Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։
Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը», որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։
Հանրային հեռարձակողների թիվը կրճատելու՝ մասնավորապես «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության», որը հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը, գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին իշխող Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները խոսում էին դեռևս անցած տարվանից՝ Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարի մեկնարկից սկսած։
Կառավարություն ներկայացված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ սահմանափակ ռեսուրսների պարագայում, 3 հանրային հեռարձակողների գործունեությունը առաջացնում է որակական խնդիրներ։ Տարբեր հեռարձակողների ծրագրերում երբեմն բովանդակությունը կրկնվում է, բացի այդ կրթական-մշակութային ծրագիրը ունի ցածր դիտողականություն։ Նրանց կարծիքով հեռարձակողների թվի կրճատումը թույլ կտա առկա ֆինանսական միջոցները ավելի նպատակային օգտագործել, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել հստակ տարանջատված գործառույթներով երկու հանրային հեռարձակողների գործունեությունը, բարձրացնել նրանց ֆինանսական կայունությունն ու ծրագրերի որակը։
Հոկտեմբերի 6-ին էլ Հանրայինի՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ․ «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին՝ օրինագծի հեղինակ Թագուհի Ղազարյանը պատասխանել է, որ առանց սեթևեթելու կարող է ասել, որ, փոփոխությունը վերաբերում է «Շողակաթին»։
«Մի քանի ամիս առաջ ստեղծվեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որը նույնպես պետական միջոցներ է պահանջում, որ դրա վրա ներդրում կատարենք։ Եթե հանրությունը ներդրում է անում մշակութային հանարօգուտ մեդիա բովանդակության ստեղծման համար, պետք է հասկանա, թե որքանով է ադեկվատ այդ գումարը ծախսվում։ Մեզանից կառավարությունը գալիս է և ասում է մի հատ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի համար գումար տվեք, հետո էլ գալիս է մյուսի համար է ուզում, կողմնորոշվեք, որ մեկի համար եք ուզում»,- ասել էր Թագուհի Ղազարյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը
Առաջարկվող փոփոխությունը ընդունելի չէ Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանը ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշում է, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։
«Նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն արդեն իսկ հեռարձակում է երկու տեսալսողական ծրագիր հանրային մուլտիպլեքսի միջոցով՝ հավելյալ տեսալսողական ծրագրի հեռարձակման համար հանրային հեռարձակողը սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար պետք է մասնակցի համապատասխան մրցույթի և ներկայացնի համեմատաբար մրցունակ հայտ։ Նման պայմաններում հնարավոր է, որ մշակութային և կրթական ուղղվածության տեսալսողական ծրագրի սփռումը հանրային մուլտիպլեքսի միջոցով հանրային հեռարձակողի կողմից այլևս հնարավոր չլինի ապահովել։ Իսկ մեր գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Մշակութային ուղղվածության տեսալսողական ծրագրերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել ազգային ինքնության պահպանման և մշակութային ժառանգության փոխանցման համատեքստում»- գրված է Խորհրդի ներկայացված գրության մեջ։
Խորհուրդը նաև անդրադարձել է ֆինանսական խնդրին՝ նշելով որ, եթե մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը վերապահվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերության»-ը, ապա անհրաժեշտ կլինի հատկացնել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Պետական ֆինանսավորումը, որն այժմ հատկացվում է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությանը», օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։
Ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի՝ հանրային հեռարձակողների 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման՝ պետբյուջեից այս հեռուստաընկերությանը հատկացվել է 221 միլիոն դրամ (առանց ԱԱՀ՝ 184 միլիոն)։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի լիազորությունները կատարող Աննա Սարգսյանն ասում է, որ պետական պատվերով պատրաստվող հաղորդումների ծավալը չի գերազանցում 24 ժամ հեռարձակվող բովանդակության ⅓-րդ մասը։ Սակայն նույնիսկ այդ հաղորդումների պատրաստման համար այն ամբողջությամբ բավարար չէ։
«Նույնիսկ պետության պատվերով ստեղծվող հաղորդումները լիարժեքորեն չեն կարող արտադրվել միայն պետության հատկացրած ֆինանսական միջոցներով։ Հասկանալի է չէ՞, որ հեռուստահաղորդում պատրաստելու համար առաջին հերթին անհրաժեշտ են շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա: Այդ ամենը տրամադրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- ասում է Աննա Սարգսյանը։
Ինչ է հեռարձակում «Շողակաթը»
Ի պատասխան հաճախ հնչող քննադատությունների, թե «Շողակաթը» ավելի շատ հոգևոր բովանդակություն է հեռարձակում և որպես մշակութային ալիք չի կատարում իր պարտավորությունները նա ասում է, որ ինչպես բոլոր հանրային հեռարձակողների, այնպես էլ իրենց հաղորդացանցը հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից՝ յուրաքանչյուր եթերաշրջանի մեկնարկից առաջ։
Հանրային հեռարձակողների 2024 թվականի գործունեության վերաբերյալ Խորհրդի հրապարակած տարեկան հաղորդման մեջ ներկայացված տեսալսողական ծրագրերի առանձին բաժինների ծավալներն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ հեռուստաընկերության հեռարձակած հոգևոր հաղորդումներն ու հոգևոր-մշակութային լրատվությունը միասին կազմում են հեռուստաբովանդակության 20,5%-ը։
«Առաջարկվող նախագծով համապարփակ իրավունքի խախտում է տեղի ունենում։ Հանրային հեռարձակող ունենալը պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Հայաստանի քաղաքացին հարկ է վճարում, որ ի թիվս այլնի, կառավարությունն իր համար ստեղծի հանրային հեռուստաընկերություններ, այդ թվում մշակութային ուղղվածության հատուկ առանձին հեռուստաալիք, որը կապահովի հանրօգուտ, ոչ կոմերցիոն մեդիա բովանդակություն։ Մշակութային բովանդակությունը, հեռուստատեսային բիզնեսի տեսակետից, չի կարող մրցել կամ գերազանցել ժամանցային, լրատվական կամ քաղաքական հաղորդումների դիտելիությանը։ Որևէ մասնավոր ընկերության ձեռնտու չէ ստեղծել մշակութային բովանդակություն։ Հիմա, եթե պետական իշխանության մարմինները հնարք են փնտրում սահմանափակելու, նվազեցնելու իրենց պոզիտիվ պարտավորությունների կատարման շրջանակը, իրենք ուղիղ վնասում են այդ իրավունքը կրողների, այսինքն քաղաքացիների շահերին։ Ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, որն ուզում է սպառել մշակութային բովանդակություն, իսկ պետությունը հրաժարվում է կատարել իր այդ պարտավորությունը՝ խախտելով քաղաքացու իրավունքը»,- ասում է Աննա Սարգսյանը։
Առաջարկված նախագծի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդից բացի կարծիք էին հայտնել նաև Արդարադատության, Ֆինանսների նախարարությունը, ԿԳՄՍՆ և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
4 կառույցներն էլ նշել էին, որ առարկություններ, առաջարկություններ ու դիտողություններ չունեն։
«ԿԳՄՍ նախարարության ռազմավարության առանցքը մշակույթի հասանելիությունն է, իսկ մշակույթի հասանելիության ամենաարդյունավետ խողովակներից մեկը մեդիան է։ Հիմա առաջարկվում է փակել, կրճատել այդ խողովակը և այս նախարարությունը առաջարկություններ ու դիտողություններ չունի։ Օրենքի նախագծում նշված է, որ հաշվի է առնվել եվրոպական փորձը, սակայն որևէ հստակեցում չկա, թե եվրոպական ո՞ր երկրների փորձն է դիտարկվել։ Այդ առումով կուտակված փորձագիտական գիտելիք ու տեղեկատվություն, որը հնարավոր կլիներ համեմատել և դրա հիման վրա առաջարկել ամենաարդյունավետ լուծումը, Կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն պետք է որ ունենար, բայց պարզվում է նրանք ևս առաջարկություններ ու դիտողություններ չունեն»,- ասում է Աննա Սարգսյանը։
ՀՌՀ նախագահի կարծիքը
Նախքան կառավարության ամփոփաթերթի հրապարակումը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը media.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հանձնաժողովի հետ որևէ նախնական քննարկում չի արվել, նրանք միայն ստացել են օրենքի արդեն պատրաստի նախագիծը։
«Նամակների միջոցով, զրույցների ժամանակ ես ասել եմ, որ մեր Հանձնաժողովը և ես անձամբ, հաշտ չենք դրա հետ, որովհետև համոզված ենք, որ հանրային հեռարձակողի առաքելությունը հենց մշակութային, կրթական բովանդակության ստեղծումն ու տարածումն է։
Փակել այն ալիքը, որը շատ կարևոր դեր ունի այս կոմերցիալիզացիայի պայմաններում, փակել հանրության հետ շփվելու այդպիսի հնարավորությունների պատուհանը, ես կարծում եմ սխալ է և պետք է այլ եղանակներ գտնել։ Եթե որևէ բան չի արդարացնում իրեն պետք է գտնել մեղավորներին, պատճառը, շտկել կադրային քաղաքականությունը։ Իմ կարծիքով պետք է ավելի արդյունավետ լուծում գտնել և պահպանել հանրային հեռարձակողի մի հեռուստածրագիր, որը պետք է կրթի մեր հանրությանը»,- ասել էր Տիգրան Հակոբյանը։
Փորձագիտական կարծիք
Առաջարկվող օրենսդրական փոփոխության մեջ քաղաքական միտումներ է նկատում ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա կարծիքով գործադիր իշխանության դժգոհությունը եկեղեցու նկատմամբ ակնհայտ է և այս կերպ փորձ է արվում սահմանափակել եկեղեցու գործունեության հանրային դրսևորումը։
«Ես չեմ անդրադառնա «Շողակաթի» բովանդակությանը կամ եկեղեցու վարքին, բայց փաստորեն այս ամենի արդյունքում հոգևոր և մշակութային բովանդակության հաղորդումների առկայությունը մեր եթերում սահմանափակվում է։
Հանրային մուլտիպլեքսում մենք այսօր չենք տեսնում հասարակության տեղեկատվական պահանջարկը բավարարող բազմազան հեռուստաբովանդակություն։ Մենք այսօր ավելի շատ տեսնում ենք բևեռացված, քաղաքական դիրքորոշում ունեցող հեռուստաալիքներ և շատ քիչ հանրօգուտ բովանդակություն ենք ստանում։ Պետությունն այդ հարցը փորձում է լուծել վերջերս կառավարության որոշմամբ ստեղծվող «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի ձևավորմամբ։ Սակայն, ցավոք պետք է ասել, որ այդ հիմնադրամի և՛ միջոցներն են շատ սուղ և՛ շատ դժվար է պատկերացնել, որ այս բևեռացված, քաղաքականացված հեռուստաալիքներում հնարավոր կլինի այդ միջոցները արդյունավետ օգտագործել և ստեղծել ու տարածել համապատասխան բովանդակություն։ Գուցե, նաև այս ամենի արդյունքում է, որ «Շողակաթի» կարևորությունը և արժեքն այսօր արհամարհվում է ու կոնկրետ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հանրային հեռարձակողների քանակը նվազեցվում է»,- ասում է Բորիս Նավասարդյանը։
Կառավարության հաստատումը ստանալուց հետ օրինագիծն այժմ Ազգային ժողովում է, իսկ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ։