2024.11.30,

Նյուսրում

«Լրագրողական գործունեությունը ուղիղ կապ ունի հասարակության հոգեկան առողջության հետ»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Լրագրողները, մեդիա ոլորտի մյուս ներկայացուցիչները պետք է հոգ տանեն իրենց հոգեկան առողջության մասին, քանի որ առողջ մտածող հասարակություն ձևավորելու համար առողջ հոգեկան աշխարհով մեդիա ներկայացուցիչներ են պետք։  

Նման քննարկում ծավալվեց «Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը» թեմայով համաժողովի ժամանակ, որն անցկացրեց Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից։  

«Մեդիա աշխատակիցների հոգեկան առողջությունը մեզ համար միշտ է կարևոր եղել, բայց հարցն առաջնային դարձավ 2020 թվականի ողբերգական դեպքերից հետո։ ՀԼԱ-ը անհատական հոգեբանական թերապիաներ, արթ-թերապիաներ էր կազմակերպում լրագրողների համար, բարձրացնում իրազեկման մակարդակը։ Հայաստանում մեդիա զարգացմամբ զբաղվող կազմակերպությունները, միջազգային դոնորները ակնկալում են լրագրողներից պրոֆեսիոնալիզմ, մշտական աճ, հավատարմություն մասնագիտության լավագույն ավանդույթներին։ Սակայն, քիչ են հնարավորությունները, որոնք օգնում են անցավ վերապրել մասնագիտական այրումը, պրավմաները, դրանց հետևանքները»,- նշեց ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։  

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյն ասաց, որ խնդիրն իսկապես լուծման կարիք ունի, քանի որ մասնագիտական այրումից հետո պրոֆեսիոնալ լրագրողները լքում են աշխատանքը, փորձում գտնել ավելի քիչ սթրեսով լցված ոլորտներ։  

Անձի հոգեբանության ամբիոնի հոգեբան Նարինե Խաչատրյանը նշեց, որ անշուշտ, տրավմաները խաթարում են հոգեկան առողջությունը, բայց մասնագետները տարանջատում են մեծ ու փոքր տրավմաներ․ առաջին խմբի տրավմաները ֆիզիկական գոյությունն են վտանգում, իսկ երկրորդ խումբը կենցաղային սթրեսներն են, կարիքների չբավարարումը, որոնք կապ ունեն տարիքի, զարգացման հետ։ 

Նարինե Խաչատրյան

«Տրավմաները կյանքը բաժանում են երկու մասի, մարդը ռեսուրս ու էներգիա է վատնում այդ տրավմաները վերհիշելու, դրանց հետևանքների դեմ պայքարելու համար։ Եթե տրավմակիկ իրադարձությունից օրինակ երեք ամիս հետո ախտանիշներ են նկատվում, կարող ենք խոսել նաև հետսթրեսային խանգարման առկայության մասին։ Լրագրողների պարագայում խնդիրը փոքր-ինչ այլ է․ նրանք առնչվում են երկրորդային տրավմային, լուսաբանում են տրավմատիկ իրադարձություններ, ողբերգական մարդկային պատմություններ։ Լրագրողներն առնչվում են այլ մարդկանց տառապանքի հետ, անընդհատ տագնապային, սթրեսային նորություններ են կարդում, բռնության պատկերներ են դիտում, ականատես են լինում տրավմատիկ պատմությունների հետևանքներին և այլն»,- ասաց Նարինե Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լրագրողը նաև առաջնային տրավմա է ստանում, երբ օրինակ ինքն է ենթարկվում բռնության կամ հետապնդման։  

Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից պատրաստվել է Հայաստանի մեդիա կազմակերպություններում հոգեկան առողջության և բարեկեցության պաշտպանության և զարգացման ապահովմանն ուղղված ուղեցույց, որը կներկայացվի դիտորդ մարմնին, դրանից հետո ուղեցույցը որպես աշխատանքային փաստաթուղթ կառաջարկվի ներդնել ԶԼՄ-ներում։  

«Որպես Հոկտեմբերի 27-ը լուսաբանած լրագրող կարող եմ ասել, որ տրամվատիկ իրադարձությունների լուսաբանմանը պատրաստ լինել հնարավոր չէ։ 48 ժամ աշխատել եմ, այդ ընթացքում չեմ հուզվել, բայց երբ մի քանի օր անց հեռուստացույցով տեսա պաշտոնյաների թաղման արարողությունը սկսեցի արտասվել։ Չէի գիտակցում, որ դա սթրես է։ Հետո սկսեցին առաջանալ կպչուն մտքեր, առաջացան վախեր, յուրաքանչյուր այլ ողբերգական իրադարձության ժամանակ վերհիշում էի նախորդ ողբերգությունը։ Լրագրողի ստեղծած մեդիաբովանդակությունն ազդում է հասարակության վրա։ Այս կապը պետք է հստակ գիտակցել, քայլեր ձեռնարկել»,- ավելացրեց Սեդա Մուրադյանը։

«Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ամիրյանն էլ  շեշտեց՝ լրագրողական գործունեությունը ուղիղ կապ ունի հասարակության հոգեկան  առողջության հետ։  

Դավիթ Ամիրյան

Ամիրյանը նշեց, որ լրագրողները չպետք է վախենան բախվել այդ խնդիրներին, դրանք կարող են անգամ մասնագիտական աճ ապահովել։  

«Լրագրողի հետ իմ զրույցից մեջբերում եմ ուզում անել․ «Պատերազմը լուսաբելուց հետո մինչև հիմա փողոցում լսելով ոստիկանական մեքենայի ազդանշան, հրավառություն, բարձր ձայն վերհիշում եմ պատերազմը, կանգնում եմ, սառչում, սթափովւմ եմ, հետո գնում առաջ, գիտակցում եմ, որ հիմա պիտի պայքարեմ կոռուպցիայի դեմ, որովհետև բանակում կոռուպցիան բերեց հանգեցրեց շատ հարցերի»։ Տեղի ունեցածը բերել հանգեցրել է մասնագիտական նոր մոտեցման ձևավորման, նոր մոտիվացիայի սկիզբ»,- նշեց Դավիթ Ամիրյանը։  

Համաժողովը կազմակերպվել է «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *