Խոսքի ազատությունը, բազմակարծությունը և որակյալ լրագրության սկզբունքները որպես ուղենիշ որդեգրած Երևանի մամուլի ակումբն (ԵՄԱ) այսօր նշում է իր հիմնադրման 29-ամյակը։
1995-ին հիմնադրված կազմակերպության գլխավոր առաքելությունն ու նպատակն է աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը Հայաստանում։
Շնորհավորանքներ ընդունելուց բացի, Երևանի մամուլի ակումբն այս օրը ավանդույթի ուժով նաև ինքն է շնորհավորում ու պարգևատրում տարվա ընթացքում մասնագիտական բարձր արհեստավարժությամբ աչքի ընկած լրագրողներին։
Մի քանի տարվա դադարից հետո, այսօր նորից անցկացվեց Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի կրում էր «Էթիկական լրագրություն 2024» անվանումը։ ԵՄԱ-ն մրցանակներ հանձնեց երեք լրագրողների։
ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանն, անդրադառնալով հայաստանյան լրատվական դաշտի բևեռացվածությանը, նշեց, որ այսօր դժվար է խոսել լրագրողական էթիկայի պահպանման մասին, բայց շատ կարևոր է, որ մրցանակի արժանացած 3 լրագրողներն էլ կարողացել են հավատարիմ մնալ այդ սկզբունքներին։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն միտումները, որ կան մեր քաղաքական դաշտում, մեդիայի ոլորտում, շատ դեպքերում այնքան էլ չեն նպաստում, որպեսզի որոկյալ լրագրությունը զարգանա, կարող եմ ասել, որ կան նաև բազմաթիվ շրջանակներ, որոնք հետապնդելով իրենց նեղ շահերը, անգամ կարող են խոչընդոտել այդ զարգացմանը, բայց մենք ունենք մեծ առավելություն, մենք հետևողական ենք, մենք ունենք հստակ սկզբունքներ և մենք համբերատար անելու ենք մեր գործը։ Ես շնորհակալ եմ բոլոր այն լրագրողներին, որոնց համար էթիկական սկզբունքները մնում են կարևոր»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանի հարցազրույցները, որոնցում նա անդրադառնում է հանրությանը հետաքրքրող թեմաների, հրավիրում՝ կարևոր ասելիք ունեցող հյուրերի, մշտապես պատրաստված է ու քաջատեղյալ իր հյուրերի գործունեությանը նկատել ու գնահատել էին Երևանի մամուլի ակումբում։ Ինչ արդյունքում էլ նա արժանացավ լրագրողական աշխատանքում մասնագիտական էթիկայի սկզբունքներին հավատարմության համար մրցանակի։
Մյուս մրցանակակիրը Ինֆոքոմ կայքի լրագրող Հայարփի Բաղդասարյանն էր։ Երևանի մամուլի ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը մրցանակը հանձնելիս ասաց, որ լրագրողական «մի վնասիր» սկզբունքը կարմիր թելի նման անցնում է Հայարփիի, գրեթե բոլոր հոդվածներով՝ անկախ նրանից նա պատմում է Ալավերդիում բնական աղետի հետևանքով տուժած քաղաքացիների, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, թե Տավուշի 4 գյուղերի սահմանային իրավիճակի մասին։
Ապրումակցել ու ոչ մի դեպքում չտարվել ձեռքի տակ եղած ցանկացած ինֆորմացիա հրապարակելու մոլուցքով․ Հայարփին խոստովանեց, որ հենց այս սկզբունքներով է առաջնորդվում ցանկացած պատմություն պատմելիս։
«Տարբեր իրավիճակներ լուսաբանելիս՝ ես միշտ ինքս ինձ հետ այդ զրույցը ունենում եմ, որ հանկարծ որևէ դեպքում չվնասեմ մարդկանց, որոնց մասին գրում եմ և գրածիս հուզականությամբ էլ չվնասեմ նաև այն մարդկանց, որոնք կարդում են իմ հոդվածները։ Հույս ունեմ, որ բոլոր լրագրողները և բոլոր մարդիկ ավելի ապրումակցող կլինեն մեր շուրջը գտնվող մարդկանց նկատմամբ և ցանկացած հրապարակում անելիս ավելի նուրբ կմոտենան նման հարցերին»,- ասաց Հայարփի Բաղդասարյանը։
Էթիկական լրագրության ամենամյա մրցանակաբաշխության հաջորդ մրցանակակիրը Հետք պարբերականի լրագրող Տիրայր Մուրադյանն էր։
Նախքան նրան ներկայացնելը Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն իր շնորհավորական խոսքում ասաց, որ եթե Տիրայրի հոդվածներին հասարակությունը, այդ թվում լրագրողական համայնքը սպասում են անհամբերությամբ, ապա բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել կոռուպցիան գործարքների մեջ այդ հոդվածներին սպասում են սարսափով։
Անօրինականությունները, կոռուպցիոն շղթաները բացահայտող լրագրողն էլ պատմեց, որ երբեմն մասնագիտական գործունեության ճանապարհին ունենում է հիասթափություններ, մտավախություններ, որ որակյալ լրագրությունն այլևս չի ազդում մեր շուրջը կատարվող երևույթների վրա, մինչդեռ նման մրցանակները ևս մեկ անգամ գալիս են կարևորելու լրագրողի աշխատանքը։
«Բոլոր լրագրողներին ուզում եմ ասեմ, որոնք հուսահատվել են, ինչ որ պահի մտածել են, որ իզուր են աշխատում կարծես, թե այլևս որևէ բան չկա անելու և որևէ բան մեզանից կախված չէ, ոչ դա էդպես չէ և լրագրողներից շատ բան է կախված և լրագրողական գործունեությունը որպես գործիք, որպես ազդեցիկ գործիք շարուանկելու է լինել շատ ազդեցիկ գործիք»,- ասաց Տիրայր Մուրադյանը։
Լուսանկարները՝ Անի Բալայանի (ՍիվիլՆեթ)
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: