Տպավորություն է, որ Երևանից դուրս ոչինչ չի կատարվում

Անցած կիրակի, փետրվարի 14-ին, Հայաստանի 3 մարզերում ընտրություններ անցկացվեցին:  Շատերն  այս մասին, հնարավոր է՝ չիմացան ու չլսեցին։ Այդ օրերի լրահոսը հիմնականում Սերժ Սարգսյանի ելույթի ու կոալիցիայի շուրջ էր պտտվում, էմոցիոնալ ֆոնն էր՝ Տեառընդառաջի խորհուրդն ու Սուրբ Վալենտինն էին ապահովում:

Մինչդեռ փետրվարի 14-ի ընտրություններն առանձնահատուկ նշանակություն և ինտրիգ էին պարունակում։ Դրանք Հայաստանի 3 խոշորացող համայնքներում՝ Տաթևում, Դիլիջանում, Թումանյանում կազմակերպված առաջին ընտրություններն էին, որոնց մասնակցելով միավորված գյուղերը փաստացի հրաժարվում էին իրենց ինքնուրույն կարգավիճակից և օրինականացնում միասնական համայնքների նոր իշխանություններին:

Ինտրիգներ փնտրող, երբեմն էլ՝ դրանք ստեղծող մեդիայի համար, սա ուսումնասիրելու, վերլուծելու, զարգացումներին հետևելու արժանի թեմա էր։ Հատկապես, որ արդեն կայացած ընտրություններին այս համայնքների բնակիչները մասնակցեցին ակնհայտ ակտիվությամբ (Սյունիքում՝ 61.4%, Լոռիում՝ 55.5% և Տավուշում՝ 56.3%): Ընտրատեղամասերում քվեարակելու համար նույնիսկ հերթեր էին կուտակվել։

Հետաքրքիր է, որ 2015-ի մայիսի 17-ին նույն համայքներում խոշորացման հարցի շուրջ անցկացրած հանրաքվեն այլ տրամադրություններ էր բացահայտել՝ փոփոխությունների նկատմամբ թերահավատություն, անտարբերություն, ցածր մասնակցություն։ Ավելին՝ որոշ գյուղեր, ինչպես օրինակ՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը (Տավուշի մարզ) ընդհանրապես դեմ

էին քվեարկել խոշորացմանը:

Քվեարկություն, 2016թ.-ի փետրվարի 14, Թեղուտ (Տավուշի մարզ)

Պետք էր հասնել մարզեր, լինել տեղերում հասկանալու և պարզելու համար, թե ինչ էր փոխվել այս ամիսների ընթացքում։ Բայց  երևանյան լրատվամիջոցներից քչերն են պատրաստ ժամանակ ու ռեսուրսներ տրամադրել հեռավոր մարզ կամ գյուղ հասնելու համար։ Եվ սա ոչ միայն հնարավորությունների, այլ նաև՝ խմբագրական որոշումների հարց է։

Մարզն ու գյուղը Հայաստանի լրատվական օրակարգում այդպես էլ իրենց տեղը չեն գտնում։ Հայտնվում են ժամանակ առ ժամանակ, երբ ասենք, այս կամ այն պաշտոնյան է գյուղ այցելում, ոչխարների վրա գայլեր են հարձակվում, կարկուտը ոչնչացնում է բերքը կամ բնապահպանական ահազանգ է ստացվում ու հետո նորից անհետանում։      

Դիլիջանից 34 կմ հեռավորության վրա գտնվող, անճամփա սարի վրա ծվարած Հովք գյուղի բնակիչները՝ զարմանքով դիմավորեցին այստեղ հասած լրագրողների խմբին՝ «Մեր գյուղը քարտեզի վրա չկա, ինչպե՞ս եք գտել» :

Հայաստանը փոքր երկիր է, իսկ հայաստանյան մեդիան էլ ավելի է փոքրացնում նրա՝ առանց այն էլ փոքր մասշտաբները՝ սահմանափակվելով հիմնականում Երևանով: Տպավորությունն այնպիսին է, թե Երևանից դուրս մարդիկ չեն ապրում, չեն ընտրում ու չեն որոշում: Մի խոսքով՝ ոչինչ չի կատարվում: 

Լրագրողները զրուցում են Թեղուտի նախկին գյուղապետի հետ

Պարզ լրագրողական մի կանոն կա. եթե ուզում ես, որ նյութդ հետաքրքրի լսարանին, առաջին հերթին ինքդ հետաքրքրվիր: Փորձիր գտնել թարմ պատմություններ, որոնցով կարող ես ոգևորվել, հետազոտել ու առանց ինքնախաբեության ասել, թե լրագրողական գործ ես կատարել: Հավատացնում եմ, ականատեսի աչքով տեսածն ու առաջին ձեռքից ստացված թարմ կարծիքները շատ մեծ ներշնչանք են: Ցանկացած գյուղ ու ընտանիք մի մեծ տեղեկատվական կծիկի սկիզբ են: Ուրախությունների, կորուստների ու խնդիրների այս կծիկը լրագրողի համար առիթ է ոչ միայն որակով և արագ, այլև հաճույքով աշխատելու:

Կարելի է ասել, որ փետրվարի 14-ի ընտրություններով համայնքների խոշորացումը նոր մի իրականություն դարձավ: Գործընթացը թեև անցած տարվանից էր սկսվել, բայց  միավորվող գյուղերը մինչև անցած կիրակի շարունակում էին ապրել նախկինի պես՝ իրենց առանձին կյանքով, բյուջեով ու գյուղապետով:  

Այս երեք փորձնական համայնքներից բացի, շուտով խոշորացման ծրագրեր են սկսվելու նաև Հայաստանի 11 այլ համայնքներում: Այսպես թե այնպես՝ թեմայի մեջ խորանալու, այն հասկանալու ու որոշ դեպքերում՝ պարզ մարդկային պատմություններով ներկայացնելու անհրաժեշտություն է լինելու: Կարճ ասած՝ լրագրողների կարիքն է լինելու:

Նարինե Սաֆարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *