Ինչպիսին պետք է լինի ուսուցչի վարքը սոցիալական ցանցերում․ նա պետք է ընդունի՞ աշակերտների ընկերության հայտերը, թե՞ ոչ, հրապարակի՞ անձնական լուսանկարներ, թե՞ զերծ մնա:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) մշակել է «Սոցիալական ցանցեր և էլեկտրոնային հաղորդակցություն․ էթիկական վարքականոն ուսուցիչների համար» վարքականոն-ուղեցույցը, որն առաջարկում է հստակ չափանիշներ՝ ուսուցիչների առցանց վարքի համար։
ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը, որը վարքականոնի հեղինակներից է, պատմում է, որ դեռևս 2020-ին նման ուղեցույց է ստեղծել մասնավոր դպրոցներից մեկի համար, իսկ հիմա կարծում է, որ եկել է հանրակրթական դպրոցների ժամանակը:
«Նպատակը մեկն է՝ ուսուցիչներին հուշել, թե ինչպես ավելի գրագետ օգտագործեն սոցիալական ցանցերը: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ կրթական ոլորտի մասնագետները տարբերի հարթակներում կիսում են բովանդակություն, որը վնասում է հենց իրենց։ Վարքականոնը մեդիագրագիտության գործիք է՝ կանխելու սխալ տեղեկության տարածումը, պաշտպանելու ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունը և ապահովելու առողջ թվային միջավայր »,- նշում է Եղիազարյանը:
Նա պատմում է, որ ուսուցիչները, երբեմն չհասկանալով, թե ինչ տիրույթում են, ատելության խոսք և ապատեղեկատվություն են տարածում: Oրինակ, եղել է դեպք, երբ ուսուցիչներից մեկը ֆեյսբուքյան թեստ-խաղ է անցել՝ իմանալու, թե երբ կմահանա ու արդյունքները շիրմաքարի նկարով հրապարակել է իր էջում՝ թույլ տալով դպրոցի անձնակազմին, աշակերտներին մտածել, թե ինքը մահացել է։
«Այս ուղեցույցը ևս մեկ անգամ գալիս է հիշեցնելու, իսկ շատերին սովորեցնելու, թե ինչ է մեդիագրագիտությունը, թվային գրագիտությունը: Ուսուցիչները չպետք է լինեն կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության զոհ, հակառակը, նրանք պետք է մեդիագրագիտության ջատագովներից ու դեսպաններից մեկը լինեն, որպեսզի այդ գիտելիքները տանեն դասարանական միջավայր»,- ասաց մասնագետը:
«Ամեն օր զարգացող տեխնոլոգիական միջավայում մենք ինչպե՞ս ենք վերահսկելու այս ամենը։ Եթե գրում ենք, այս ամենին թղթի վրա սահմանում ենք տալիս, ուրեմն պետք է նաև վերահսկենք ու ենթարկենք պատասխանատվության նրանց, ովքեր խախտել են։ Նկատողությո՞ւմ ենք տալու, հեռացնելո՞ւ ենք։ Ես համաձայն եմ, որ մարդիկ հաճախ իրենց վարքով են օրինակ ծառայում և այն, ինչ հրապարակում են սոցցանցերում, պետք է գրագետ լինի, չվերածվի քննադատության կամ ծաղրանքի, բայց հետոն բաց է մնում»,- ասում է ԿԳՄՍ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
«Իրականում, այս վարքականոնը ոչ թե սահմանափակում, այլ պաշտպանում է ուսուցիչներին, տալիս է պարզ սահմաններ և գործիքներ, որպեսզի մանկավարժական աշխատողները անվտանգ լինեն թվային միջավայրում և կարողանան պաշտպանել ոչ միայն իրենց, այլև աշակերտներին և դպրոցը»,- ասում է Անի Եղիազարյանը։
Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանի կարծիքով սոցիալական մեդիա վարքի ուղեցույցի կարիքն առաջացել է տարիների ընթացքում կուտակված խնդիրներից։
«Հիմա ուսուցիչները չունեն ուղեցույց, որով կառաջնորդվեն։ Կարո՞ղ է ուսուցիչը նկարներ հրապարակել աշակերտների հետ, թե ոչ, կարո՞ղ է անձնական նկարներով կիսվել և այլն, և այլն։ Սրանք թեմաներ են, որոնց ուսուցիչն ամեն օր գործի բերումով առնչվում է և իրենց օգտակար կլինի, եթե լինի մի ուղեցույց, որտեղ կլինեն այս հարցերի պատասխանները»,- ասաց տնօրենը։
Արշակյանն ասաց, որ ուսուցիչները այս կամ այն հարցում չեն առաջնորդվի իրենց ներքին ձայնով կամ պատկերացումներով ու հետագայում կազատվեն մեծ թվով խնդիրներից, եթե առաջնորդվեն ուղեցույցով։ Միաժամանակ դպրոցի տնօրենը շեշտեց, որ ցանկալի է, որ ուղեցույցը ունենա խորհրդատվական բնույթ ու չսահմանի պատասխանատվություն։
Մասնագետներն ասում են, որ ուղեցույցը կարևոր է նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ CyberHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտությունները պետք է զարգանան անկախ մասնագիտությունից ու տարիքից, այդ թվում՝ կրթական ոլորտի մասնագետների մոտ։
«Ինչպե՞ս պետք է զարգանան այդ հմտությունները։ Տարբեր ճանապարհներ կան, բայց դրանցից մեկը հենց ուղեցույցն է, ուղենիշային կանոններն ու պայմանները, որոնց հետևելով ուսուցիչը կունենա բազային գիտելիքներ ու հմտություններ համացանցում նավարկելիս։ Երբ այս կարևոր հմտությունը դպրոցներում բացակայում է, անպաշտպան են դառնում երեխաների անձնական տվյալները, խախտվում են երեխաների իրավունքները։ Օրինակով դիտարկենք։ Եթե դպրոցն ունի ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրվում են դպրոցում տեղի ունեցած միջոցառումների, իրադարձությունների մասին տեղեկություններ, այդ թվում՝ նկարներ, որտեղ երևում են աշակերտներ, համարվում է անձնական տվյալի խախտում։ Դպրոցը երեխայի տվյալները հրապարակում է ու շատ հաճախ առանց ծնողի թույլտվության, առանց հիմնավորման, թե որն է դա հրապարակելու անհրաժեշտությունը»,- ասաց Գևորգ Հայրապետյանը։
Ըստ նրա կանոնների առկայությունը կհեշտացնի բոլորի կյանքը։ «Ճանապարհային երթևեկության օրինակով դիտարկենք: Մենք գիտենք՝ փողոցն ինչպես անցնել, որ գույնի լույսի ներքո և այլն… Եթե հայտնվենք, դիցուք, Ստրասբուրգում, նույն կերպ անցնելու ենք: Որովհետև մենք հմտություն ենք ձեռք բերել, որը մեզ օգնելու է ամեն տեղ: Համացանցի դարում համացանցից օգտվելու հմտությունը օդի պես է հարկավոր»,- մանրամասնեց մասնագետը:
Ուղեցույցը պետական կառույցների, դասավանդողների ու փորձագետների հետ քննարկման փուլում է։ Այն վերջնականացնելուց հետո կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությանը՝ հետագա կիրառման համար։