Տեղեկատվական դարաշրջանում, երբ իրականն ու կեղծը իրարից տարանջատվում են շատ բարակ, երբեմն էլ անտեսանելի բաժանարարով, քննադատական մտածողությունն ու փաստերի ստուգման մշակույթը դառնում են ամենաարժեքավոր հմտությունները։ 

ԱԲ-ի զարգացումը պահանջում է մեդիագրագիտության ու պատասխանատվության բարձր չափաբաժին թե՛ լրագրողներից, թե՛ օգտատերերից։  

Հատկապես ընտրությունների, ռազմական հակամարտությունների և համաշխարհային ճգնաժամերի ժամանակ ԱԲ-ի միջոցով տարածվող ապատեղեկատվությունը դառնում է ազդեցության, մանիպուլյացիայի և հասարակական կարծիք ձևավորելու գործիք։ 

«Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագիրը կրող մեդիագրագիտության շաբաթվա քննարկումներից մեկը հենց այս խնդիրներին էր վերաբերում։ Միջազգային ու տեղացի բանախոսները փորձում էին պատասխանել հետևյալ հարցին․ արհեստական բանականությունը ապատեղեկատվության դեմ պայքարում ավելի շատ մարտահրավերնե՞ր, թե՞ հնարավորություններ է ստեղծում։  

Գոռ Ծառուկյան, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն 

«Այսօր ապատեղեկատվությունը արտադրվում և տարածվում է մեքենայական արագությամբ» 

Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար առաջին և կարևոր բաղադրիչն այն է, որ կառավարությունը և պետական մարմինները պետք է օպերատիվ և հնարավորինս ընդգրկուն արձագանք են ցանկացած տեսակի ապատեղեկատվական հոսքերին։ 

Երկրորդ բաղադրիչը անկախ լրատվամիջոցների ու փաստեր ստուգողների առկայությունն է։ Տեղեկատվական այնպիսի վայրիվերումների, ապատեղեկատվական հարձակումների դարաշրջանում, որում մենք հիմա ապրում ենք, անկախ լրատվամիջոցների աշխատանքն անգնահատելի է։ Հենվելով միայն կառավարության տված տեղեկատվության վրա, որքան էլ այն օպերատիվ  լինի, հենվելով միայն ինչ-որ անհատների փոխանցած տեղեկատվության վրա, հնարավոր չէ կառուցել հասարակություն-պետություն վստահությունը։ Ապատեղեկատվության դեմ պայքարում երրորդ կարևոր բաղադրիչն էլ մեդիագրագետ հասարակությունն է։ Այս երեք գործոնների համակցված աշխատանքն է, որ դրական արդյուներ կարող է արձանագրել այս գործընթացում։ 

Գոռ Ծառուկյան

ԱԲ-ն և՛ հնարավորություններ է ստեղծում  և՛ մարտահրավեր։ Սակայն ես կարծում եմ, որ նոր տեխնոլոգիաները ստեղծում են մարդկանց իրազեկելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու ավելի շատ հնարավորություններ։ 

Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար նախ պետք է մարդկանց սովորեցնել, որ առանց ստուգելու, առանց սկզբնաղբյուրն իմանալու չհավատան որևէ ինֆորմացիայի։ Պետք է կասկածել և ստուգել ցանկացած ինֆորմացիա, առավել ևս, եթե այն կամ շատ դրական է կամ շատ բացասական։ Հաճախ հենց այդպիսի ծայրահեղական տեղեկություններն են կեղծ լինում։ 

Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ մարդիկ պետք է հնարավորություն  ունենան տեղեկությունը ստուգելու։ Այստեղ է, որ արհեստական բանականությունը հասնում է օգնության։ Այսօր կան արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկատվությունը օպերատիվորեն ստուգելու։ Սակայն, ցավոք այդ գործիքները մեր ներքին տեղեկատվական հոսքերին հասանելիություն չունեն։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք նմանատիպ գործիք ստեղծելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի մեր ամբողջ տեղեկատվական լանդշաֆտը մշտադիտարկել և հնարավորություն տալ շարքային քաղաքացուն մուտք գործել և ստուգել  իրեն հուզող կամ հետաքրքրող տեղեկատվությունը։ 

Ապատեղեկատվական հոսքերի տարածման դեմ պայքարում կարծում եմ անիմաստ է սպասել, որ մի օր տեխնոլոգիական հսկա ընկերությունները որոշելու են և օգնելու են մեզ, մոդերացիա են անելու կամ ինչ-ինչ արգելքների ու սահմանափակումների միջոցով նվազեցնելու են կեղծ ինֆորմացիայի տարածումը։ 

Այսօր ապատեղեկատվությունը արտադրվում և տարածվում է մեքենայական արագությամբ։ Փաստերի ստուգումը և մարդկանց իրազեկումը ևս պետք է իրականացնել մեքենայական արտադրությամբ և արագությամբ։ Եվ այս ամենին հասնելու համար պետք է ստեղծել համապատասխան գործիքներ։ 

Թոմաս Կրիսակ, Կոգնիտիվ անվտանգության փորձագետ, Սլովակիա 

 «Սլովակիայում վերջին ընտրություններից հետո ռազմավարական հաղորդակցության և հիբրիդային սպառնալիքների վերլուծության որևէ փորձ չի իրականացվում» 

21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները զարգանում են, թվային հարթակներն ու արհեստական բանականությունը դառնում են հզոր ազդող գործիք,  ռազմավարական հաղորդակցությունը անհրաժեշտություն է բոլոր պետությունների համար։ Սլովակիայում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ռազմավարական հաղորդակցության և հիբրիդային սպառնալիքների վերլուծության որևէ փորձ անգամ չի իրականացվում։ Նույնիսկ տպավարություն է ստեղծվում, թե կառավարությունը ինչ-որ գաղտնի ձևով օգնում է նրանց, ովքեր փորձում են մանիպուլացնել Սլովակիայի հանրությանը։ Շատ հաճախ, վտանգը պարտադիր չէ, որ արտաքին ուժերի կողմից լինի, այն կարող է լինել նաև ներսից՝ «տրոյական ձի»-ու տեսքով։ Հետևաբար չափազանց կարևոր է, որ պետությունը ռազմավարական հաղորդակցության օգնությամբ կարողանա  պաշտպանվել հիբրիդային սպառնալիքներից։ 

Այսօր և՛ սոցիալական հարթակները, և՛ զարգացող տեխնոլոգիաները, այդ թվում նաև ԱԲ-ն կարելի է ասել, որ բավականին բացասական եղանակով են ազդում մարդկանց վրա՝ նպաստելով ապատեղեկատվական տարատեսակ հոսքերի տարածմանը։ Եվ մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիական հսկաներին՝ ինչպիսիք են Գուգլը, Մետան, նույնիսկ OpenAI-ը, չի հետաքրքրում կամ չի անհանգստացնում այն, թե մարդիկ այսօր ի՞նչ տեղեկատվություն են ստանում ու սպառում։ Նրանք չեն ցանկանում բովանդակության մոդերացիա իրականացնել։ Անկախ երկրներից բոլորն այսօր ստանում են նույն տեղեկատվական հոսքերը, որոնք ավելի շատ անհանգստություն են առաջացնում և նպաստում բևեռացման խորացմանը։ Մարդկությունը այսօր շատ հեռու է իր դիքորոշմանը չհամապատասխանող որևէ այլ կարծիք ընդունելու և հարգելու երևույթից։  

Թոմաս Կրիսակ

Պետք է հասկանալ, որ չկա կախարդական կոճակ, որը կմաքրի թվային հարթակներում տեղի ունեցողը։ Սլովակիայում երկար ժամանակ կային քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք փորձում էին իրականացնել ռազմավարական հաղորդակցություն, երբ պետությունը դա չէր անում կամ բավականաչափ լավ չէր անում։ Կարծում եմ, որ քաղաքացիները միշտ կարող են բարելավել տեղեկատվական տարածքը։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես անել, որ հասարակության կրիտիկական զանգվածը հասկանա տեղեկատվական տարածքը բարելավելու անհրաժեշտությունը և քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ եթե մենք շարունակենք իրականում որոշակի գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ, ի վերջո կունենանք, գուցե, ավելի պատրաստված սերունդներ, որոնք ավելի գիտակցված կհարաբերվեն այս տեխնոլոգիաների ու հարթակների հետ։ Ես չեմ տեսնում որևէ սցենար, որտեղ որևէ ժամանակի իշխանություն կկարողանան շտկել այս խնդիրները։ Ես շարունակում եմ հավատալ մարդկությանը։  

Իհարկե, չեմ կարող նաև չասել, որ մարտահրավերներից բացի, ԱԲ-ն մեզ բավականին լայն հնարավորություններ է նաև ընձեռում։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ առաջ շաբաթներ էին անհրաժեշտ որևէ տեղեկատվական երևույթ ուսումնասիրելու, նարատիվներ ու միտումներ առանձնացնելու համար։ Այսօր այս աշխատանքը ԱԲ-ն անում է վայրկյանների ընթացքում։ Տեղեկատվական տարածքում տեղի ունեցողը հասկանալու ունակությունը երբեք այնքան հասանելի չի եղել, որքան հիմա։ Մյուս կողմից այն ինքնակրթվելու լավ հնարավորություն է տալիս։ Բացի այդ, երբ մարդը որևէ ապատեղեկատվական հոսքի մասին խոսակցություն ու քննարկում է սկսում ԱԲ-ի հետ, եթե այն լավ մարզված է, տիրապետում է փաստահեն տարբեր աղբյուրների և ունի բարի մտադրություն՝ քաղաքավարի և հարգալից զրույց կարող է վարել և առանց հոգնելու տարբեր փաստերի միջոցով ներկայացնել իրականությունն ու օգնել մարդուն։  

Վարդինե Գրիգորյան, անկախ դիտորդ 

«Կասկածը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ, եթե դրան չեն հաջորդում ստուգելու և փաստահեն ինֆորմացիա գտնելու քայլերը» 

Նախկինում, երբ Հայաստանում հետազոտություններ էինք անում ընտրական վարքի կամ քաղաքացիների վարքի վերաբերյալ, կար ընդհանուր մոտեցում, որ քաղաքացիները ոչինչ չենք կարող փոխել։ Դա դոմինանտ կարծիք էր, որը տեսնում էինք հասարակական հարցումների արդյունքում։ Հեղափոխությունից հետո այս պատկերը փոխվեց և արդեն որպես առաջնային կարծիք մենք այժմ ստանում ենք հետևյալ պատասխաններն ու պատկերը, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ամեն բան փոխել։ Ոչ մի բան փոխել չկարողանալու միտքը շատ փոքր տոկոս է կազմում այժմյան հարցումներում։ Այսինքն հասարակությունը իրեն զգում է՝ որպես գործող անձ։ Հիմա, ցավոք սրտի, տպավորություն է, որ այդ գործող անձի ընկալումը մարդկանց մանիպուլացնում է։ Հասարակությանն անդադար հրամցվում է զայրացնող, հիասթափեցնող, ահաբեկող տեղեկություններ ու մարդն ունենում է անզորության զգացում, և կարծես միակ գործողությունը, որ նա կարողանում է անել, զայրույթ արտահայտելն է լինում։ Եվ եթե մենք համեմատում ենք, օրինակ, լավ լուրերի արձագանքներն ու վատ լուրերի արձագանքները, տեսնում ենք, որ զայրույթը դարձել է առաջնային էմոցիա ու դրսևորում։ Նույնիսկ այն դեպքում, երբ լավ լուրն ավելի մեծ կարևորություն ունի, այն ավելի քիչ տարածում, ավելի քիչ արձագանք է ստանում, քան բացասական տեղեկատվությունը։  

Վարդինե Գրիգորյան

Իմ կարծիքով և՛ արհեստական բանականությունը, և՛ սոցիալական հարթակները փաստացի մեզ  ստիպում են անդադար անհանգստանալ, վախենալ, հիասթափվել ու դեստրուկտիվ վարք դրսևորել։ Մեր հասարակությունը կարիք ունի վերագնահատելու, թե ինչ է սպառում ու ինչպե՞ս է դրան վերաբերվում, ինչքանո՞վ է անձնականացնում կամ անաձնականացնում իր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները։ 

ԱԲ մարտահրավե՞ր է, թե հնարավորությո՞ւն հարցը քննարկելիս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել դիտավորությանը, նպատակին։ ԱԲ ցանկացած գործիք կարելի է օգտագործել և՛ բացասական և՛ դրական նկատառումներից ելնելով։ Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի ստեղծել մի հարթակ, որը կմիավորի հենց հայկական փաստերի ստուգման հարթակների ինֆորմացիան և հնարավորություն կտա, որ կասկածելուց բացի, մարդիկ կատարեն նաև հաջորդ քայլը, ստուգեն։ Հակառակ դեպքում, երբ միայն խոսում ենք կասկածելու մասին, ապա կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ՝ անվստահության մակարդակի բարձրացման իմաստով։ Կասկածը անզորության մասին է, կասկածը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ, եթե դրան չեն հաջորդում ստուգելու ու փաստահեն ինֆորմացիա գտնելու քայլերը։