«Առցանց Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը դատարանում հաղթել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր հասցեին վիրավորական արտահայտություններ գրած օգտատերեր Դիանա Մարտիրոսյանին և Խաժակ Թանանյանին։
Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ պատասխանողը պետք է ներողություն խնդրի ու վճարի լրագրողին 70 հազար դրամ՝ հայցում պահանջած 400 հազարի փոխարեն։ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հայցը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու Ջեբեջյանին վճարի 400 հազար դրամ։
Դեպքի մանրամասները
2023 թվականի հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ Առցանց Առավոտի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վարչապետին հարցրեց․ «Երբևէ մտածել եք, թե ինչ է լինելու, երբ մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի, ինչպե՞ս են Ձեզ հիշելու, ո՞վ է սգալու Ձեր ընտանիքից կամ Հովիկ Աղազարյանից բացի»։ Վարչապետի ասուլիսից հետո Հռիփսիմեի հասցեին սոցիալական ցանցերում ու առանձին լրատվամիջոցներում հայհոյանքներ, անեծքներ ու սպառնալիքներ գրվեցին։
Հռիփսիմեն պատմում է, որ վարչապետի համակիրներն իր Ֆեյսբուքյան նկարների, գրառումների, Յություբյան տեսանյութերի տակ վիրավորանքներ ու սպառնալիքներ էին գրում։
«Գրում էին «սատկացնելու ենք քեզ», «սրան վառել ու Հայաստանից վտարել է պետք» և էլի ու էլի շատ անվայելուչ արտահայտություններ։ Սպառնալիքներ ու վիրավորանքներ էին հնչեցնում նաև իմ անչափահաս երեխաների հասցեին։ Ես, անհանգստանալով նրանց անվտանգության համար, որոշեցի դիմել դատախազություն, ոստիկանություն, քննչական կոմիտե, որպեսզի պետությունը, ունենալով պոզիտիվ պարտավորություն, բացահայտի, թե ովքեր են այդ մարդիկ։ Այս գործով մինչև օրս դեռ որևէ առաջընթաց չկա։
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց բացի, ես կարողացել էի իմ հասցեին վիրավորանքներ հրապարակող օգտատերերից երկուսին՝ Դիանա Մարտիրոսյանին և Խաժակ Թանանյանին նույնականացրել։ Դիանա Մարտիրոսյանը գրել էր․ «Ոնց կգցեի քացուս տակ քեզ, այ լիրբ։ Խաժակ Թանանյանն էլ լուսանկարս կցել էր ծեր կնոջ նկարի հետ և գրել․ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես սենց բան չեմ ասել էս պոռնիկին»։ Ես որոշեցի երկու օգատերերի դեմ էլ վիրավորանքի գործով քաղաքացիական հայց ներկայացնել»,- ասում է Հռիփսիմե Ջեբեջյանը։
Մոտ մեկ տարի տևած դատական գործընթացի արդյունքից լրագրողը գոհ է։ Ընդունված դատական երկու որոշումներն էլ նա մեդիա դաշտի համար աննախադեպ է որակում։
« «Պատվեր եք կատարում», «պիցցայակերներ», «ծախվածներ» նմանատիպ շատ արտահայտություններ կան, որ այնքան ենք լսել, որ արդեն սովորական են դարձել մեզ համար։ Ես չէի ուզում, որ հետագայում լրագրողների համար սովորական դառնան «պոռնիկ» կամ «լիրբ» արտահայտությունները»,- ասում է լրագրողը։
Հռիփսիմեի փաստաբան Շուշան Ավետիսյանն էլ ասում է, որ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն իր վճռի մեջ բավականին հանգամանալից անդրադարձել է վիրավորական արտահայտություններին ու տվել դրանց մանրամասն բացատրությունը։
«Վճռում շատ հանգամանալից ներկայացված են հիմքեր, որոնցով ապացուցվում է տվյալ արտահայտությունների վիրավորական լինելու հանգամանքը։ Եթե վաղը, որևէ այլ լրագրողի նույն բառերով վիրավորեն, նա կարող է պատասխանատվության կանչել իրեն վիրավորողներին և վկայակոչել օրինական ուժի մեջ մտած այս դատավճիռները, որոնք նախադեպային են համարվում»,- ասում է փաստաբան Ավետիսյանը։
Փորձագիտական կարծիք
Մեդիափորձագետ Հակոբ Կարապետյանն ասում է, որ ցավոք, այսօր մեր հասարակությունում ընդունված ու շատ հաճախ հանդիպող երևույթ է դարձել, երբ քաղաքացիները կամ քաղաքական գործիչները կարող են վիրավորել լրագրողներին, սպառնալ, ծաղրել իրենց կարծիքին չհամապատասխանող հրապարակում անելու համար։ Նրա կարծիքով սրա պատճառներից մեկն էլ քաղաքական ծայրահեղ բևեռացվածությունն է, որը պետք է մեղմել իրավական ճանապարհով, ինչի շատ լավ օրինակ են օրեր առաջ կայացված դատական վճիռները։
«Ես ճանաչում եմ շատ լրագրողների, ովքեր սահմանափակում են իրենց սոցցանցային ակտիվությունը՝ մտավախություն ունենալով, որ իրենց մասնագիտական գործունեության հետևանքով կարժանանան հայհոյանքների կամ վիրավորական արտահայտությունների։ Այս առումով այս դատական ակտերը շատ արժեքավոր նախադեպ են ստեղծում։ Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն լրագրողի մասնագիտական գործունեության, նրա արած նյութերի որակի, էթիկական նորմերի համապատասխանության մասին, ամեն դեպքում խոսքի ազատության սկզբունքը ենթադրում է, որ պետք է լրագրողները կարողանան իրենց աշխատանքը կատարել անկաշկանդ, առանց վիրավորական արտահայտությունների արժանանալու կամ բռնության սպառնալիքների ենթարկվելու։ Այս նախադեպը բավականին տպավորիչ է և պետք է ձգտել, որ նմանատիպ դեպքեր էլի լինեն»,- ասում է մեդիափորձագետը։
Նրա կարծիքով Ֆեյսբուքում նման բովանդակություն գեներացնող օգտահաշիվները հաճախ ստեղծվում կամ ուղղորդվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից։
«Կայացման փուլում գտնվող հասարակություններում լրագրողները պետք է անընդհատ փորձեն զսպել իշխանության, քաղաքական գործիչների ախորժակը՝ ճնշելու ազատ խոսքը։ Իհարկե, քաղաքացիներն էլ պաշտոնյաներն էլ իրավունք ունեն պաշտպանվել ոչ բարեխիղճ լրագրությունից, եթե կարծում են, որ գործ ունեն այդպիսի հրապարակումների հետ։ Բոլորի համար կան իրենց իրավունքները պաշտպանելու հավասար իրավական ճանապարհներ»,- ասում է Հակոբ Կարապետյանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: