2024.11.08,

Նյուսրում

«Եթե ԱԲ-ին վերաբերվեք որպես օգնական, կստանաք շատ լավ արդյունք»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ քննարկում են արհեստական բանականության գործիքները աշխատանքային պրոցեսում ներգրավելու հարցը, իսկ ոմանք արդեն դրանք կիրառում են։  

Այս մասին էր մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «5×5+1 մեդիագրագիտություն կամ ԱԲ հնարավորություններն ու մեդիան» խորագրով ինտերակտիվ քննարկումը։  

«Սիվիլնեթ»-ի փաստեր ստուգող լրագրող Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ անգամ  հայաստանյան ավանդական մեդիա ոլորտում նկատում է ԱԲ հետ փոխհարաբերություններ։ Նրա դիտարկմամբ՝ մասնավորապես օգտագործվում են մուլտիմեդիա՝ վիզուալ պատկերներ ստեղծելու գործիքներ։  

«ԱԲ-ը փոխեց որոշակի խաղի կանոններ։ Ինչպիսի զարգացում դա կունենա, կախված է մեզանից, բայց որևէ մեկիս համար այլևս կասկածի տեղիք չի տալիս, որ ԱԲ-ը տալիս է անսպառ հնարավորություններ և այդ հնարավորություններն արդեն իսկ կիրառվում են մի շարք լրատվամիջոցներում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Հայկ Հովհաննիսյան

Լրագրողը նշեց, որ ոլորտի մասնագետների համար շատ կարևոր են հետևյալ գործիքները՝ ձայնի սղագրում, ձայնի սինթեզում, պատկերների մշակում, թարգմանություն։ Հովհաննիսյանն ասաց, որ իրեն՝ որպես փաստեր ստուգող լրագրողի, ԱԲ գործիքները օգնում են գտնել կեղծ լուրերը։  

«ԱԲ գործիքների հետ աշխատելու մի խորհուրդ եմ ուզում տալ, որը ժամանակին ինձ են տվել։ ԱԲ գործիքները հեշտացնում են, արագացնում են, բարձրացնում են աշխատանքի որակը, ոչ թե փոխարինում են մեզ։ Եթե ԱԲ-ին վերաբերվեք որպես օգնական, որպես քարտուղար, կստանաք շատ լավ արդյունք»,- ասաց լրագրողը։ 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ԱԲ հնարավորություններից զատ ներկայացրեց նաև բացասական կողմերը՝ նշելով, որ այն կիրառում են նաև չարագործները։  

Նա նշեց, որ ԱԲ-ը եկավ փոխելու տեղեկատվական պատերազմների բնույթը, ստեղծվեցին մեծ քանակի օգտատերեր, որոնք աշխատում են ազդելու այս կամ այն իրադարձության, կարծիքի վրա։ 

«Կա երևույթ, որը ժամանակին անվանում էին տեղեկատվական պատերազմներ, հետո հիբրիդային, հիմա ընդունված է դա անվանել ազդեցության գործողություն։ Ձևավորված է շուկա, կան թիմեր, որոնք իրականացնում են այս գործողությունը, տեղեկատվական դաշտում քարոզչական-հոգեբանական ազդեցության գործողություններ են իրականացնում։ Զանազան պետություններ ստեղծում են նմանատիպ թիմեր, որոնք իրականացնում են այսպիսի գրոհներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Փաստագրված նման թիմերի ձևավորման մասին գիտենք։ 2013 թվականին Ռուսաստանից ու Թուրքիայից իմացանք, որ նման թիմեր կան ձևավորված։ Ադրբեջանականի մասին չեմ խոսում, այն ավելի վաղուց կա։  

Սամվել Մարտիրոսյան

Արհեստական բանականությունը այս երևույթին նոր թափ է տալիս։ Թուրքիայի ստեղծած թիմում, որը ՀՀ դեմ էր աշխատում, 10.000 մարդ կար։ Հիմա կեղծ օգտատերեր են բացվում ԱԲ միջոցով, ԱԲ-ին ասում ես պոստեր է գեներացնում։ Մի քանի րոպեում մի քանի պոստ ես ունենում։ Գումարած դրան, որ ժամանակին հենց տվյալ լեզուն տիրապետող մասնագետներ պետք է ունենայիր թիմում, որոնք ժարգոնի են տիրապետում, հիմա ԱԲ-ը շատ լավ խոսում է, բոլոր լեզուներով շփվում է»,- նշեց նա։  

«Հետքի» լրագրող Նարե Պետրոսյանը պատմեց, որ ԱԲ ի հայտ գալուց հետո լրագրողների առաջ դրվեց երկընտրանք՝ զբաղվե՞լ ԱԲ-ով, թե հետ մնալ դրանից։  

Միաժամանակ նա ասաց, որ լրատվամիջոցներում ԱԲ գործիքները, ցավոք, կիրառվում են ոչ դրական տեսանկյունով և հավանաբար հենց այդ պատճառով է, որ մարդիկ չեն վստահում ԱԲ-ին։  

Նարե Պետրոսյան

«Մարդուն փոխարինելու է ոչ թե արհեստական բանականությունը, այլ այն օգտագործողը։ «Հետքի»-ում ունենք չորս հոգանոց թիմ, որոնք զբաղվում են ԱԲ գործիքների ինտեգրմամբ և շատ հարցերում է ԱԲ-ը մեզ օգնում։ Լրատվամիջոցները շատ ֆինանսական միջոցներ չունեն, ռեսուրսները սահմանափակ են և ավելի ձեռնտու է ամսական կրտվածքով բաժանորդագրվել որևէ գործիքի»,- պատմեց լրագրողը ու շեշտեց, որ իրենք ընթերցողին տեղեկացնում են, որ այս կամ այն կոնտենտի գեներացման հարցում իրենց օգնել է ԱԲ-ը։  

«Ինտերնյուսը Հայաստանում» ընկերության աշխատակից Կոնստանտին Ամիրաքյանը ԱԲ ամենամեծ հնարավորությունների շարքում առանձնացրեց վերլուծություն կատարելու և ավելի ճշգրիտ որոշումներ կայացնելը ունակությունը։ Նա նշեց, որ լրատվամիջոցների մարքեթինգի համար սա կարևոր հմտություն է։ 

«ԱԲ-ը հսկայական դատա է վերլուծում ու թույլ է տալիս ավելի ճշգրիտ որոշումներ կայացնել, ոչ թե աչքաչափով»,- նշեց Ամիրաքյանը։  

Կոնստանտին Ամիրաքյան

Միաժամանակ նա ասաց, որ մի շարք ընկերություններում դեռևս չունեն հստակ պատկերացում, թե ինչպես կիրառել ԱԲ հնարավորությունները։ «Գիտեն, որ մոդա է, պետք է ունենալ, բայց չգիտեն՝ ինչ անել այդ գործիքի հետ։ Կազմակերպությունները պատրաստ չեն ԱԲ կիրառմանը։ Բացի այդ, չկա դասընթաց, որը կսովորեցնի օգտագործել գործիքները»,- ասաց նա՝ խորհուրդ տալով սկսել անվճար գործիքները թեսթավորելուց։  

Կրթության միջազգային փորձագետ, մեդիագրագիտության դասընթացավար Արմինաս Վարանաուսկասն էլ երկու հորինված երիտասարդների օրինակ բերեց։ 

Արմինաս Վարանաուսկաս

Նա ասաց, որ մեկը սովորում է հանրակրթական դպրոցում, չունի ուսուցիչներ, ովքեր իրեն կսովորեցնեն ԱԲ կիրառելու գաղտնիքները, մյուսը սովորում է մասնավոր դպրոցում, որտեղ կա ԱԲ դասընթացավար։ Առաջինը, սակայն, ունի սեփական մտածողություն, կարողանում է որոշումներ կայացնել, իսկ երկրորդը՝ հարցեր է տալիս ԱԲ-ին, չունի որոշումներ կայացնելու ունակություն։ Նման իրավիճակում չհայտնվելու համար նա կոչ է անում բալանսավորել այս ամենը․ ԱԲ-ը չդարձնել որոշում կայացնող գործիք, այլ դիտարկել որպես օգնական։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *