քաղաքացուն հնարավորինս ճշգրիտ և հարմար տեղեկատվություն տրամադրելն է իրեն վերաբերող ծառայությունների վերաբերյալ:
«Հանրությանը օրենսդրական ակտերի մասին խոսելով ներկայանալն այլևս բավարար չէ»,- ասում է նա:
Համակարգը նաև նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցողների համար. ձայնային իրազեկման միջոցով այցելուն կարողանում է ազատորեն փնտրել իրեն հետաքրքրող տեղեկատվությունը:
Տեղեկատվական բնույթի նյութերից բացի համակարգում ներդրվել են նաև ինովացիոն գործիքներ: Օրինակ հաշվիչներ, որոնց միջոցով կարելի է հաշվել, ասենք, կուտակային կենսաթոշակի չափը:
Կան նաև գործիքներ, որոնցով քաղաքացուն հնարավորություն է տրվում գնահատել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ծառայությունները, սպասարկող անձին և այլն:
Կայքում այցելուն, նշելով մարզն ու քաղաքը, կարող է քարտեզի վրա տեսնել իր բնակության վայրին առավել մոտ գտնվող Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և ծանոթանալ այլ տեղեկությունների:
Այցելուները նաև օնլայն խորհրդատուին դիմելու հնարավորություն ունեն:
Արման Սարգսյանն ասում է, որ համակարգի վերաբերյալ լայն իրազեկում չեն արել, քանի որ այն պիլոտային է, և աշխատանքները դեռ անավարտ են:
Ինստիտուտի տնօրենը կարևորում է համակարգում սոցիալական աջակցող ցանցի կայացումը, որտեղ ցանցի անդամները կարող են նաև շփվել: Սակայն ցանցի կայացման համար կարևոր է սոցիալական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների քարտեզագրումը:
«Կառավարությունը հստակ գիտակցում է, որ ինքը միայնակ չի կարող արդյունավետորեն աշխատել: Հայաստանում կա սոցիալական ծառայություններ մատուցող շուրջ 1300 հասարակական կազմակերպություն, սակայն ոչ մի տեղ չկա ամբողջական տեղեկատվություն դրանց մասին»,-ասում է Արման Սարգսյանը:
Քարտեզագրում անելուց հետո այցելուն, համակարգ մտնելով, կարողանալու է իր մասին որոշակի տվյալներ մուտքագրելուց հետո ստանալ հստակ տեղեկատվություն՝ իրեն հասանելիք վճարովի և անվճար ծառայությունների վերաբերյալ:
Esocial.am-ը իրականություն է շնորհիվ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 3-րդ ծրագրի: Իսկ առցանց այս համակարգի կատարելագործումը, ըստ Արման Սարգսյանի, հավանաբար տեղ կգտնի ԲԿԳ 4-րդ ծրագրում:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: