Նախընտրական ծրագրերը վաղուց արդեն քաղաքական քվարկությունների ժամանակ ամենաորոշիչը չեն։ Հիմա պայքարն ընթանում է թվային հարթակներում, սոցիալական ցանցերում և մեդիադաշտում։ Այս հարթակներում տարածվող տեղեկատվությունն էլ վերածվել է ազդեցիկ ազդեցության գործիքի։
2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակտիվացել է ապատեղեկատվական հոսքերի շրջանառությունը։ Տարածվող կեղծված լուրերը, մանիպուլյացիաները գեներացվում են թե՛ արտաքին կենտրոնների, թե՛ ներքին քաղաքական ուժերի շահերից ելնելով։ Ամեն կերպ փորձ է արվում ազդել հանրային ընկալումների և ընտրողների որոշումների վրա։
Նախընտրական շրջանում ամեն օր ավելացող ապատեղեկատվության դեմ պայքարելու և հասարակությանը ստուգված ինֆորմացիա փոխանցելու համար փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական խմբագրությունները մտադիր են միավորել ուժերը։ Հայաստանում փաստեր ստուգողների «Փաստացի» ոչ պաշտոնականը ցանցի անդամները կձևավորեն ժամանակավոր (Pop-Up) խմբագրություն, որը կօգնի միավորել ոչ միայն գիտելիքները, հմտություններն ու փորձը, այլ նաև կօգնի, որ հրապարակումներն ավելի մեծ տարածում գտնեն։ Այս նախաձեռնությունը լրատվամիջոցների լսարանը միավորելու, սոցիալական ցանցերում ավելի ազդեցիկ դառնալու նպատակ ունի։
Հայկական մեդիատիրույթում կիրառվող հիբրիդային պատերազմի գործիքների ու փաստերի ստուգման կարևորության մասին զրուցել ենք փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրությունների ներկայացուցիչների հետ։
Անի Գրիգորյան, «CivilNetCheck»-ի խմբագիր
«Մեր գերնպատակն է, որ ընտրության օրը քվեախցիկում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած ընտրություն, ցանկացած որոշում հիմնված լինի իրական փաստերի վրա»։
Ընտրությունները պետությունների և հասարակությունների համար կարևոր գործընթացներ են։ Ընտրություններից առաջ տարբեր ուժեր փորձում են տեղեկատվական դաշտը օգտագործել իրենց ցանկալի արդյունքներին հասնելու համար։ Մեր տեղեկատվական դաշտում արդեն նկատելի է ինչպես օտարերկրյա միջամտության արդյունքում ապատեղեկատվական հոսքերի ակտիվացման միտումը, այնպես էլ ներքաղաքական պայքարի արդյունքում շրջանառվող մոլորեցնող ու կեղծ տեղեկատվության ավելացումը։
Տարեսկզբից մենք երևի թե ամիսը մեկ անգամ պարբերականությամբ նկատում էինք հրապարակումներ, «հետաքննություններ» կամ կեղծ բացահայտումներ, որոնք իրբրև թե իրականացվում են միջազգային տարբեր հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։ Վերջերս նման հրապարակումներ կարելի է տեսնել գրեթե ամեն շաբաթ։ Ուսումնասիրելով դրանք՝ պարզ է դառնում, որ օրինակ կայքը, որն ի սկզբանե տարածել է հրապարակումը, կեղծ է, նմանակում է վստահելի միջազգային լրատվամիջոցի, ստեղծվել է տվյալ նյութը տարածելու համար և օօրեր անց այլևս գոյություն չունի: Տարածման առումով էլ հստակ մեխանիզմ է աշխատում, կեղծ կայքում հրապարակվելուց հետո նյութը ակտիվ տարածվում է թվիթերյան՝ ներկայիս X-ի հարթակում։ Երբեմն այդ նյութերը հայտնվում են նաև հայկական մեդիայում։ Մեր լրատվամիջոցները երբեմն առանց տարրական ստուգումներ իրականացնելու վերահրապարակում են դրանք։

Անի Գրիգորյան
Ապատեղեկատվությունների տարածման այս մեխանիզմը վերջին տարիներին նկատվել է նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, Մոլդովայում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց կապերը գնում և հասնում են Ռուսաստան։ Ռուսաստանից բացի մենք հանդիպում ենք նաև Ադրբեջանի կողմից ստեղծված և տարածվող ապատեղեկատվության։ Օրինակ՝ Հայաստանին թիրախավորող շատ մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվում «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակում։ Կամ նկատվում է նաև այն երևույթը, երբ թվիթերյան կամ այլ հարթակներում տարածվող ապատեղեկատվությունը հայտնվում է ադրբեջանական բավականին հայտնի լրատվամիջոցներում։
Մենք չենք կարող վստահ ասել, որ կա համակարգված աշխատանք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, բայց երևույթը բավականին հաճախ է նկատվում։ Լինում են դեպքեր, երբ օրինակ հայկական լրատվամիջոցները կեղծ, մանիպուլյատիվ ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները տեսնում են հենց ադրբեջանական լրատվամիջոցներում և այնտեղից են վերցնում ու տարածում։
Ընտրություններին ընդառաջ՝ օտարերկրյա միջամտության փորձերից բացի, մենք տեսնում ենք նաև մեր քաղաքական ուժերի կողմից միմյանց նկատմամբ գեներացվող ապատեղեկատվական հոքերի ակտիվացում։ Հակաիշխանական ուժերը շատ օգտվում են հենց դրսից եկած ապատեղեկատվություններից ու ներքին լսարանում դառնում են դրանց հիմնական տարածողները։ Քաղաքական ուժերին պատկանող լրատվամիջոցներում էլ նկատելի է մրցակից կամ հակառակորդ ուժերի դեմ ծավալվող տեղեկատվական գրոհների ակտիվացում։
Իշխանությունն էլ, քանի որ այսօր արդեն ունի լրատվամիջոցների մի ցանց, որը ակնհայտորեն կապված է իր հետ, դաշտ է նետում ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ դավադրապաշտական, ապատեղեկատվական տարբեր թեզեր։ Այսինքն, շատ հստակ է, որ երկու կողմերն էլ որոշակի գործիքներով փորձում են ազդել հանրային կարծիքի վրա:
Թե՛ ներսում գեներացվող, թե՛ դրսից եկող ապատեղեկատվական հոսքերին դիմագրավելու համար, շատ կարևոր է փաստեր ստուգողների աշխատանքը։ Մեր գերնպատակն է, որ ընտրության օրը քվեախցիկում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած ընտրություն, ցանկացած որոշում հիմնված լինի իրական փաստերի վրա, որ նա իր կարծիքը ձևավորի փաստահեն իրականության, այլ ոչ թե խեղաթյուրված ու մոլորեցնող տեղեկատվական հոսքերի հիման վրա։ Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ Հայաստանում գործող փաստերի ստուգման ցանցի անդամ կազմակերպությունները ընտրություններին ընդառաջ փորձելու են միավորել ուժերը և համատեղ պայքարել ապատեղեկատվության տարածման դեմ։
Այս ծրագիրը, որն առաջարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, նախատեսում է ստեղծել փաստեր ստուգողների փոքր խմբագրություն, որը արդյունավետ կլինի ինչպես հմտությունների փոխանակման, ռեսուրսների ճիշտ օգտագործման, այնպես էլ ավելի լայն լսարանի հասնելու տեսանկյունից։
Շատ է պատահում, երբ փաստեր ստուգող երկու խմբագրություն նույն խնդրին է անդրադառնում։ Այս դեպքում մենք կկարողանանք համակարգել մեր աշխատանքը, խուսափել կրկնություններից, ու հնարավորինս ավելի շատ թեմաների անդրադառնալ։ Բացի այդ մենք նախատեսում ենք, միմյանց նյութերի վերահրապարակում, ինչը կարծում եմ էլի շատ կարևոր է, որովհետև տեղեկատվական այս աղմուկի մեջ կարևոր է, որ ապատեղեկատվության հերքումը հնարավորինս շատերին հասնի։
Հասմիկ Համբարձումյան, Փաստերի ստուգման հարթակի (FIP) գլխավոր խմբագիր
«Մենք սպասում ենք Մոլդովայի ընտրություններից դասեր քաղած ու դրանց արդյունքում մշակված նոր գործիքների կիրառմամբ ապատեղեկատվական մեծ ներհոսքերի»։
Հիբրիդային պատերազմի կամ ապատեղեկատվական արշավների մասին մենք շատ ենք գրում, և վերջին շրջանում դրանք բավականին ակտիվացել են։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ուղղորդվում են Ռուսաստանի՝ եթե ոչ իշխանական, ապա վերին օղակների որոշ շրջանակների կողմից։ Դեպքեր կան, որ հետքերը հասնում են նաև Ադրբեջան․ այդ տեղեկությունների տարածման ակտիվ հարթակ է նաև Haqqin.az-ը:
Ապատեղեկատվական արշավի կամ կեղծ տեղեկությունների տարածման համար մեծ դաշտ է համարվում նաև թուրքական մեդիան, հատկապես OdaTV կայքը, որի լրագրող Օկայ Դեպրեմը, ինչպես պարզ դարձավ մեր բացահայտման արդյունքում, Լուգանսկի քաղաքացիություն ունի և ռուսական քարոզչության ակտիվ մասնակիցներից է։ Նա, օրինակ անդրադառնալով Հայաստանի բնակչության մի մասի համար զգայուն թեմաների, տարածում էր կեղծ տեղեկություններ և փորձում անհանգստություն, մտահոգություն նաև բևեռացում առաջացնել հայ հասարակության շրջանում։
Մենք կարծում ենք, որ առաջիկա ամիսներին ապատեղեկատվական հոսքերը էլ ավելի կշատանան, սպասում ենք նաև դրսից ներազդման գործընթացների, քանի որ նաև արձանագրվել է, որ ընտրություններից վեց ամիս առաջ ներազդեցության փորձ արդեն եղել է։ Ռուսական «Մատրյոշկա» անվանումը ստացած արշավը, որը կիրառվել էր Մոլդովայում, Հայաստանում ընտրություններից վեց ամիս առաջ ևս կիրառվել է։ «Մատրյոշկա»-ի դեպքում կեղծ բովանդակությունը նախ հրապարակվում է սոց․ հարթակներում, ապա բոտերի միջոցով տարածվում։ Սոցցանցերում տարածվել էին մեծ թվով կեղծ տեսանյութեր, որտեղ Հոլոքոստը վերապրածները տեսանյութերի միջոցով պատմում էին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ ցեղասպանական գործողություններ է իրականացնում Հայաստանում։ Դրանք ԱԲ-ի միջոցով գեներացված տեսանյութեր էին և պարզ էր, որ իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են։
Սա է պատճառը, որ մենք սպասում ենք Մոլդովայի ընտրություններից դասեր քաղած ու դրանց արդյունքում մշակված նոր գործիքների կիրառմամբ ապատեղեկատվական մեծ ներհոսքերի։

Հասմիկ Համբարձումյան
Ինչ վերաբերում է ներքին հիբրիդին, այսպես ասած ներքին արշավներին, իհարկե, դա էլ ենք նկատում։ Օրինակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնովին քանդված ֆոտոն, որ տարածվում էր։ Հաճախ օգտագործվում է սահմանին տեղաշարժերի մասին թեման։ Սրանք ներքին սպառման, ներսում խուճապ առաջացնելու համար դաշտ բերվող թեմաներ են, որոնք ևս քիչ չեն։ Հաճախ իշխանությունն էլ իր հերթին է մանիպուլացնող կամ մոլորեցնող պնդումներ անում, որոնք ևս շատ կարևոր են, որ ստուգվեն և հասարակությանը ներկայացվի իրականությունը։
Հիմա մենք ուսումնասիրում ենք կառավարության ծրագիրը՝ հասկանալու համար, թե այս կամ այն խոստումը, որ տրվել է, որքանով է իրականացվել։ Պետք է ասեմ, որ օրինակ, դպրոցաշինության, ճանապարհների կառուցման և շատ այլ ծրագրերում թերացել են։ Կարծում եմ, որ քաղաքացու գիտակցված ընտրությանը նպաստելու առումով սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Ցավալի է, որ հաճախ ինչպես դրսում, այնպես էլ ներսում գեներացվող ապատեղեկատվական հոսքերը հասնում են իրենց նպատակին, տարածվում են մեր մեդիադաշտում ու լայն լսարան ձեռք բերում։ Ապատեղեկատվությունը տարածվում է հսկայական արագությամբ։ Ես չափումներ չեմ անում, բայց կարծում եմ, որ ապատեղեկատվության հերքումը, բացահայտումը ավելի քիչ է իր ընթերցողին գտնում, ավելի քիչ մարդկանց է ներգրավում, քան ապատեղեկատվությունը։ Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը մեդիագրագիտության ցածր մակարդակ ունի, ինչ տեսնում է դրան էլ հավատում է, չի կասկածում և այս ամենը նպաստում է, որ հիբրիդային պատերազմի ընթացքում կիրառվող գործիքները հասնեն իրենց նպատակին։
Այդ առումով փաստեր ստուգողների աշխատանքը էլ ավելի կարևոր է դառնում։ Առաջիկա ամիսներին մեր գերխնդիրն է լինելու հնարավորինս շատ ապատեղեկատվական հոսքեր բացահայտել, հերքել ու ճիշտ, փաստահեն ինֆորմացիա փոխանցել մեր ընթերցողներին։ Ուժերը, ռեսուրսները միավորելու և ապատեղեկատվությանն ավելի մեծ ուժով հակազդելու համար առաջիկայում ստեղծվելու է փաստերի ստուգման Pop-Up խմբագրություն, որտեղ ներգրավված են լինելու փաստերի ստուգմամբ զբաղվող լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Սա հնարավորություն կտա, որ մեր խմբագրությունների կատարած բացահայտումները ավելի շատ մարդկանց հասանելի դառնան և ավելի շատ մարդիկ կարողանան ստանալ փաստահեն ու ստուգված ինֆորմացիա։
Քրիստինե Բարսեղյան, «Հետք»-ի գործադիր տնօրեն
«Մեր հասարակությունը լրջագույն դժվարություններ ունի կեղծ լուրը ճիշտ ինֆորմացիայից տարբերակելու հարցում»։
Հայաստանը շատ բարդ գեոպոլիտիկ խաչմերուկում է գտնվում և մեր երկիր ներթափանցող ապատեղեկատվական հոսքերն էլ տարբեր ուղղություններից են։ Իմ կարծիքով ներքին ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան այս փուլում դեռևս շատ ավելի ակտիվ են։ Մենք կեղծ լուրերի և մանիպուլյացիաների գեներացման շատ մեծ շարժում ունենք ներքին տիրույթում։ Քանի որ Հայաստանը ոչ միայն ներքին շահերի, այլ նաև արտաքին խաղացողների շահերի դաշտում է, հասկանալի է, որ նաև ակտիվացել են դրսի հոսքերը։ «Հետքը» հավասարապես ուշադիր է բոլոր ուղղություններից եկող ապատեղեկատվական հոսքերին։ Մեզ համար կարևոր է բոլոր դեպքերում հիմնավոր փաստերով խոսել մեր լսարանի հետ։
Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ լսարանը շատ ավելի հեշտությամբ սպառում է պրիմիտիվ ձևակերպմամբ կեղծ լուրերը։ Եվ դա կարող է այնպիսի կործանարար ազդեցություն ունենալ լսարանի վրա, որ հետո լրատվամիջոցները օրերով փորձեն իրական տեղեկատվությունը, իրական փաստը ներկայացնել և այդպես էլ չկարողանան վերաբալանսավորել իրավիճակը՝ ի շահ փաստի և փաստացի տեղեկատվության։
Մասնավորապես այսօր, երբ էականորեն հեշտացել ու կատարելագործվել է կեղծ լուրերի գեներացումը, մեր հասարակությունը լրջագույն դժվարություններ ունի կեղծ լուրը ճիշտ ինֆորմացիայից տարբերակելու հարցում։ Տեղեկատվական հոսքերն այսօր շատ ալիքներով են տարածվում։ Սոցիալական հարթակները այսօր գերակշիռ դեր են կատարում մեդիայում, հազարավոր տելեգրամյան ալիքներ կարող են մեկ օրում բացվել, հարյուր հազարավոր բոտեր կարող են գործի դրվել և լրատվամիջոցի մեկ-երկու հոգանոց փաստերի ստուգման թիմը ֆիզիկապես անկարող է հետևել այս ամենին ու բաց չթողնել որևէ կարևոր թեմա։

Քրիստինե Բարսեղյան
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ամերիկյան ֆինանսավորման դադարեցումից հետո խմբագրությունները շատ լուրջ, չեմ վախենա այդ բառից, էքզիստենցիալ վտանգի առաջ են կանգնած։ Եվ ընթացիկ աշխատանքներից բացի, նախընտրական շրջանում ապատեղեկատվության դեմ պայաքարելու համար մեդիային ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ից տրվող ֆինանսական աջակցության որոշակի հատված կուղղվի նաև մեդիաներին և չի ուշանա։
Այս ամենն ազդելու է մեր պետության ապագա զարգացման ճանապարհի, նաև հետագա ընտրված իշխանությունների հաշվետվողականության և թափանցիկ գործելակերպի վրա։ Նախընտրական փուլում շատ կարևոր է հանրությանը ապահովել փաստական, ճշմարտացի, ստուգված տեղեկատվությամբ, որպեսզի քաղաքացին կարողանա ճիշտ որոշում կայացնել։
Իրենց ազդեցության շրջանակը մեծացնելու համար փաստեր ստուգողները փորձում են որոշակի համագործակցության եզրեր գտնել։ Նախկինում «Փաստացի» խմբի անդամներով մենք փորձ ենք ունեցել համատեղ սովորելու, համատեղ քննարկումներ անելու, գործիքների համար ֆոնդահայթայթում իրականացնելու։ Այս փուլում փորձելու ենք մեկտեղել մեր ուժերը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում։ Կարծում եմ սա կօգնի մեծացնել փաստահեն տեղեկատվության ազդեցության մակարդակը, որն էլ իր հերթին կբարձրացնի մեդիայի նկատմամբ վստահության ցուցանիշը։