Տեղեկատվական պատերազմների ու հետճշմարտությունների դարաշրջանում` առցանց լրագրության աճի, կեղծ լուրերի, ապատեղեկատվության ավելացմանը զուգահեռ, 21-րդ դարի սկզբին փաստերի ստուգումը ձևավորվեց որպես լրագրության առանձին ժանր։
Եթե 20-րդ դարասկզբին փաստեր ստուգողների հիմնական գործառույթը գրողների ստեղծագործություններում նշվող անուններն ու ամսաթվերը ստուգելն էր, ապա այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է ու բարդ։
Ընդունված է տարբերակել փաստերի ստուգման երկու տեսակ՝ ներքին և արտաքին։ Ներքին փաստերի ստուգումն իրականացվում է խմբագրության ներսում, նախքան նյութը հրապարակելն ու տարածելը։ Արտաքինի դեպքում փաստերը ստուգվում են անկախ կազմակերպությունների կամ լրագրողների կողմից։
Փաստերի ստուգումն առավել տարածվեց 2016-ին՝ ԱՄՆ-ում անցկացվող նախագահական ընտրությունների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում կեղծ լուրերը դարձել էին համատարած։ ԱՄՆ-ում, նույնիսկ, իրականացվել են մի շարք հետազոտություններ կեղծ լուրերը հասկանալու, տարբերելու և դրանց դեմ պայքարելու համար։
Սոցիալական մեդիա հարթակներում ու առցանց լրատվամիջոցներում հայտնաբերված բազմաթիվ ապատեղեկատվական արշավներից հետո նույնիսկ որոշվեց սահմանել փաստերի ստուգման միջազգային օր։ Տոնը պաշտոնապես ստեղծվեց 2016 թվականին, բայց առաջին անգամ նշվեց 2017-ի ապրիլի 2-ին։
Կեղծ ինֆորմացիայից պաշտպանվելու համար փաստերի ստուգման թիմեր ձևավորվեցին նաև Հայաստանում։
2016 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, որոշեցին, որ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը պետք է փորձեն բարձրացնել նաև ապատեղեկատվության դեմ պայքարելով։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց sut.am-ը։ Խմբագիր Վահե Ղուկասյանը պատմում է, որ այդ տարիներին հայկական մեդիա տիրույթում շատ էին մանիպուլյատիվ ու չճշտված հոսքերը։ Եվ փաստերի ստուգմամբ զբաղվող կայքի ստեղծումն անհրաժեշտություն էր։
«Քննարկեցինք, թե ինչ պետք է լինի այդ ժամանակ դեռ առաջին հայկական փաստեր ստուգող կայքի անունը և քանի որ ստերի դեմ էինք պայքարելու, որոշեցինք, որ sut.am-ը շատ հարմար է։ Կայքի անվանումը, մի կողմից շատ տիպիկ ու բնորոշ էր մեր գործունեությանը, բայց մյուս կողմից էլ, երբեմն շփոթմունք էր առաջացնում։ Մենք հաճախ ստիպված էինք լինում հանդուրժել նաև վատ քոմենթներ ու քննադատություններ, որոնք անդրադառնում էին այն փաստին, թե ինչու է կայքի անունը sut.am» ,- ասում է Վահե Ղուկասյանը։
Արդյունքում 2019-ին խմբագրակազմը փոխեց կայքի անունը։ Այսօր նրանց ճանաչում են փաստերի ստուգման հարթակ կամ FIP.am անունով։ Լրատվամիջոցի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից հրապարակված ապատեղեկատվություններն ու մանիպուլյացիաները՝ նվազագույնի հասցնելով դրանց ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա:
Ներքին փաստերի ստուգմամբ հայկական լրատվամիջոցներից քչերն են զբաղվում։ Հետք-ի փաստեր ստուգող խմբի ղեկավար Վահե Սարուխանյանը պատմում է, որ սեփական հրապարակումները ստուգող թիմի անհրաժեշտությունը խմբագրությունում զգացին 2020 թվականին։
«Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ապատեղեկատվությունը չափից շատ էր՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից։ Մասնավորապես հետաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաստի ինֆորմացիա։ Այդ ժամանակ մենք անում էինք Արցախի գյուղերի հանձնման, գրավման թեմաներով հետաքննություններ և մեզ համար շատ կարևոր էր, որ ցանկացած բառը ստուգվեր։ Այդ ժամանակ հասկացանք, որ խմբագրությունում փաստեր ստուգող մեկ լրագրողը քիչ է և ձևավորեցինք փաստերի ստուգման մեր փոքրիկ թիմը»,- ասում է Վահե Սարուխանյանը։
Վահեն նշում է, որ Միջազգային հետաքննությունների ժամանակ խմբագրությունն աշխատում է նաև OCCRP-ի փաստերի ստուգման թիմի հետ։ Հետաքննական լրագրությամբ զբաղվող այս միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ոլորտում։
2021-ին փաստերի ստուգման թիմ ստեղծվեց նաև ՍիվիլՆեթ-ում։ CivilNetCheck-ի խմբագիր Անի Գրիգորյանը պատմում է, որ ապատեղեկատվության տեսակները գնալով ավելի ու ավելի են զարգանում են, ինչը և՛ բարդացնում է փաստեր ստուգողների աշխատանքը և՛ առավել վտանգավոր է դառնում հասարակության համար։
«Ապատեղեկատվությունները հիմնականում շատ զգայուն թեմաներով են լինում, որովհետև ունեն հստակ քաղաքական, տնտեսական նպատակ։ Հասկանում ես, որ դրանք ազդեցություն են ունենում հանրության վրա, փոխում են հանրության կարծիքը, հետո նաև ժողովրդավարության վրա են ազդում։ Պարզ է, որ այդ ամենը շատ մեծ հետևանքներ կարող է ունենալ»,- ասում է Անին։
Անին պատմում է, որ առավել ժամանակատար ու բարդ է անվտանգային խնդիրներին վերաբերող թեմաների ստուգումը։ Տեղեկատվության փոխարեն, պետական մարմիններից հաճախ անհիմն մերժումներ են ստանում՝ պատճառաբանությամբ, որ դա պետական գաղտնիք է։
Սիվիլնեթն այսօր Հայաստանում գործող միակ խմբագրությունն է, որը Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ է։ Այս անդամակցության արդյունքում խմբագրությունը հնարավորություն ստացավ համագործակցել նաև Meta-ի հետ։ 2024-ի հուլիսից CivilNetCheck-ը ստուգում է Ֆեյսբուքի ու Ինստագրամի հայալեզու բովանդակությունը։
Վստահելի ու որակյալ լրագրության առաջխաղացմանը նպաստելու համար՝ փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները համագործակցության հուշագիր են ստորագրել։ «Հետք»–ը 2022-ին իր եվրոպացի գործընկերների հետ ստեղծեց Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների «Փաստացի» ցանցը, որին անդամակցում են ինչպես համապետական, այնպես էլ մարզային որոշ լրատվամիջոցներ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: