2024.12.23,

Նյուսրում

Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթի հոդվածը հերքելու պահանջի փոխարեն միանգամից դիմել է դատարան

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատի է տվել ՍիվիլՆեթին ու հայտարարել, որ իր հորը ևս հորդորել է դատական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ։ 

Հայցի պատճառը ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննական «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» վերնագրով հոդվածն է, որը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։  

Տիգրան Ավինյանն այս մասին խոսել է դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» ՀԸ-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ ու հոդվածն անվանել է «սուտ»։ Բանավեճի ժամանակ քաղաքապետը նաև հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ ասել՝ «որոշ մեդիաներ»։  

«Ձեր սիրելի ՍիվիլՆեթը, որ հոդված է գրում, և արդեն դատական հայցը կա ու հորս էլ հորդորել եմ, որ այս սուտ հոդվածի բերումով դատական հայց ներկայացնի։ Իմ հայրը, իմ ընտանիքի որևէ անդամ երբևէ որևէ պաշտոն չեն զբաղեցրել», – ասել է Ավինյանը: 

Հոդվածն այն մասին է, որ Տ․ Ավինյանի քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ Հոդվածի համաձայն, Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ 

Դատական-տեղեկատվական Datalex կայքի համաձայն՝ Տիգրան Ավինյանը պահանջում է լրատվամիջոցից հրապարակային ներողություն խնդրել, պարտավորեցնել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։ 

Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը, ինչի մասին գրված է հոդվածում, փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների հետ, քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, բայց հարցումներին արձագանք չի ստացել։  

Զանգվածային լրատվության մասին օրենքով Ավինյանները կարող էին պահանջել խմբագրությանը հերքել հոդվածը, բայց նրանք չեն օգտվել հերքման իրավունքից։ 

Media.am-ի հետ զրույցում ՍիվիլՆեթ-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ասաց, որ իրենց դիմելու փոխարեն՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց,  դեկտեմբերի 10-ին, Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան։ Լրատվամիջոցի խմբագիրն ասաց, որ քաղաքապետի հայտարարությունից հետո հոդվածում ներկայացված պնդումները նորից չեն ստուգել։ «Վստահ ենք, որ բովանդակությունը ճիշտ է»,- նշեց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցին դատի տալը մեդիայի հետ շփվելու կամ նրանից պարզաբանումներ հայցելու լավագույն ձևը չէ, իհարկե։ 

Հետքի փոխխմբագիր Լիանա Սայադյանն էլ Media.am-ի հետ զրույցում ասաց, թե իր համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ քաղաքապետը, նրա ընտանիքը չի դիմել լրատվամիջոցին հերքելու համար հոդվածը, եթե հավաստիացնում է, որ կան անճշտոթյուններ։  

«Եթե տեղեկությունը սխալ է եղել, ինչո՞ւ հերքում չեն պահանջել կամ ինչո՞ւ կապի դուրս չեն եկել լրատվամիջոցի հետ։ Գուցե լրատվամիջոցը պատրաստակամ լիներ հերքելու կամ ճշտումներ կատարելու, եթե հիմքեր կան։ Եթե գնում են ուղիղ դատարան, կամ չգիտեն ԶԼՄ մասին օրենքը, կամ անհարկի ծանրաբեռնում են դատարաններին»,- նշեց Սայադյանը։  

Փոխխմբագիրը նկատեց, որ լրագրողներն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարել են, նախքան հրապարակելը փորձել են կապ հաստատել առաջին աղբյուրների հետ՝ Տիգրան Ավինյանի հետ, նրա ընտանիքի անդամների հետ, բայց ստացել են մերժում։ 

«Դատարանն ամեն ինչ կապացուցի։ Եթե պաշտոնյան նման որոշում է կայացրել, թող դատի տա։ Մենք հանգիստ ենք վերաբերում դրան։ Թող դատարանում պատասխանի հարցերին՝ ինչո՞ւ չի պատասխանել լրագրողների հարցերին, ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի դիմել հոդվածը հերքելու տարբերակին․․․»,- հավելեց նա։ 

Ինչ վերաբերում է մեդիային աղբանոց անվանելու Տիգրան Ավինյանի հայտարարությանը, Լիանա Սայադյանը նշեց, որ միաշանակ դա կոռեկտ չէ։ Ըստ նրա՝ որպես հանրային գործիչ Տիգրան Ավինյանը չպետք է նման կերպ արտահայտվեր։  

Լիանա Սայադյանն ասաց, որ լրատվամիջոցների դեմ անհանդուրժողական մոտեցմա սկիզբը դրեց Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին ազդանշանը տվեց վարչապետը, հեղափոխությունից անմիջապես հետո թիրախավորվեցին լրատվամիջոցները, քննադատական հոդվածների համար տարբեր տրամաչափի պաշտոնյաներ քննադատել են մամուլի հրապարակումները։ Սա ՔՊ քաղաքական թիմից շատերին բնորոշ վերաբերմունք է»,- նշեց Սայադյանը։  

Փոխխմբագիրն ասաց, որ նրանք, ովքեր մեդիայի դեմ խոսում են, նպաստում են մեդիայի ճանաչմանը, իսկ պաշտոնյան քննադատությունից ավելի շատ տուժում է, քան՝ շահում․ մեդիայի հետ առճակատման գնալ, հատկապես նման բառապաշարով, պետք չէ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *