2024.10.30,

Նյուսրում

Ինչ են կարդում, դիտում և լսում Հայաստանում․ հետազոտություն

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

2023 և 2024 թվականներին Հայաստանում լրատվամիջոցների սպառման սովորություններում էական փոփոխություններ չեն գրանցվել:   

Այս մասին է վկայում ՀՀ-ում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտությունը:  

Հարցվածների 80%-ը որպես մեդիա աղբյուր սպառում է հայկական հեռուստաալիքները, 73%-ը՝ հայկական լրատվական կայքերը։ Վերջին շրջանում լայն տարածում գտած հայկական բլոգները, վլոգները և փոդքասթները սպառում է հարցվածների 48%-ը, ռուսական հեռուստաալիքներից տեղեկատվություն է սպառում 47%-ը:  

Մեդիասպառումը 95% հարցվածների շրջանում կատարվում է աշխատող հեռուստացույցի միջոցով, իսկ 84%-ի պարագայում՝ ինտերնետ կապով՝ Wi-Fi կամ ֆիքսված գծային կապ:  

Փոփոխություն չկա նաև սոցիալական և քաղաքական նորությունների հիմնական աղբյուրների մասին հարցման արդյունքներում․ դրանք նման են 2023 թվականի արդյունքներին: Ըստ այդմ՝ հիմնական աղբյուրները սոցիալական ցանցերն են (հարցվածների 62%-ն այս տարբերակն է նշել), որին հաջորդում է հեռուստատեսությունը (45%): 

Ամենատարածված աղբյուրներն են՝  

«Արմենիա» հեռուստաընկերությունը (66%),  

«Շանթ» հեռուստաընկերությունը (50%),  

«Առաջին ալիքը» (45%):  

Հարցվածներն նշել են, որ տվյալ երեք հեռուստաալիքները դիտում են շաբաթական առնվազն մեկ անգամ։

Դրանց հաջորդում են ռուսական հեռուստաալիքները (18%): Այս պատկերը 2023 թվականի հետ համեմատությամբ անփոփոփոխ է մնացել․ 2024 թվականին գրեթե բոլոր ալիքները պահպանել են նույն հաջորդականությունը:   

Բացառություն են կազմում միայն «Երկիր Մեդիան», որը 2024 թվականին չի հայտնվել հարցվածների կողմից նշված հեռուստաալիքների առաջին տասնյակում, և «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը, որը չի եղել 2023 թվականի առաջին տասնյակում, բայց հայտնվել է 2024 թվականի տասնյակում: 

Ինչպես 2023 թվականի, այնպես էլ այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները շարունակում են մնալ ամենահայտնի ալիքները, ինչը հուշում է, որ հեռուստատեսությունը՝ ընդհանրապես, և այդ ալիքները՝ մասնավորապես, հիմնականում  

օգտագործվում են ժամանցային նպատակներով։ Չնայած սոցիալական և քաղաքական նորությունների մատուցումը նրանց հիմնական նպատակը չէ, այդ ալիքներն առաջարկում են որոշ վերլուծական հաղորդումներ, որոնք կարող են նաև ծառայել որպես սոցիալական և քաղաքական նորությունների աղբյուր: 

Տվյալների համաձայն՝ հարցվածների 27%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ լսում է առնվազն մեկ ռադիոկայան։ Ռադիոկայաններից առավել հաճախ նշվել են «Ռադիո Ավրորան» (17%), Հայաստանի հանրային ռադիոն (17%), և «Ռադիո Ջանը» (14%): 

Ինչ վերաբերում է լրատվական կայքերին, ապա հարցվածների 72%-ը նշել է, որ շաբաթը մեկ անգամ այցելում է առնվազն մեկ լրատվական կայք: Առավել հաճախ նշված կայքերն են՝ 

Azatutyun.am-ը (17%),  

1in.am-ը (13%),  

News.am-ը (10%):  

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի համեմատ, պատկերն էականորեն չի փոխվել: Փոփոխություն կա միայն News.am-ի մասով։ Կայքը Հայաստանում ամենատարածված լրատվականն եղել, իսկ Azatutyun.am-ը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Սակայն, ըստ հետազոտության, վերջին երկու տարիների ընթացքում այս երկու կայքերի դիրքերը փոփոխվել են, և Azatutyun.am-ն այժմ ավելի հաճախ է նշվում հարցվածների կողմից: 

Հարցվածների 15%-ը նշել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ կարդում է մեկ տպագիր մամուլ։ Դրանցից ամենահաճախ նշվել են «TV Ալիք» շաբաթաթերթը (9%), «Հրապարակ» (6%) և «Առավոտ» (6%) թերթերը: 2023 թվականին հարցվածների միայն 5%-ն է նշել շաբաթը մեկ անգամ առնվազն մեկ տպագիր մամուլ կարդալու մասին, ընդ որում՝ ամենահաճախ նշվածը եղել է «Առավոտ» թերթը (2%):


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *