Ապօրինի հարստացման մասին՝ մանրամասն
1
Ի՞նչ է պատահել:
Ապօրինի հարստանալը քրեականացվել է ՀՀ Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում:
2
Ի՞նչ է ապօրինի հարստանալը:
Ապօրինի հարստանալը օրենքով հայտարարագիր ներկայացնող անձի՝ վերջին մեկ տարում գույքի կամ դրամական միջոցների ավելացումն է, որոնք էականորեն գերազանցում են օրինական եկամուտները:
Ապօրինի հարստացում չեն համարվի այն դեպքերը, որոնք այլ հանցագործության հատկանիշներ ունեն՝ գողություն, հափշտակում, շորթում և այլն:
3
Ո՞վ կարող է համարվել ապօրինի հարստացած:
Ցանկացած պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք՝ կինը, ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:
Սա ենթադրում է, որ պաշտոնյաների ընտանիքի անդամների ունեցվածքի աղբյուրները նույնպես խիստ են վերահսկվելու:
4
Որքա՞ն է այն նվազագույն եկամտի չափը, որի օրինականությունը պետք է հիմնավորվի:
5 միլիոն դրամը գերազանցող գումարը:
5
Ո՞վ պետք է ապացուցի բարձրաստիճան պաշտոնյայի հանցանքը:
Վարույթն իրականացնող մարմինը՝ Հատուկ Քննչական ծառայությունը, որը պետք է ունենա ապացույցների բավարար համակցություն: Եթե անգամ պաշտոնատար անձը լռի, այն կկարողանա քրեական գործի վարույթը շարունակել:
Իսկ եթե անձը չկարողանա հիմնավորել, որ գույքը կամ դրամական միջոցները վաստակել է օրինական ճանապարհով, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության:
6
Ի՞նչ պատիժ է հասնում ապօրինի հարստացողին:
Ապօրինի հարստացման հանցակազմի սանկցիան ազատազրկումն է և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը:
7
Քանի՞ տարվա ազատազրկում է սպառնում ապօրինի հարստացման ապացուցման դեպքում:
3-ից 6: Օրենքով նախատեսված է նաև զրկում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ:
8
Ե՞րբ է օրենքը գործելու:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից և հետադարձ ուժ չունի: