Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Էկրանապատկերը՝ «Հայլուրի» Յություբի ալիքից։

Երևանի պետական համալսարանի Հեռուստալրագրության մագիստրանտ, ազգությամբ կորեացի Յուսանգ Հանը դժգոհ է, որ ինքը հայտնվել է «5-րդ ալիք»-ի հունվարի 6-ին հեռարձակված ռեպորտաժում, որը պատմում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակցիայի մասին։

Սուրբ Ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում իր կողմնակիցների հետ երթ է անցկացրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Կաթողիկե եկեղեցի։ «5-րդ ալիք»-ի լուրերի՝ «Հայլուրի» թողարկման անոնսում՝ այդ քաղաքական ակցիան ներկայացնելիս՝ Փաշինյանի կողմնակիցների շարքերում երևում է նաև Յուսանգը։ Ուսանողն ասում է, որ ինքը դեպքի վայրում է հայտնվել բացառապես որպես Սուրբ Ծննդյան պատարագի մասնակից ու տեղյակ էլ չի եղել, որ եկեղեցու բակում հավաք է նախատեսված եղել։

«Իմ դեմքն օգտագործվել է որպես քաղաքական մանիպուլյացիայի գլխավոր պատկեր։ Ինձ՝ օտարերկրացի հետազոտողիս, ով ընդամենը ներկա էր Սուրբ Պատարագին, ներկայացրել են որպես իշխող կուսակցության անդամ կամ պաշտոնյա։ Որպես լրագրության ուսանող՝ ես ցնցված եմ այսպիսի մոտեցումից։ Սա պարզապես «խմբագրական ընտրություն» չէ, սա մարդու պատիվն ու արժանապատվությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է»,- գրել է Յուսանգ Հանը ֆեյսբուքում։

«5-րդ ալիք»-ում չեն ընդունում Յուսանգի դժգոհությոնը։ Ռեպորտաժում ուսանողի մասին որևէ հիշատակում չկա, անգամ չի ասվում, որ մասնակցում են օտարերկրացիներ, նրան մեկ-երկու անգամ ցույց են տալիս լրագրողի այն խոսքի հատվածում, որտեղ ասվում է, որ «Նիկոլ Փաշինյանի աջակիցները «Դուխով» գրվածքով գլխարկները փոխարինել են խաչով գլխարկներով։ Նման գլխարկով աջակցի կողքին էլ կանգնած է լինում Յուսանգը ու ահա այդպես է հայտնվում եթերում։

«Մեր թողարկման մեջ նրա մասին անգամ մեկ բառ չի հնչել: Հարկ է շեշտել, որ կադրում երևում է, որ նա մասնակցում է ոչ թե պատարագին, այլ դրան հաջորդած քաղաքական ակցիային, բայց խնդրի էությունն անգամ սա չէ, այլ այն, որ, չգիտես ինչու, նրան թվացել է, թե տեքստն իր մասին է: Նրա կողմից մատնանշած վայրկյանին մեր եթերում հնչում է հետևյալ նախադասությունը. «Փաշինյանի կրոնական քարավանի երթը՝ կարգալույծ քահանաներով, դուխով կեպկաները խաչով կեպկաներով փոխարինած մարդկանցով ու մեգախաչով»: Չենք ցանկանում կասկածի տակ առնել հայերենի նրա իմացությունը, բայց մեր լեզվում «քարավան» բառը ուղիղ «ուղտերի խումբ» նշանակությունից բացի ունի նաև փոխաբերական իմաստ՝ առհասարակ միասին որևէ տեղ գնացող մարդկանց խումբ»: Բացի դա, այն կադրում, որում երևում է նա, կարմիր շրջանակի մեջ է առնված մեկ այլ տղամարդու գլխարկ՝ խաչով, և ակնհայտ է, որ այդ կադրին վերաբերում է հետևյալ տեքստը՝ «դուխով կեպկաները խաչով կեպկաներով փոխարինած մարդկանցով»:

Եթե չլիներ կարմիր շրջանակը, դեռ գուցե տեղին լինեին մտահոգությունները «ենթատեքստը» կադրում բոլոր երևացողներին վերագրելու առումով, բայց կարմիր շրջանակը անգամ այդ խնդիրն է հանում օրակարգից: Եթե մտահոգությունը միայն այն է, որ նա հայտնվել է կադրում, ցավում ենք, բայց նա մասնակցել է հրապարակային միջոցառման, որի ընթացքում տեսանկարահանումը արգելված չի եղել, շատ լրատվամիջոցներ ցուցադրել են կադրեր անգամ ուղիղ հեռարձակմամբ»,- media.am-ին փոխանցել են 5-րդ ալիքից։

Հեռուստաընկերությունը Յուսանգից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրենց ընկերության բարի համբավը արատավորելու փորձի համար:

Յուսանգ Հանն ասում է, որ էթիկայի խախտում է համարում այն դրվագը, երբ լրագրողն օգտագործում է «ուղտեր» և «քարավան» վիրավորական տերմինները և հենց այդ վայրկյանին ցուցադրվում է իր դեմքը: Ըստ նրա՝ այդպիսով նվաստացվել են նաև երթի բոլոր մասնակիցները, ոչ միայն ինքը։

«Լրագրողը տեղում գտնվող մարդկանց դիմելիս օգտագործել է «քաղաքական կարգախոսներով գլխարկները խաչերով գլխարկներով փոխարինած մարդիկ» արտահայտությունը՝ հեգնելով մեզ, կարծես մենք քաղաքական դրդապատճառները թաքցնող քողարկված խումբ լինենք: Հենց այս ծաղրանքի պահին իմ դեմքը հստակ երևացել է»,- media.am-ին ասել է նա։

Խնդրի մասին, ինչպես ասաց Յուսանգը, ինքը պաշտոնապես տեղեկացրել է Կորեայի Հանրապետության դեսպանատանը։ «Դեսպանատունն այս պահին իրականացնում է իրավական և դիվանագիտական մանրակրկիտ ուսումնասիրություն՝ իր քաղաքացու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Նաև տեղեկացրել եմ Բրյուսովի անվան համալսարանին, քանի որ որպես ապագա կորեերենի դասախոս, իմ հեղինակությունը պետք է մնա զերծ քաղաքական շահարկումներից»,- ասաց նա։

Յուսանգը նաև ուշադրություն է հրավիրում այն խնդրին, որ եթերում երևալուց հետո սոցիալական ցանցերում իր մասին վիրավորական մեկնաբանություններ ու արտահայտություններ են հնչեցնում։

«Սա ինձ համար խորը հիասթափություն է: Ես Հայաստան եմ եկել մեծ նվիրումով. այս պահին ուսումնասիրում եմ Իտալիայի և Թուրքիայի արխիվների շուրջ 40,000 էջանոց նյութերը՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատանքի համար: Սակայն «5-րդ ալիք»-ի ռեպորտաժից հետո սոցցանցերում ինձ ծաղրում են իմ ազգության համար՝ անվանելով «չինացի» և ներկայացնելով որպես քաղաքական գործակալ: Սա բացահայտ ատելության խոսքի և ռասիզմի դրսևորում է: Ես ինձ զգում եմ վտանգված և վիրավորված միայն այն պատճառով, որ լրատվամիջոցը որոշել է օգտագործել իմ դեմքը իր քաղաքական խաղերում: Ավելին, ես արդեն դարձել եմ հանրային թիրախավորման և «զրպարտության» (online lynching) զոհ։ Ես ստանում եմ անձնական հաղորդագրություններ, որտեղ ինձ մեղադրում են «հակասահմանադրական գործողությունների» մեջ և փորձում են քաղաքական պիտակներ կպցնել։ Սա ապացուցում է, որ 5tv-ի մանիպուլյատիվ մոնտաժը արդեն իսկ սերմանել է ատելություն իմ հանդեպ և վտանգել իմ անվտանգությունը։ Սա այլևս լրագրողական էթիկայի հարց չէ, սա իմ կյանքի և հանգիստ գիտական գործունեության դեմ ուղղված հարձակում է»,- ասել է նա։

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը media.am-ին ասաց, որ անձն իրեն անհարկի թիրախավորված է համարում լրատվամիջոցի կողմից, համարում է, որ իրեն վերագրվել են քաղաքական այնպիսի հայացքներ, որոնց կրողը ինքը չէ։ Միաժամանակ Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրելով 5-րդ ալիքի ռեպորտաժը ինքը եկել է այն եզրահանգման, որ հեռուստաալիքը ուղիղ չի թիրախավորում նրան, ոչվերբալ, ոչ էլ այլ միջոցներով Յուսանգ Հանին չեն թիրախավորել։

«Հանրային միջոցառում է եղել, մարդկանց բազմություն կա, երկու անգամ է երևում եթերում ու սա համարել թիրախավորում չի կարելի։ Բայց, հիմա ականատես ենք լինում, որ ռեպորտաժից հետո վերջինս թիրախավորվել է։ Նրա մասին ծաղրական, վիրավորական արտահայտություններ են արվում։ Պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ 5-րդ ալիքի սոցցանցերում նրա հասցեին խնդրահարույց որևէ մեկնաբանություն չկա։ Այդ մեկնաբանություններն արվում են երրորդ անձանց կողմից։ Տարածում են նրա պատկերը ու դրա հետ կապված ազգային պատկանելությունը ընդգծող մեկնաբանություններ են անում, ատելության խոսք, անհանդուրժողականություն տարածում»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ հորդորելով Հուսանգ Հանին դիմել ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմին՝ հարցն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար։

5-րդ ալիքից հավելում են, որ իրենք որևէ մեկին չեն թիրախավորում, դա իրենց քաղաքականությունը չէ, ուստի հետևում են նաև սոցցանցերի իրենց պաշտոնական էջերում արված մեկնաբանություններին, որպեսզի դրանք չլինեն խնդրահարույց։