Որպեսզի ձևական բնույթ չկրի Բաց կառավարման նախաձեռնությունը (OGP)

Լրագրողները Հայաստանում իրավացիորեն պարբերաբար դժգոհում են, որ իրենց որոնած ամենակարևոր ու ամենասկանդալային տեղեկությունները փակի տակ են պահվում, և օրենքի պահանջով անգամ ոչ մի կերպ չի ստացվում դրանք կորզել աչալուրջ «պահապաններից»: Իսկ  վերլուծություններին, հետաքննություններին հաճախ են պետք գալիս պետական որոշ հիմնարկների ֆինանսական հաշվետվությունները կամ, ասենք, հանքարդյունաբերության տվյալները:

Եվ այն, ինչ Հայաստանի հասարակությանն ու լրագրողներին խոստանում են Բաց կառավարման գործընկերության (OGP) ծրագրերը, լրագրողական ժարգոնով ասած՝ «գտած բան է երևում», մնում է՝ տեղյակ լինենք, որ նման բան կա, իսկ կայքերը «լցվեն» ու նորմալ գործեն, որպեսզի օգտվել լինի:

OGP հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խումբը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից է կազմված: Աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն) լրագրողների ոչ մեծ հետաքրքրություն է նկատել նման հնարավորությունների հանդեպ: Ոչ միայն. «Լրագրողների անդրադարձը կարևոր է նաև նրանով, որպեսզի հանրությունը տեղեկանա, սկսի օգտվել հրապարակված տեղեկություններից»:

Իսկ դա իր հերթին կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանով են այս քայլերը նպաստում իշխանությունների թափանցիկ գործունեությանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

OGP հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամ, Թրանսփարեսնի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի ասելով՝ «Իհարկե, տեղեկատվության թափանցիկությունը որպես կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմ շատ կարևոր է, բայց չպետք է նայել այն բանով, որ եթե թափանցիկ է, ուրեմն, վե’րջ, կոռուպցիա չկա»:

Ծրագրված է Հայաստանում կոնկրետ մի քանի ոլորտների ֆինանսական գործունեության տվյալներն Ինտերնետով հասանելի դարձնել բոլորին (առայժմ՝ պետական գնումներ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, համայնքներ …11 ոլորտ): Աշխատանքի կոնկրետ փուլերի կատարման համար հստակ ժամանակացույց կա:

Ի’նչ սկզբունքով են ընտրվել 11 ոլորտները:

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ դրանցից 7-ն առաջարկել է քաղաքացիական հասարակությունը, 4-ը՝ կառավարությունը: Օրինակ, իրենց կազմակերպությունն առաջարկել է, որպեսզի անպայման սկսվի Հայաստանի անդամակցության գործընթաց՝  Հանքարդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI), ինչպես նաև, որպեսզի Գնումների բողոքարկման խորհրդի նիստերն առցանց հեռարձակվեն:

OGP հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արամ Ասատրյանի փոխանցմամբ, EITI չափանիշներին համապատասխանող երկրի կարգավիճակ ունենալու դեպքում հանքարդյունաբերության ոլորտում «դրսից ակնկալում ենք և’ նոր մշակույթ, և’ նոր ներդրումներ, և’ հավասար խաղի կանոններ երկրի ներսում գործող բոլոր հանքարդյունաբերողների համար»:

Առաջիկա մեկ և կես տարում պետք է 100 տոկոսով թվայնացվի և հրապարակվի Հանրապետական երկրաբանական ֆոնդի տվյալների բազան:

Այս ոլորտում լրագրողական հետաքրքրության հիմնական թիրախը որևէ հանքի սեփականատիրոջ տվյալներն են: Կլինե՞ն նման տվյալներ հրապարակվելիք բազայում, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ:

Բայց կարելի է ծրագրերի մշակման աշխատանքային խմբին առաջարկել, որպեսզի լինեն: Առաջիկայում մշակվելու է գործողությունների երրորդ ծրագիրը, որի շուրջ առաջարկությունները մինչև ապրիլի 30-ը կարելի է ներկայացնել՝ այստեղ սեղմելով: Իսկ ընթացիկ՝ երկամյա ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:   

Բողոքարկման նիստերը՝ օնլայն

Գործընկերության ընթացիկ երկամյա ծրագրով, արդեն մի քանի ամիս է, ինչ Գնումների բողոքարկման խորհրդի նիստերը հեռարձակվում են առցանց և հասանելի են YouTube-ում:

Հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը (Hetq.am) նշում է, որ «Ոլորտով հետաքրքրվածները մատչելի ձևով տեղեկացված չեն, որ այսինչ օրը այսինչ ժամին X ընկերության գործով խորհրդի նիստ է լինելու, եթե նրանք չբացեն առցանց հեռարձակման վերաբերյալ ակտիվ ինտերնետային էջը և այնտեղ չհայտնաբերեն «Գնումների բողոքարկման հանձնաժողովի նիստերի ժամանակացույց» ակտիվ հղումը»:

Հետաքննող լրագրողի դժգոհություններից է նաև այն, որ առցանց հեռարձակման արխիվացված տարբերակը դիտելու առումով ևս դժվարություններ կան: Մասնավորապես՝ մինչև տեսանյութի առաջին րոպեները չդիտես, չես կարող հասկանալ, թե որ նիստի ձայնագրությունն է, իսկ մեկ օրում կարող են տեղի ունենալ բողոքարկման խորհրդի մի քանի նիստեր, ինչը լրացուցիչ անհարմարություն է առաջացնում. և ընդհանրապես՝ «Պետական գնումներին վերաբերող տեղեկատվական կայքերում հանրությանը հասանելի տեղեկատվությունը շատ թերի է և ոչ ամբողջական»:

Պետական գնումների տվյալներով հետաքրքրված այլ լրագրողներ վերջերս պատմում էին, որ այս նիստերի ընթացքին հետևելը ոչ միայն վերլուծությունների համար փաստական լավ աղբյուր է, այլև շատ հետաքրքիր է ամենն՝ «իր սեփական հյութի մեջ». մասնակիցների խոսելու տոնը, բառապաշարը:

Այս գնահատականները Գնումների բողոքարկման հանձնաժողովին հասել են, թե ոչ, ամեն դեպքում, վերջին ամիսների նիստերի տեսագրություններն ուղեկցվում են ձայնային ակնհայտ խոտանով. իսկ դա անհրաժեշտ տեղեկությունը խեղաթյուրված լսելու կամ ընդհանրապես չլսելու պարարտ հող է:

Տվյալներ առողջապահության ոլորտից

Մյուս ոլորտներում արվածի և անելիքի մասին: Ստեղծվել է առողջապահական համակարգի ֆինանսական հաշվետվությունների պորտալ (sha.am-ը Պետական առողջապահական գործակալության կայքն է, իսկ pbf.am-ը՝ Ամբուլատոր պոլիկլինիկական հաշվետվական վերլուծական պորտալ է):

Պարտականությունների գնահատման զեկույցում նշվում է, որ վերջնաժամկետը լրանալիս կայքէջի՝ հանրությանը հասանելի բաժնում տեղադրված է եղել ընդամենը հինգ հաշվետվություն, որոնք ստանալիս տեխնիկական խնդիրներ են առաջացել: Նշվում է նաև, որ հանրությունը չի իրազեկվել նման հնարավորության մասին:

Ծրագրի աշխատանքային խմբի փետրվարի 15-ի նիստում գործակալության ներկայացուցիչը խոստացել էր, որ իրազեկման նպատակով հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվի կայքի շնորհանդեսը: Սակայն ավելի քան մեկ ամիս անց այդ միջոցառումը չի անցկացվել, և ոչ էլ տեղեկություն է հրապարակվել, որ առաջիկայում լինելու է: Տվյալներին մուտք ունենալու համար հարկավոր է կայքում գրանցվել՝ ստանալ օգտատուն և գաղտնաբառ: Սակայն գրանցված օգտատերերը երբեմն համակարգ մուտք գործելիս տեխնիկական դժվարություններ են ունենում: Կայքի պատասխանատուները վստահեցնում են, թե աշխատում են լուծել այս խնդիրը:

Լրագրող Գրիշա Բալասանյանն այս կայքերի մասին ասում է, որ «Վատ են թարմացվում, տեղեկատվություն ստանալը բարդ է ու անհարմար: Sha.am մուտք գործելիս անմիջապես տպավորություն է ստեղծվում, որ այն մոտ 2  տարի չի թարմացվել: Կայքի գլխավոր հատվածի աջ անկյունում գրված է «Նորություններ», ու դրա ներքո տեղադրված են իրավական ակտեր՝ կառավարության որոշումներ, հաստատված ծրագրեր, որոնք երկու տարվա վաղեմություն ունեն: Այստեղ պետպատվերի մասին վերջին «թարմ» հաշվետվությունը վերաբերում է 2013թ-ին»:

Իսկ ամբուլատոր պոլիկլինիկական հաշվետվողական վերլուծական պորտալից, Բալասանյանի փոխանցմամբ, գրեթե հնարավոր չէ ծանոթանալ հանրության համար հաշվետվություններին: Նա փաստում է, որ պորտալն ունի «Ծառայությունների հասանելիություն» բաժին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտքագրել իր տվյալները և տեսնել իր բժշկին, բուժհիմնարկը և ծանոթանալ այդ պահի դրությամբ քաղաքացուն հասանելի ծառայությունների ցանկին: Սակայն՝ «Այդ բաժինը գրեթե ամբողջությամբ մատնված է անգործության: Քաղաքացիները՝ մուտքագրելով իրենց տվյալները,  չեն կարողանում ստանալ վերը նշված տեղեկությունները»:

Քիչ ձևական, շատ գործնական

Ամփոփելով Բաց կառավարման նախաձեռնության՝ ավարտին մոտեցող Երկրորդ ծրագիրը, Վարուժան Հոկտանյանն ասում է, որ շատ դեպքերում Հայաստանի իշխանություններն ասես միայն ձևական բնույթ են տալիս ծրագրի գաղափարախոսությանը.  «Մի կողմից կառավարությունն իր այս պարտավորությունները կատարում է, բայց չի ապահովում հանրային սեկտորի այն մասնակցայնությունը, որը պետք է լիներ: Վերջապես սկսել է աշխատանքային խմբի կանոնավոր նիստեր անցկացնել, բայց միայն նիստերով չէ, որ լուծվում են այս հարցերը»:

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսին կավարտի ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացումը և հուլիսից կսկսի իրականացնել Գործողությունների երրորդ ծրագիրը 2016-2018 թթ.ի համար:

Ռուզան Խաչատրյան
Լուսանկարը՝ Wikipedia-ից (որոշ իրավունքներ պաշտպանված են)


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *