2024.10.17,

Նյուսրում

Հայաստանը 2 միավորով  բարելավել է համացանցի ազատության ցուցանիշը․ Freedom House 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Freedom House-ի` Ազատությունը համացանցում․ «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցի համաձայն Հայաստանը 2 միավորով  բարելավել է համացանցի ազատության ցուցանիշը։ Նախորդ տարվա 72-ի փոխարեն այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր և ընդգրկվել՝ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։ 

Այս եզրակացության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ զեկույցի հաշվետու ժամանակահատվածում՝ 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ը, մեր երկրում չեն գրանցվել սոցիալական մեդիա հարթակների և կայքերի արգելափակման դեպքեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ Հայաստանի առցանց միջավայրը շարունակում է մնալ բաց և բարելավվում է։  

Որպես բարելավման օրինակ, որը կարող է նպաստել ազատ ու վստահելի մեդիամիջավայրի կայացմանը, կազմակերպությունը նշում է լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգին անցում կատարելուն ուղղված քայլերը։  

«2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում», որոնք նախատեսում են լրատվամիջոցների, այդ թվում՝ գործող լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ»,- ասված է զեկույցում։   

Մյուս կարևոր նախաձեռնությունը, որին անդրադարձել է Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրն է, որոնց նպատակն է ուժեղացնել պետական և մասնավոր հատվածի կարողություններն այս ուղղությամբ և խթանել մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։ Սակայն նշվում է, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի զեկույցում հնչեցվել էին հայեցակարգի հետ կապված մտահոգություններ։ Ըստ որոնց՝ պետք է հստակեցվեր ապատեղեկատվության սահմանումը, Կառավարությունը պետք է երաշխավորեր, որ առանձին պետական մարմիններ պատասխանատու կլինեն ապատեղեկատվության բացահայտման և դրա դեմ պայքարի համար։ 

Համացանցի ազատությանը զուգահեռ, զեկույցն անդրադառնում է նաև մեր երկրում առկա տեղեկատվական դաշտի բևեռացմանը, քաղաքական ճնշումներին ու ապատեղեկատվության տարածվածությանը։   

«Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ»,- ասված է զեկույցում:  

«Իմնեմնիմիի» փոդքասթի վարողներ՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դրվագը ևս ներառված է զեկույցում։ Նշվում է, որ նրանք դատապարտվել են երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո: 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն առկա խնդիրների ցանկում նաև անդրադարձել է այն դեպքերին, երբ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության համար ենթարկվում են ահաբեկման կամ ֆիզիկական բռնության։ Զեկույցում նշվում, է որ թեև թավշյա հեղափոխությունից հետո նման հարձակումները որոշակիորեն նվազել են, բայց երևույթը դեռևս առկա է։ Հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին՝ նշվում է, որ 2023 թվականին արձանագրվել են լրագրողների նկատմամբ 6 ֆիզիկական ևս 60 այլ բռնության դեպքեր։ 

Խնդիրների շարքում է նաև առցանց ատելության խոսքը ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ, որը հիմնականում ուղղորդվում է ծայրահեղ աջ կազմակերպությունների և քաղաքական շարժումների կողմից: 

Թվային տիրույթի անվտանգությանն անդրադառնալով՝ Freedom House-ը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են լրտեսական ծրագրերի հարձակումներ, մասնավորապես՝ Պեգասուսով: Հարձակումների թիրախում են եղել ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության խմբերի ու լրատվամիջոցների կայքեր։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *