Տեսահսկման կարգն ու նպատակները
1
Ի՞նչ է տեղի ունեցել:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հստակեցրել է տեսահսկման կազմակերպման սկզբունքները: Քանի որ տեսահսկումը միջամտություն է անձնական կյանքին, տվյալներ մշակողը պետք է հիմնավորի դրա անհրաժեշտությունը և չգերազանցի սահմանված նպատակները:
2
Ի՞նչ է սահմանված նպատակների գերազանցումը:
Եթե տեսահսկում իրականացնողը ստացված անձնական տվյալներն օգտագործում է ոչ թե անվտանգության, հասարակական կամ ազգային շահի նպատակներով, այլ՝ փոխանցում է մեկ այլ անձի կամ անձանց, հրապարակային դարձնում և այլն, դա համարվում է սահմանված նպատակների գերազանցում:
3
Տեսանյութը կարո՞ղ է օգտագործվել առանց անձի համաձայնության:
Տեսահսկումը պետք է իրականացվի միայն օրենքով նախատեսված նպատակներով, իսկ նյութերն առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:
4
Տեսանկարահանման մասին նախազգուշացումները պարտադի՞ր են:
Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին: Ծանուցումը պետք է նաև պարունակի տեղեկություն, թե նկարահանված մարդիկ ումից կարող են ստանալ իրենց վերաբերյալ տեսագրությունը:
5
Տվյալները որքա՞ն ժամանակ կարող են պահպանվել:
Տեսախցիկով գրանցված տվյալները պետք է ջնջվեն որոշակի ժամկետում: Հետապնդվող նպատակի տեսանկյունից` 24 ժամը բավարար է տվյալների պահպանման համար: Օբյեկտիվ պատճառներով այդ ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն այդ դեպքում տվյալների անվտանգության պահանջները պետք է խիստ լինեն:
Գրանցված տվյալները պետք է պահպանվեն հուսալի և բանալիով փակ վայրում: Անհրաժեշտ է կանխել տվյալների կորուստը և անօրինական ձեռքբերումը:
6
Ի՞նչ իրավունքներ ունի անձը, ում նկարահանում են:
Անձն իրավունք ունի անվճար տեղեկություն ստանալ իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի և նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի և տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինպես նաև այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել տեսագրությունը։ Անձն իրավունք ունի նաև ստանալ տեսագրության կրկնօրինակը, որը չպետք է պարունակի այլ սուբյեկտների անձնական տվյալներ։
7
Ցածր կետայնություն և օնլայն տեսագրություն՝ ո՞րն է ճիշտ:
Պետք է օգտագործել հնարավորինս ցածր կետայնությամբ տեսախցիկներ, խուսափելով ավելորդ անձնական տվյալներ մշակելուց: Իսկ իրական ժամանակում տվյալների փոխանցմամբ տեսահսկում կարող են իրականացնել միայն հատուկ թույլատվություն ունեցող անձինք, օրինակ, անվտանգության աշխատակիցները:
8
Տեսահսկումը հանրային վայրերում:
Հասարակական վայրերում տեսահսկում կարող են իրականացվել միայն պետական մարմինները, և այն էլ՝ խիստ անհրաժեշտ դեպքերում, օրինակ, ազգային կամ հասարակական անվտանգությունից դրդված: Չպետք է նկարահանվեն բնակելի շենքերի մուտքը և ներսը, պատուհաննները, պատշգամբները:
Տեսախցիկները տեղադրվում են ընդհանուր օգտագործման վայրերում: Տեսահսկումն արգելվում է հանգստի սենյակներում, աշխատասենյակներում, հանդերձարաններում, սանհանգույցներում:
9
Տեսահսկումը աշխատավայրում:
Աշխատավայրում տեսահսկման համակարգ տեղադրվում է հատուկ դեպքերում: Աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն այդ մասին: Կարող է նկարահանվել շենքի մուտքը և ելքը, միջանցքները, թանկարժեք ապրանքների գտնվելու վայրերը, պահեստները, բայց ոչ՝ աշխատասենյակները: Եթե աշխատողը գործ ունի փողի հետ, ապա պետք է նկարվի դրամարկղը, ոչ թե գանձապահը:
10
Տեսահսկումը բնակելի շենքերում, բնակարաններում, առանձնատներում:
Նախ՝ պետք է լինի սեփականատերերի կեսից ավելիի գրավոր համաձայնությունը: Արգելվում է տեսահսկել բնակարանների մուտքի դռները և պատշգամբները: Իսկ եթե բնակարանի սեփականատերն ինքն է նման որոշում կայացրել, ապա դա պետք է լինի միայն գրավոր համաձայնությամբ:
Անձն իր բնակարանում, առանձնատանը կարող է տեղադրել տեսախցիկներ՝ անվտանգության նկատառումներով: Առանձնատան սեփականատերն իրավունք ունի տեսահսկել իր տարածքը, բայց չի կարող իր հողամասի տարածքից դուրս նկարահանել, եթե չունի հարևանի համաձայնությունը:
11
Տեսահսկումը առևտրային հաստատություններում:
Տեսախցիկները կարող են տեղադրվել առևտրային հաստատությունների երթևեկելի գոտիներում և ապրանքների գտնվելու վայրերում, արգելվում է՝ հանդերձարաններում և սանհանգույցներում:
Եթե աշխատողի աշխատանքը կախված է փողի գործածման հետ, ապա տեսախցիկը ավելի շատ պետք է նկարի դրամարկղը, ոչ թե գանձապահին:
12
Տեսահսկումը կրթական հաստատություններում:
Կրթական հաստատություններում տեսախցիկները կարող են տեղադրվել անձանց և գույքի պաշտպանության, ինչպես նաև անչափահասներին վնասակար ազդեցություններից պաշտպանելու նկատառումներով: Սարքերը կարող են տեսանկարել նաև շենքերի արտաքին կողմը՝ շրջակայքում անվտանգությունն ուժեղացնելու համար:
Արգելվում է տեսանկարել հաստատության ներքին բակը, դասասենյակները, ճաշարանը, կացարանները, մարզասրահները և այլն: Միայն բացառիկ հանգամանքներն են հիմնավորում սովորողների և դասավանդողների տեսահսկումը: